Աբովյանի քաղաքապետարանը կարող է բյուջեն խնայել, Հայկ Մարությանը՝ ո՞չ

Աբովյանի քաղաքապետարանը կարող է բյուջեն խնայել, Հայկ Մարությանը՝ ո՞չ

Աբովյանի քաղաքապետարանն օրերս 2 նոր աղբատար մեքենա է ձեռք բերել եւ 150 հատ նոր աղբաման։ Այս ամենը ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ գումարի 60 տոկոսը համայնքն է տրամադրել, 40-ը՝ կառավարությունը։ Ուշագրավ է, որ Աբովյանի քաղաքապետարանը, ի տարբերություն Երեւանի քաղաքապետարանի, ձեռք է բերել ոչ թե ռուսական «ԿամԱԶ», այլ բելառուսական ՄԱԶ մակնիշի աղբատարներ՝ երկու մեքենայի համար միասին վճարելով 54 մլն 600 հազար դրամ գումար։ Մեքենաներից մեկն արժեցել է 28 մլն 750 հազար, մյուսը՝ 25 մլն 850 հազար դրամ։ Ընդ որում՝ գնումը կատարվել է նախապես հայտարարված մրցույթով, որին մասնակցել է երեք ընկերություն, բայց հաղթել է «Գալոպեր» ՍՊԸ-ն, որն ամենացածր գնառաջարկն է արել նույն պարամետրերով տեխնիկայի դեպքում։

Ինչո՞ւ սա գրավեց մեր ուշադրությունը։ Ամիսներ շարունակ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի համառ ջանքերով, ամեն ինչ անում է, որ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով ռուսական «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ գնի, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան այս ՄԱԶ-երը։ Մասնավորապես, նույն տարողությամբ (16 խմ ծավալով) աղբատար «ԿամԱԶ»-ը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել էին 42 մլն դրամով, իսկ նույն «Գալոպեր» ՍՊԸ-ն համարժեք պարամետրերով ՄԱԶ-ն առաջարկում էր 10-15 մլն դրամ ցածր արժեքով, ինչպես Աբովյանի դեպքում է՝ 25-28 մլն դրամ։

Բայց Հայկ Մարությանը որոշել էր պարտադիր գնել ամենաթանկը, որովհետեւ, ըստ որոշ խոսակցությունների ու ենթադրությունների, ինքն ու իր մտերիմ ընկեր Արտաչոկը՝ ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը, որոշակի բիզնես շահեր ունեին «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում։ Դրա համար էլ Երեւանի քաղաքապետարանը մրցույթը «կարեց» հատուկ «ԿամԱԶ»-ի «հագով», որ այլ մակնիշի մեքենաներ ներկրող ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին ու հաղթել՝ տապալելով իրենց բիզնես-պլանները։ Առաջին փորձը հաջողվեց, երկրորդ խմբաքանակի ձեռքբերման ժամանակ, երբ նորից նույն խաղն էին խաղացել, «Գալոպեր» ՍՊԸ-ն բողոքարկել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի չափանիշները, ինչը բավարարվել էր, արդյունքում գործը հասել էր դատարան։ Տեսնելով, որ դատական պրոցեսի պատճառով բաղձալի «ԿամԱԶ»-ների ձեռքբերումը ձգձգվում է, Հայկ Մարությանը դիմեց կառավարությանը՝ խնդրելով թույլ տալ շրջանցել իրենց թույլ տված խախտումն ու աղբատար մեքենաները ձեռք բերել մեկ անձից գնմամբ՝ առանց բաց մրցույթի։ Եվ մենք տեսանք, թե ինչպես Երեւանի քաղաքապետարանն ամեն հատի մեջ 10-15 մլն դրամ բարձր արժեքով ձեռք բերեց ռուսական ոչ այդքան որակյալ «ԿամԱԶ»-ները։

Ու դրա կողքին այսօր Աբովյանի քաղաքապետարանը ձեռք է բերում նույնատիպ մեքենա՝ արդեն ՄԱԶ մակնիշի եւ շատ ավելի ցածր արժեքով՝ խնայելով քաղաքի բյուջեն։ Կարո՞ղ էր Երեւանի քաղաքապետարանն էլ օրինական մրցույթ հայտարարել եւ ձեռք բերել ավելի էժան տեխնիկա՝ նույն պարամետրերով, ու դրանով խնայել բյուջեն։ Բնականաբար, կարող էր, բայց Հայկ Մարությանին դա ձեռք չէր տալիս․ ինքը տոնածառի եւ միջոցառումների կազմակերպման նման՝ որոշել է ամեն ինչ ձեռք բերել առանց մրցույթի՝ մեկ անձից, ամենաթանկ գներով ու ոչ այդքան բարձրորակ։ Իսկ կարո՞ղ էր դատախազությունն այստեղ կոռուպցիոն ռիսկ տեսնել, ատկատի կամ գործարքից «լեւի» փող աշխատելու դրսեւորումներ նկատել։ Իհարկե, կարող էր։ Բայց չտեսավ, քանի որ Նիկոլ Փաշինյանին «հանձնված» ու անձնվիրաբար ծառայող «անկախ» դատախազ Արթուր Դավթյանը նման հանձնարարություն չուներ Փաշինյանից։ Սակայն, վստահաբար, երբ որոշվի Հայկ Մարությանին որեւէ հարցով պատժել, Դավթյանն առնվազն այս «ԿամԱԶ»-ների գնումով կկարողանա համապատասխան գործ հարուցել Մարությանի ու նրա կառույցի դեմ։

Ի դեպ, Աբովյանի քաղաքապետարանը Երեւանի քաղաքապետարանի համեմատ ավելի ցածր արժեքով է ձեռք բերել նաեւ 150 միավոր աղբամանը։