Դուրսպրծուկների՞ ժամանակը

Դուրսպրծուկների՞ ժամանակը

Երեսուն տարի առաջվա այս օրը շոգ էր: Ընդհանրական ասեմ՝ քվեարկվում էր անկախության Հռչակագիրը: Եթե անկեղծ՝ ապա Լեռնային Ղարաբաղից Գերագույն խորհրդի պատգամավորական մեր խումբն ըստ էության չգիտեր՝ ինչ եւ ինչու է ընդունվում: Պրովինցիալների մեր ականջին խորթ էր հնչում «անկախություն» բառը, եւ մենք հասու չէինք քաղաքական օրինաչափությանը, որ «центр мертв, и никакая реанимиация его не поможет»- դա մեկ տարի անց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի ձեւակերպեր: Այդ ընթացքը՝ որ մենք անկախ երկիր եւ արժանապատիվ ազգ ենք, ցավալիորեն խզվեց:

Եւ առայսօր եզրերն իրար չեն գալիս: Երկու տասնամյակ մեզ անընդմեջ հեռացրել են օգոստոսի 23-ից: Այսօր էլ հեռացնում են: Սկզբին, մեկնակետին վերադառնալու փոխարեն մեզ դնում են անհատական-փրկչական առաքելությանը հպատակության տակ: Մինչդեռ ամեն ինչ այնքա՜ն պարզ էր: Օգոստոսի 23-ը մեր նոր ժամանակի մեկնակետն է: Եթե պաշտամունք ունենք եւ 4000 տարվա հեռվում Բելի դեմ Հայկի հաղթանակն ազգային ինքնության կերպավորում ենք ներկայացնում, բայց 30 տարվա ներկան չենք գնահատում, ուրեմն ազգ չենք, եւ մեր ժամանակը դուրսպրծուկների է: Ոչնչությունների: Որ պատերազմի մի օր ինչ-որ տեղ եղել-չեն եղել, բայց կամուֆլյաժ հագած էին եւ հասցրել են նկարվել: Իսկ գյուղի հարեւանս, որ խորհրդային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ թուրքի Բալաջարի զորահավաքային կենտրոնում, նրան անպիտանի է ճանաչել, ղարաբաղյան պատերազմի երեք տարին խրամատներում է անցկացրել եւ հիմա ընդամենը 40 000 դրամ թոշակ է ստանում: Եւ ուրախ է, քանի որ ուրիշները զոհվել են, ինքը կա: Թոռան անվանակոչության օրով գառ է մորթում եւ նկուղում պահած միշտ մեկուկես լիտր մոռի տնաքաշ արաղ ունի: Եւ չգիտի, որ Հայկը հաղթել է Բելին:

Օգոստոսի 23-ը նրա համար սովորական օր է: Սարերում մառախուղ է: Շնագայլերը վրա կտան՝ գառները կփախցնեն: Արեւ չկա, լոլիկը չի կարմրի: Լոբին կմնա կիսահաս: Քաղաքական դուրսպրծուկները մանրադիտակի տակ նրա կյանքն են դնում: Մի բաժակ արաղը: Նախաճաշի  երկու թերխաշ ձուն: Պատերազմը, որ անցել է, եւ բոլորին ու ամեն ինչ գիտի: Միայն թե պատմել չի սիրում: 30 տարի առաջ Երեւանում ահավոր շոգ էր: Մեծ քաղաքական ընթացքը մեզ հրավիրում էր մասնակից լինենք, մենք պրովինցիալի համառությամբ «միացում» էինք ուզում՝ այստեղ, այժմ, հիմա: Սկսվում էր դուրսպրծուկների ժամանակը, որ դեռ տեւում է: Գյուղի հարեւանիս հետ կեսլիտրանոց տնաքաշը դնենք՝ ճշմարտությունն ասի…