Հայկ Մարությանը «պապ չի սպանել»

Հայկ Մարությանը «պապ չի սպանել»

Վարչապետի դդում խորհրդականն օրերս տակառ էր գլորել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի վրա, թե վերջինս իրեն ճիշտ չի պահել արտահերթ ընտրությունների ժամանակ եւ բացահայտ չի աջակցել ՔՊ-ին, այն է՝ Նիկոլին: Վարչապետի վեզիրը նաեւ հիշեցրել էր, որ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստացել է Նիկոլ Փաշինյանից, ապա եւ ակնարկել, որ ՔՊ-ում ուղիներ են փնտրում Հայկ Մարությանից անաղմուկ ազատվելու համար: Արայիկ Հարությունյանի (այդպես է վեզիրի անունը)՝ «Ազատությանը» փոխանցած այս տեղեկությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլը դժգոհ է Երեւանում ստացած ձայների քանակից՝ ընդամենը 41 տոկոս, եւ պատրաստվում է կաղին կոտրել Երեւանի պատասխանատուների գլխին, որոնք էլ իրենց հերթին փորձում են Հայկ Մարությանի գլուխը դեմ տալ Փաշինյանի մուրճիկին: Մարությանը, սակայն, դիմադրում է եւ չի պատրաստվում տեղի տալ վարչապետի աշխատակազմի դդումների առաջ:

Մի՞թե ամեն անգամ, երբ դեգեներատների ֆազերը գցում են, որեւէ պաշտոնյա, այն էլ՝ ընտրովի, պետք է հրաժարական տա: Այս տեսանկյունից ես պաշտպանում եմ Հայկ Մարությանի դիրքորոշումը, թեեւ նրա քաղաքապետական տաղանդով առանձնապես հիացած էլ չեմ: Ինչո՞ւ պետք է Հայկ Մարությանը հրաժարական տա, եթե Շուշին հանձնողը չի տալիս: Ինչո՞ւ պետք է Հայկ Մարությանը հրաժարական տա, եթե ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, շատ ներողություն, սիկտիր արված Արայիկ Հարությունյանը Շուշին հանձնած վարչակազմում խորհրդական է աշխատում: Ինչո՞ւ պետք է Հայկ Մարությանը հրաժարական տա, եթե Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերը նախկիններ են:

Ինչո՞ւ պետք է Երեւանի ընտրություններում հաջողության հասած Հայկ Մարությանը հրաժարական տա, եթե Աբովյանի ընտրությունները տապալած, շատ ներողություն, «պուպուլիկը» կառավարության անդամ է: Եվ, վերջապես, ինչո՞ւ պետք է Հայկ Մարությանը հրաժարական տա, եթե Շուշին հանձնած կապիտուլյանտը, չգիտես ում շնորհիվ, չգիտես ինչ կեղծիքների գնով, շարունակելու է կառչած մնալ վարչապետի աթոռից:

Շատ խոսվեց ասֆալտի մասին եւ փորձ արվեց ասֆալտով լվանալ Փաշինյանի չարածները: Երեւանում, սակայն, Փաշինյանը չէ, որ զբաղվել է ասֆալտի գործով: Փառք Աստծո, վերջին երեք տարում Երեւանում փողոցներ չեն ավերվել: Դրան ավելացնենք նաեւ, որ հունի մեջ է ընկել աղբահանությունը, փողոցները լվացվում են, լավից-վատից՝ նշագծումներ կան, նոր ավտոբուսներ են հայտնվում երթուղիներում, ապօրինի շինություններ են քանդվում, Երեւանն աստիճանաբար ապրելու համար դառնում է ավելի հարմար:

Հայկ Մարությանից ազատվելու հատուկ պատճառ Փաշինյանը, կարծես, չունի էլ, բայց ահա Փաշինյանի դդում վեզիրը «վիզ է դրել» այդ հրաժարականին հասնելու համար: Թե բա՝ Մարությանն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրեն ճիշտ չի պահել, այդ պատճառով էլ ՔՊ-ն Երեւանում քիչ ձայն է ստացել: Իսկ ի՞նչ պետք է աներ Հայկ Մարությանը ընտրությունների ժամանակ, եթե մինչ այդ ՔՊ-կառավարությունը տապալել էր ամեն ինչ՝ սկսած ամենահասարակ խոստումներից եւ վերջացրած ամենաբարդերով: Կառավարության շենքից դուրս՝ Երեւանի ամեն անկյունում Նիկոլ են քրֆում՝ Հայկ Մարությանն ի՞նչ պետք է աներ այս իրավիճակում, որ չի արել:

ՔՊ-ն ուղիներ է որոնում Հայկ Մարությանից անաղմուկ ազատվելու համար: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու: Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի կողմից հալածվող յուրաքանչյուր ոք անմիջապես հերոսացվում է այսօր: Հայկ Մարությանն էլ բացառություն չի կազմի, եթե, իհարկե, փորձ արվի նրան պաշտոնանկ անել Երեւանի հաջորդ ընտրություններից մեկ օր շուտ:

Ընտրակեղծիքների շնորհիվ իշխանությունը պահած ՔՊ-ն, առհասարակ, որեւէ բան անաղմուկ գլուխ բերելու շանս այլեւս չունի: Ինչ անեն՝ շուռ է գալու իրենց դեմ: Խայտառակ ընտրությունների արդյունքում ստացած «պողպատե մանդատն» էլ, ինչով սիրում է հպարտանալ Փաշինյան Նիկոլը, ավելի շուտ խոչընդոտ է, քան գործիք հետագա կամայականությունների համար: