«Ղարաբաղը» ծախո՞ւմ են․ հին թեզի նոր դրսեւորումները

«Ղարաբաղը» ծախո՞ւմ են․ հին թեզի նոր դրսեւորումները

Ներկաների ու նախկինների, այսպես կոչված, մշտնջենական դիսկուրսի թեմաներից մեկը, եթե չասենք՝ գլխավորը, «Ղարաբաղը» ծախելու մասին քաղաքական փոխհրաձգություններն են։ Դրանց աշխարհագ-րությունն ու արմատները, ըստ էության, առավել ընդարձակ ու մետաստազային են՝ կարմիր թելի պես անցնելով 88-յան շարժումից եւ հասնելով մինչեւ մեր օրերը։

Խաղաղության հասնելու համար ԱՄՆ-ն պետք է համոզի Ուկրաինային՝ ընդունել տարածքի մի մասի կորուստը՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց։ Այս մասին The Atlantic ամսագրի իր հոդվածում գրել է Պենտագոնի եւ ԱՄՆ Սենատի պաշտպանական քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Մարիո Լոյոլան։ «ԱՄՆ-ն պետք է Ուկրաինային հուշի՝ տարածք վաճառել ռուսներին՝ մեծ գումարի դիմաց, ներառյալ փոխհատուցումները»,- գրել է նա՝ հավելելով, որ շատ հակամարտություններ «լուծվել են այսկերպ»։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հանրաքվեներ անցկացվեցին Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների այն հատվածներում, որոնք վերահսկվում էին ռուսական զորքերի կողմից, ինչպես նաեւ՝ ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում։ Այս չորս տարածաշրջանների բնակիչների մեծ մասը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին:

Պենտագոնի նախկին խորհրդականի պնդումը, թե բազմաթիվ հակամարտություններ լուծվել են տարածքների կորստի դիմաց ֆինանսական փոխհատուցման մեթոդաբանությամբ, որոշակի մտահոգություններ ու հարցեր է առաջացնում գլոբալ իմաստով։

Հավանաբար կհիշեք, որ համացանցում շրջանառվում էր Սերժ Սարգսյանի եւ Լուկաշենկոյի հայտնի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Բելառուսի նախագահը ՀՀ այն ժամանակվա նախագահին հորդորում էր 5 միլիարդ դոլարի դիմաց հրաժարվել արցախյան հողերից, ինչին մեր երկրի ղեկավարը հակադարձեց, թե ինքը 6 միլիարդ է առաջարկում, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։

«Ղարաբաղը» ծախելու մասին խոսակցությունները շարունակվեցին ու հասան մինչեւ 2018 թ․ հայտնի իրադարձությունները, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որի քննադատական ու մեղադրական խոսույթի գլխավոր թեմաներից մեկն էլ այդ հարցն էր։ Ինչեւէ, նա խոստացավ, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ինքը սկսելու է իր սեփական՝ զրո կետից (զրո-ն դարձավ բացասական կլիշե, ցավոք)։ Դրանից հետո էլ նախընտրական ու քաղաքական բանավեճերի առանցքում ԼՂ-ն ծախել-չծախելու թեման էր։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ ռազմական գործողությունները սկսվելուց 2 ամիս առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաճառել է իր հողատարածքները Ջրականում՝ ամբողջ բերքով: Հետո դրանք հերքվեցին, բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց։

«Ղարաբաղը» ծախելու մասին թեզերը նորից ակտիվորեն հրապարակ նետվեցին Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումից հետո։ Բռնի տեղահանվածների ֆինանսական աջակցության ու բնակարանային փոխհատուցման գործընթացն առայսօր շարունակվում է, իսկ այդ առթիվ ենթադրությունները վերստին բերում են հողերը վաճառելու մասին խոսակցություններին։ Նույն դիսկուրսը ծավալվեց նաեւ այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները, ըստ էության, հորդորեցին Ստեփանակերտին՝ ուղիղ բանակցել Բաքվի հետ։ Իսկ այս շաբաթ Մոսկվայում կայացած Լավրով-Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, թե Մոսկվան ողջունում է այդ երկխոսությունը՝ նշելով, որ դրանով շահագրգռված է նաեւ պաշտոնական Երեւանը։ 

Պաշտոնական շփումների այս ձեւաչափն Ադրբեջանը որակեց որպես վերաինտեգրման գործընթացի բաղադրիչ, իսկ Արցախում հերքեցին նման ընկալումն ու հեռանկարը։ Ալիեւնը, իհարկե, սպառնաց, որ ԼՂ-ն «դատապարտված» է գոյատեւելու Ադրբեջանի կազմում, այլապես հարցը կտեղափոխվի այլ դաշտ (մարտի դաշտ): 

Իրականում գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր պատերազմները, հակամարտությունները, զինված հեղաշրջումներն ու այդ բնույթի տարբեր իրադարձությունները նաեւ տնտեսական առճակատումներ են, եւ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արցախի պարագայում չպետք է մոռանալ մեծ խաղացողների մեծ ախորժակի ու մեծ դավադրությունների մասին՝ հատկապես ի հաշիվ փոքր ու խեղճացած պետությունների։

Արա Ալոյան