Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

1999թ. հոկտեմբերի 27-ը՝ իր ողբերգականությամբ ու քստմնելիությամբ, եղավ մեր անկախության առաջին 10-ամյակի ամենամռայլ ու ամենահանելուկային օրը: Այդ օրվա մասին դեռեւս կգրվեն բազմաթիվ հատորներ, կկատարվեն տարաբնույթ հետազոտություններ ու կարվեն համապատասխան եզրակացություններ: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Եթե անգամ բացատրություններ էլ գտնվեն, այդուհանդերձ, ոչ ոք չի կարող գտնել այն հարցի իրական պատասխանը, թե ինչպես է պատահում, որ մեր պետականության թիկունքը դաշունահարվում է հենց հայի ձեռքով՝ պատմության մեջ այս էլ որերորդ անգամ: Տականքությունը գեներո՞վ է հասել մեր օրերը, թե՞ ձեռք է բերվել այլոց հետ միախառնումից:

1999 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներն արտաքնապես թվում էին խաղաղ: Այդ փուլում դու դարձար Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական դեմքը: Մինչ այդ էլ դու ե՛ւ «համակարգ» էիր, ե՛ւ այդ համակարգի ինքնիշխան կառավարիչ: Քո ղեկավարած պաշտպանության նախարարությունը պետություն էր՝ պետության մեջ: Դու քո ձեռքի տակ ունեիր ոչ միայն բանակ, այլեւ առանձին ոստիկանություն ու դատախազություն, պաշտպանության համար նախատեսված բյուջետային ու ոչ բյուջետային ֆինանսական միջոցներ, մամուլ ու հեռուստատեսություն, պաշտպանության սեփական դոկտրինդ պաշտպանող օրենսդիր մեծամասնություն եւ, իհարկե, համախոհ կառավարություն ու այս ամենի թիկունքին կանգնած հասարակական հզոր կազմակերպություն՝ ԵԿՄ-ն, որին անդամագրված էին պատերազմի բովով անցած գրեթե բոլոր մարտիկները: 1998-1999 թվերին դու հայ իրականության Նապոլեոնն էիր: Ոչ միայն գործադիր ամենատարբեր մակարդակների պաշտոնների, այլեւ օրենսդիր մարմնի ձեւավորման գործում բացառիկ նշանակություն ուներ քո կարծիքը:

Ընդ որում, եթե անգամ դո՛ւ չէիր դրա խրախուսողը, միեւնույն է, մարդիկ բոլոր հարցերով փորձում էին ստանալ քո համաձայնությունը: Եվ քանի որ ցանկացողները միշտ ավելի շատ են լինում, քան հնարավոր տեղերը, ապա անգոհներն էլ, բնականաբար, ավելի շատ են լինում, քան գոհունակները: Քաղաքական գրեթե բոլոր ուժերն ունեին ներքին չբավարարված նկրտումներ: Նույն տրամաբանությամբ էլ քեզանից քողարկված դժգոհություն ունեին բանակի այն ներկայացուցիչները, ովքեր համոզված էին, որ հենց քեզնից է կախված իրենց աստիճանակարգային «ուշացած» առաջընթացը: Իսկ այդ ո՞ր զինվորականը չէր շտապում դառնալ մայոր, գնդապետ ու գեներալ: Երբ դու դարձար վարչապետ, շատ զինվորականներ տրտնջում էին, որ դու իրենց թողեցիր «անտեր»: Ո՞վ կարող էր երաշխավորել, որ պաշտպանության նոր նախարարը, լինելով կադրային սպա, ճիշտ կգնահատեր իրենց անցած ուղին, հատկապես նրանց, ովքեր զինվորական կրթություն չունեին, բայց հավակնում էին բարձր կոչումների ու դիրքի:

Անկախ քո ընկերները լինելու հրապարակային հավաստիացումներից՝ քեզանից նեղացած էր ՀՀՇ-ական իշխանության գրեթե ողջ վերնախավը, որը մոռանալ չէր կարողանում, որ հենց քո՛ գլխավորությամբ իրենք զրկվեցին իշխանությունից:

Եվ վերջապես, որքան էլ ակնհայտ էր իշխանությունը միասին վերցնելու եւ երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը միասին ստանձնելու հանգամանքը, միեւնույն է, անհնարին է, որ հակասություններ չլինեին քո եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Մի կողմից, որպես մարդ, նա չէր կարող չխանդել, որ դու եւ Կարեն Դեմիրճյանը ստեղծել էիք հզոր մի դաշինք, առանց որի ինքը ոչ մի ինքնուրույն քայլ չէր կարող անել: Մյուս կողմից, նա չէր կարող չհասկանալ, որ քաղաքական գործընթացների հաջորդ խաչմերուկում սահուն կերպով կարող էր դուրս մղվել ասպարեզից:

Նեղացածների ու քեզ հետ հակասություն ունեցողների բանակն այսքանով չէր սահմանափակվում: Նշանակվելով վարչապետ՝ դու ձեռնարկեցիր ստվերային տնտեսության բացահայտմանն ու պետական բյուջեի համալրմանն ուղղված քայլեր, որն ամենացավոտներից մեկն էր: Նոր ժամանակներում հարստացածները ունեցվածքի տեր էին դարձել առաջին դեմքերի, այդ թվում եւ քո՝ եթե ոչ աջակցությամբ, ապա գոնե համաձայնությամբ: Սակայն այդուհետ, հարկային դաշտ բերելու ցանկությամբ, դու սկսում էիր փակել նրանց հարստության «ջրհորդանները»: Առաջին հայացքից գուցե անըմբռնելի թվա, բայց որպես վարչապետ պայքարելով կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ՝ դու դուրս եկար հին ու նոր ողջ վերնախավի, այդ թվում եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի դեմ: Տարիների հեռվից ավելի պարզ է դառնում, որ չնայած քո ամենահաս ու հզոր լինելու համբավին, դու, այնուամենայնիվ, Հայաստանի «ամենամիայնակ» պետական գործիչն էիր, որովհետեւ քո շուրջը մեղվի պես պտտվող պարսում քչերը կային, որ չունեին անձնական ակնկալիքներ: Դա ուզվորների հսկայական բանակ էր, որի շրջապատում գլխապտույտ չունենալու համար, պետք էր մեռնել ու հարություն առնել՝ յուրաքանչյուրի ճշմարիտ կերպարը բացահայտելու համար:

Իսկ դու, որքան էլ անհատականություն, այդուհանդերձ, մահկանացու էիր՝ բոլորովին էլ ոչ առանց մոլորությունների: Բնականաբար, դու չէիր կարող իշխանությունը չսիրել այնքան, որ կողքիդ չունենայիր նաեւ շողոքորթներ ու զանազան ծառայություններ մատուցելու պատրաստ արկածախնդիրներ: Սակայն անժխտելի է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանն էականորեն տարբերվում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից: Այժմ բոլորը ստիպված էին անտրտունջ հաշվի նստել այն փաստի հետ, որ Հայաստանում ինչ-որ բան, շատ կարեւոր բան է փոխվել: Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ լինելով քո շրջապատում, հույս էին տածել դառնալ նախարար, դատախազ, գեներալ ու բարձրաստիճան ղեկավար, չստանալով ակնկալածը, արտաքնապես ընդունելով կեցվածք, թե իբր ոչինչ չի պատահել, ընդամենը պահածոյացնում էին սեփական կարիերիզմը՝ մի օր հրաբխի պես դուրս ժայթքեցնելու թաքուն հույսով ու պայմանով: Նրանք միշտ պատրաստ էին ըմբոստանալու իրենց ճանապարհը փակելու ցանկություն ունեցողի դեմ, որը տվյալ դեպքում, նրանց պատկերացմամբ, դո՛ւ էիր:

Գուցե մի քիչ խտացրի գույները, բայց այդպիսի վարչապետը վերոհիշյալ ուժերի ու անհատների միջավայրում հարուցում էր վախ ու խորհրդավորություն, իսկ հասարակ ժողովրդի մեջ՝ ահագնացող սեր ու վստահություն: Ահա ինչու, քո եւ Կարեն Դեմիրճյանի մահը հենց ժողովրդի համար եղավ ամենամեծ ցավը՝ իբրեւ հույսի անվերադարձ կորուստ: Եվ, այդուհանդերձ, այս ամենը նշանակո՞ւմ էր, արդյոք, որ քեզնից վախեցողները, դժգոհներն ու վիրավորվածները կարող էին կազմակերպել հոկտեմբերի 27 կամ լինել դրա մասնակիցը: 

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ