Ծրագրում նշված այդ 600 երեխաները թող բնակվեն իրենց համայնքում և այնտեղ լավը պետք է դարձնել նրանց կյանքը

Ծրագրում նշված այդ 600 երեխաները թող բնակվեն իրենց համայնքում և այնտեղ լավը պետք է դարձնել նրանց կյանքը

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ, Սուսաննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հայկական Կարիտասի գործունեությունը (հատկապես Շիրակի մարզում)՝ ուղղված հաստատություններից երեխաների դուրս բերմանն ու իր համայնք և ընտանիք վերադարձնելուն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծառայությունների տրամադրմանն և մարզում ներառական կրթության փորձի զարգացմանը, անշուշտ, շատ լավ հայտնի է բոլորիս: Իսկապես դա նորից ներկայացնելու կարիք չկա: Եվ հենց այս առումով էլ շատ զարմանալի է, որ նման ծրագիր նախաձեռնել է Կարիտասը: 
Այսօրվա հայտարարության տեքստում ակնկալում էի տեսնել առաջակվող այնպիսի փոփոխություն, որ ուղղված էր լինելու, գոնե մեկ մարզի (թեկուզև Արարատի մարզում) բոլոր համայնքներին, որպեսզի այդ համայնքներում բնակվող յուրաքանչյուր երեխայի համար՝ այդ թվում աղքատ և կամ հաշմանդամություն ունեցող, ներառական և երեխակենտրոն դարձվեր համայնքի դպրոցն ու մանկապարտեզը, փողոցները, հասանելի լինեին սոցիալական, կրթական և առողջապահական ծառայությունները և, ի վերջո, այդ մարզի բնակիչները ստանային հնարավորություն՝ հաղթահարելու աղքատության հետրանքերը, որից առաջինը կշահեին երեխաները: Իմ կարծիքով ծրագրի համար նախատեսված բյուջեն բավականին մեծ է, որպեսզի էական կյանքի որակի փոփոխություն բերի որևէ մեկ մարզի բոլոր աղքատ ընտանիքների ու նրանցում ապրող երեխաների համար և հնարավորություններ ստեղծի արժանապատիվ մանկության՝ անկախ այն հանգամանքից երեխան հաշմանդամություն ունի, թե ոչ: 
Սակայն, այսօրվա հայտարարության տեքստում դա չկար: Չգիտեմ թե ինչու՞ է այդպես ենթադրվել, որ ծրագրի վերնագիրն է մարդկանց մոտ սխալ պատկերացում ստեղծել: Բնավ ո՛չ: Անկախ այն բանից թե հողակտորը որտեղ է գտնվում, նույնիսկ եթե դա հողակտոր է Երևանի մեջ, խոսքը կոնկրետ սոցիալական խմբի պատկանող երեխաներին և ընտանիքներին մեկտեղելն է մեկ բնակավայրում: Այստեղ է խնդիրը: Ծրագրում նշված այդ 600 երեխաները թող բնակվեն իրենց համայնքում և այնտեղ լավը պետք է դարձնել նրանց կյանքը և հնարավորություն ստեղծել բոլորի հետ միասին զարգանալ, կրթություն ստանալ, աշխատանք ունենալ և անկախ ապրել: Ներառականության և կամ մարդու իրավունքների հետ հակասությունը բովանդակության մեջ է, այլ ոչ թե որքան ՛ներառկան՛ է այդ հողատարածքը՝ մի մասով կցված մի գյուղի, իսկ մյուս մասով մեկ այլ գյուղի: Ես վստահ եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում, վերջապես հանգիստ կթողնվի հողատարածքի աշխարհագրությունը և ջանքերը կուղղվեն իր գյուղում, քաղաքում բնակվող (կամ հաստատությունից նորից իր ընտանիք ու համայնք վերադարձած) սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող և կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար արժանապատիվ և ներառական մանկություն ունենալու հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս գաղափարի շուրջ եղել ենք գործընկերներ և պատրաստակամ ենք մնալ գործընկեր»: