«Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ

«Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանն ու այլք:

«Ոչ թե կադրային ջարդ, այլ կադրային քաղաքականություն»,- պաշտոնանկություններն այսպես էր մեկնաբանել Բադասյանը՝ հավելելով, որ իր վարած քաղաքականության հիմքում մեկ սկզբունք է ընկած՝ նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր իրենց գործում համապատասխան ներուժ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ տարբեր վարչության ու բաժնի պետերի պաշտոնանկությունների պատճառներից է նաեւ այն, որ վերջիններիս առաջարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ ու պահպանել պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահ Բադասյանը ժպիտով հերքեց. «Մաքսային ու հարկային ծառայողներին դարձնել ՔՊ անդա՞մ… Ծիծաղելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում