Սխալ հաշվարկներ

Սխալ հաշվարկներ

Անքննելի են այս իշխանությունների գործերը: Նրանք ամեն քայլափոխի արհեստական կոնֆլիկտներ են ստեղծում եւ սկանդալների կիզակետում հայտնվում: Թվում է, թե որքան սուր է կոնֆլիկտային վիճակը, այնքան ավելի լավ են զգում իրենց` էներգիա ստանում, ուժեղանում: Ընդ որում, եթե այդ կոնֆլիկտների մի մասը բխում է իրենց շահերից եւ օգնում է պահել իշխանությունը, ապա մյուս մասի բերած օգուտը, գոնե արտաքուստ, նկատելի չէ` եթե չասենք, որ դրանք ավելի շատ վնասում են իրենց, քան օգնում: Ասենք, օրինակ, դժվար է հասկանալ, թե ինչ հաշվարկ է արել կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու որոշում կայացնողը, գո՞հ է արդյոք իր կայացրած որոշման հետեւանքներից:

Եվ ի՞նչ իմաստ ուներ հինգ տարի շարունակ եկեղեցուն «պատերազմ հայտարարելը»` անհավատի, հերետիկոսի անուն վաստակելը, ավելի հեշտ չէ՞ր լինի համագործակցել այդ նույն եկեղեցու եւ կաթողիկոսի հետ, ով հիմա էլ, կարծում ենք, դեմ չի լինի համագործակցային «հարաբերություններ» հաստատելուն: Կամ` ի՞նչ են շահում հակազգային ու հակահայ կոչվելու տիտղոսին արժանացած այս իշխանությունները, երբ հայտարարում են, որ պետք է փոխել Հայաստանի գերբը, եւ Արագածն ավելի հայկական սար է, քան Արարատը:

Շուրջ կես տարի է՝ ամբողջ հասարակությունը քննարկում է յոթերորդ դասարանի պատմության նոր դասագիրքը: Մարդիկ հարյուրավոր սխալներ վեր հանեցին, ինչ թուքումուր ասես՝ տեղացին հեղինակի, դասագիրքը հաստատողների, ԿԳՄՍ նախարարության հասցեին: Հիմա այդ դասագրքից ստացած «օգո՞ւտն» էր ավելի մեծ, թե՞ վնասը: Գուցե այս քայլերից յուրաքանչյուրն առանձին վերցրած այնքան էլ չի սասանում ռուբիկոնն անցած իշխանությունների դիրքերը: Մանավանդ` ջուրն ընկնողը անձրեւից այլեւս չի վախենում, բայց սխալների քանակը որակ է դառնում: