Ի՞նչ ասես նրան, ով իշխանության մոտ միավորներ հավաքելու համար Արցախի դրոշն է հանում

Ի՞նչ ասես նրան, ով իշխանության մոտ միավորներ հավաքելու համար Արցախի դրոշն է հանում

Երկու օր առաջ տեղի ունեցավ ընդդիմության՝ «Պատիվ ունեմ» խմբակցության եւ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի։ Հանրահավաքի մասնակիցները Մատենադարանից նախ քայլերթ իրականացրին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ բուն հանրահավաքը։ Հանրահավաքում ելույթ ունեցան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։  

Նրանք նշեցին, որ հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցները, անկախ գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, պահվող այլ անձանց, ազատազրկման դատապարտվածներին, զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ եղած դիրքերից: Սակայն հանրահավաքի ընթացքում չներկայացվեցին հետագա անելիքներն ու գործողությունները, միայն խոստացան հաղթական ավարտին հասցնել պայքարը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ այլ գործողություններ չեն պլանավորում. «Բայց լիքը անելիքներ կան՝ երկիրն ազատել Հայաստանն օր-օրի սպառող, մաշող վարչախմբից»։

- Շատերը բողոքում էին, որ հիմա է պահը, պետք է գնալ վճռական քայլերի եւ չթողնել հետո-ին։ Նաեւ նշում էին, որ կրկնում եք Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը եւ հաղթանակի չեք հասնի, նոր բան է պետք մտածել։

- Ասենք թե լիքը մարդ կա փողոցում, հո 1917 թիվը չէ՞, որ գնանք փոստն ու հեռագրատունը գրավենք։ Իրենք իրենց ասում են, իրենք իրենց` պատասխանում, ի՞նչն է նման Նիկոլ Փաշինյանի  մարտավարությանը, փողոցային պայքարը 1844 թվից եղել է, հիմա դա Նիկոլ Փաշինյանի գործելաո՞ճն է։ Ոչ մի նոր բան էլ պետք չէ մտածել, ուղղակի հանրային ճնշում է պետք գործադրել, որն արտահայտվում է նաեւ բազմամարդ հավաքներով, երբեմն՝ ակցիաներով, քննարկումներով։

- Հանրահավաքին բավականին շատ մարդ կար, հնարավո՞ր է նման ինտերվալները բացասական ազդեցություն ունենան, եւ պայքարի ոգին մարի։

- Իհարկե՛, չգիտեմ՝ կազդեն, թե չեն ազդի, բայց ամեն գործողություն պետք է ինքնանպատակ չլինի, պիտի լինի նպատակային ու մտածված, պետք է ամեն գործողություն անելուց մտածենք ոչ միայն մեր, այլ նաեւ երկրի մասին։

- Հնարավո՞ր է մարզերում էլ հանրահավաքներ իրականացնեք։

- Եթե արդեն հետեւում եք` մարզերում ակցիաներ եղան, օրինակ, Արտաշատի հրապարակում եւս Արցախի դրոշը տեղադրվեց, նման գործողությունները շարունակական են լինելու։

- Տեղյա՞կ եք, որ դրոշը Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են։

- Դուք ասացիք, նոր իմացա, դե ամո՛թ հեռացնողին, տատս կասեր՝ կոտրվի էդ ձեռքը, որ էդտեղից էդ դրոշը հանել է, ի՞նչ ասես էն մարդուն, որ իշխանությունների մոտ միավորներ հավաքելու համար Արցախի դրոշ է հեռացնում։

- Իշխանափոխության հասնելու պարագայում ո՞վ է լինելու ձեր լիդերը։

- Ով լինի։ Բայց կներեք, մենք էնքան լավատես ենք, որ էս հարցերը լրիվ լուծեցինք, հիմա եկանք նախագահ, վարչապետ, փոխվարչապետի ընտրությա՞ն: Կգա էդ օրը՝ կորոշենք, կկողմնորոշվենք։ Կարեւորը երկիրն այս վիճակից դուրս բերելն է, տեսանք խայտառակությունը` 4 ժամ խոսել է Ալիեւի հետ, հետո ասում է` ես հարմար չգտա խոսել Փառուխից, Արցախի կարգավիճակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործելաոճից: Էս վիճակն ինչքա՞ն հանդուրժենք, որ ասում են` ընդդիմությունը, սա խիստ պայմանական, չակերտավոր է, մենք դասական իմաստով հիմա ընդդիմություն չենք, որ այդ գործելաոճի մեջ մնանք, միասին պիտի հասկանանք, որ սա մեր բոլորի գործն է։