Զարմանալի գներ. ի՞նչ արժե Ամանորը Ծաղկաձորում

Զարմանալի գներ. ի՞նչ արժե Ամանորը Ծաղկաձորում

«Հրապարակը» Ծաղկաձորում գտնվող մի քանի հյուրանոցներից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսում անցկացնել Ամանորին և ինչպիսի՞ն են սահմանված գները: Գրեթե բոլոր հյուրանոցներից մեզ տեղեկացրին, որ ամանորյա տոների համար նախատեսված ազատ տեղեր այլևս չկան: Ազատ մնացած համարները միայն նախատեսված են 4 հոգու համար: Եվ այսպես՝

«Ռոսիա» հյուրանոց

Մեկ անձի համար նախատեսված ամանորյա հանգիստն արժե 950 հազար դրամ: Այն ներառում է երեքանգամյա սնունդ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է չորս անձի համար, արժե 1 միլիոն 350 հազար դրամ:

«Մուլտի ռեստ հաուս»

Այստեղ մեկ անձի արժեքը սկսվում է 930 հազար դրամից, ներառյալ երեքանգամյա սնունդ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է չորս անձի համար, արժե 1 միլիոն 600 հազար դրամ:

«Մարիոթ»

«Մարիոթում» երկրում առկա սողացող պատերազմով պայմանավորված այս տարի տոնական միջոցառումներ չեն լինի: «Հրապարակի» հետ զրույցում ասացին «Ծաղկաձոր Մարիոթից»: Այստեղ մեկ անձի համար նախատեսված հանգիստն ամանորյա օրերին արժե 1 միլիոն 100 հազար դրամ: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է 4 անձի համար, «Մարիոթում» արժե 2 միլիոն 800 հազար դրամ: Ներառված է երեքանգամյա սնունդ:

Տավուշի մարզում գործող հյուրանոցային համալիրներում գներն անհամեմատ ավելի մատչելի են: Դիլիջանում գործող «ԲԵՍԹ ՎԵՍՏԵՐՆ ՓԼԱՍ ՓԱՐԱԴԱՅՍ ՀՈԹԵԼ ԴԻԼԻՋԱՆ» հյուրանոցային համալիրից մեզ տեղեկացրին, որ ամանորյա օրերի համար մեկ անձի համար նախատեսված տարբերակ հյուրանոցը չի ունենում: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածի համար, արժե 600-ից 800 հազար դրամ, ներառյալ երեքանգամյա սնունդ:

Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթում» ևս գներն անհամեմատ մատչելի են: Այստեղ ընտանեկան փաթեթներ չեն գործում, իսկ ահա մեկ անձի արժեքը սկսում է 45 հազար դրամից: Հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ազատ տեղեր չկան: