Վարչապետը եկավ, ուժային կառույցները մեր ճանապարհը փակեցին, որ չկարողանանք հանդիպել` մեր խնդիրը բարձրաձայնել

Վարչապետը եկավ, ուժային կառույցները մեր ճանապարհը փակեցին, որ չկարողանանք հանդիպել` մեր խնդիրը բարձրաձայնել

Գեղարքունիքի բնակիչներ Կարեն Սարիբեկյանը, Դերենիկ Վարդանյանը եւ լիբանանահայ Տիգրան Եղոյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու եւ Մարտունու համայնքապետարանի` Գեղհովիտ բնակավայրի Ծաղկաշեն վայրում գտնվող 250,41984 հա, 348,43491 հա եւ 210,25877 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրելու պայմանագրերը լուծելու՝ պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վերահասցեագրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանին: Կարեն Սարիբեկյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ առանց իրենց տեղյակ պահելու, ոչ մի իրավական հիմնավորում չտալով, Մարտունու համայնքապետն ու մարզպետն իրենց պայմանագրերն առոչինչ են ճանաչել. «2022 թվականին մտնում ենք մարզպետի մոտ եւ ասում, որ տարածք է պետք՝ ոչխարները շատացնելու համար: Մարզպետն ասում է, որ ձեր պայմանագրերը կուսումնասիրենք: Ես պայմանագրի պատճենը տալիս եմ մարզպետին, որից հետո մարզպետն ասում է. «Եթե դուք համարձակվեք ոչխար գնել, ինձ հետ խնդիր կունենաք»: Ասում եմ` շատ բարի, կարո՞ղ եք հիմնավորել, թե ինչի համար մենք խնդիր կունենանք: Դրանից հետո մարզպետն ասաց, որ իր ներկայացուցչին կուղարկի՝ տարածքը տեսնեն, մենք էլ մեր պլանները ներկայացրինք: Եկան, նայեցին, ասացին, որ ուզում են նաեւ գոմեշներին տեսնել: Ասացինք՝ խնդիր չկա, արոտավայրում են, գնանք տեսնենք: Ճանապարհին մի խումբ անձինք մեր դեմը կտրում են, այդ թվում ՝ Աստղաձոր վարչական շրջանի աշխատակազմը, մեզ ասում են` դուք արաբ եք, թուրք եք, էս տարածքները մերն են, դուք իրավունք չունեք այստեղ անասուն պահել: Վիճաբանություն, ծեծկռտուք սկսվեց, զանգ տվեցինք ոստիկանություն: Քննչականում ընկերոջս ճանաչեցին տուժող, բայց պետք է երկուսիս ճանաչեին, ու գնացինք, ցուցմունք տվեցինք: Բայց մինչ օրս գործն առաջ չի գնում: Մինչեւ ուշ աշուն մենք մեր տեղում ենք եղել, եւ որեւէ խնդիր չի եղել: Այս տարի բարձրացանք, տարածքը բարեկարգեցինք, տեսնում ենք, որ մարդիկ են բարձրանում եւ ասում են, որ տարածքը վարձակալել են: Ըստ պայմանագրի՝ մենք 3 տարվա վճար ենք կատարել: Գնացինք խոշորացված Մարտունու համայնքի ղեկավարի մոտ եւ ներկայացրինք, որ ունենք 3 տարվա պայմանագիր, իսկ այսօր մեր տարածքն ունի նոր վարձակալներ: Հովեյանն ասաց. «Այո, այդ խնդիրը կա, էդ խնդիրը ես եմ կազմակերպել, քանի որ ես մարզպետի հետ, բանավոր կարգով ձեր պայմանագրերն առոչինչ եմ ճանաչել»: Հարցրինք՝ առանց մեզ տեղյակ պահելու ո՞նց եք պայմանագիրն առոչինչ ճանաչել: Հովեյանը մեզ ուղղորդեց դեպի գյուղբաժնի պետը: Նա էլ իր հերթին ասաց, որ գրավոր գրենք՝ կպատասխանեն: Հուլիս ամսին երկրորդ բախումը եղավ մեր եւ գյուղացիների միջեւ: Այս անգամ նախապես էինք զանգահարել ոստիկանություն, քանի որ սրանց ճանաչելով՝ գիտենք, թե ինչի են ընդունակ, ամեն գնով փորձում են տարածքը մեր ձեռքից վերցնել»:

Լիբանանահայ Տիգրան Եղոյանը 2013 թվականից Եղեգնաձորի Շատին համայնքից սկսել է գյուղատնտեսությամբ զբաղվել եւ որեւիցե խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ. «Այս իրավիճակը, որ ստեղծվել է մեր դեմ, փաստերով մենք կարող ենք այդ բոլորը ներկայացնել: Ունեցել ենք 470 գլուխ ոչխար, հիմա մնացել է 260 գլուխ, մոտ 400-ից ավելի գառների կորուստ ունենք, հիմա օգոստոս ամիսն է, անասունները գտնվում են 1000 մետր բարձրության վրա, իսկ մանր եղջերավոր անասունների համար խիստ հակացուցված է այդ կլիման: Ձմեռվա պես խոտ ենք գնում եւ պահում ոչխարներին: Հիմա մնացել է 12 գոմեշ, 2 անգամ իմ գործընկերներով մտել ենք մարզպետի մոտ, ինքն ասում է. «Գնացեք ձեր երկիրը, եթե ձեզ ձեռք չի տալիս»: Չեմ կարողանում ասվածին գնահատական տալ, ես ոչ մի բան չեմ ափսոսում, ուղղակի մեր դառը տառապանքը, եւ այսօր այդ խեղճ կենդանիները սպանդի են ենթարկվում: Վարչապետը Մարտունի եկավ, ուժային կառույցները մեր ճանապարհը փակեցին, որ չկարողանանք հանդիպել վարչապետին եւ մեր խնդիրը բարձրաձայնել»։

Զրուցեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Գեղհովիտ համայնքի նախկին ղեկավար Վարդան Պողոսյանի հետ: Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը նախ բորբոքվեց մեր հարցերից, ասաց, որ այդ մարդկանց անունը չտանք` իր օրը չփչացնենք: Այդ օրը, պարզվեց, նրա ծննդյան օրն էր: Հովեյանին հարցրինք՝ Կարեն Սարիբեկյանը վարձակալության պայմանագիր ունի 3 տարով, որքա՞ն գումար են համայնքի բյուջե վճարել։ «Այդ հարցով մենք դիմել ենք իրավապահ համակարգին, հիմա դրանով զբաղվում են: Իրենք եւս դիմել են համապատասխան տեղեր, եւ դրա լուծումը կտանք»: Պնդեցինք, որ ուղիղ մեր հարցին պատասխանի։ Ասաց. «Այդ ժամանակ ես համայնքապետ չեմ եղել, տեղյակ չեմ»: Իսկ կա՞ կնքված պայմանագիր կամ բանավոր պայմանավորվածություն Ձեր եւ Կարեն Սարիբեկյանի միջեւ։ «Նման պայմանագիր ինձ չեն փոխանցել, չեմ տեսել, եւ նման պայմանագիր չէր կարող լինել: Դա վերաբերում է սեփականություն համարվող տարածքին, որտեղ կա համապատասխան ընթացակարգ: Պետք է ընթացակարգը պահպանել, եթե իրենք դիմել են դատարան, թող սպասեն դատարանի որոշմանը: Ես նման մարդու չեմ ճանաչում, ես խնդրում եմ՝ թողեք՝ իրավապահ համակարգն այդ հարցով զբաղվի...»:

Կարեն Սարիբեկյանը պայմանագիրը կնքել էր Գեղհովիտ համայնքի նախկին ղեկավար Վարդան Պողոսյանի հետ: Պողոսյանը մեզ ասաց. «Եթե պայմանագիր կնքվում է մինչեւ 3 տարի, ինձ թվում է՝ որեւէ մեկի համաձայնություն պետք չէ, ՏԻՄ օրենքով սահմանված չէ, որ պետք է մարզպետի համաձայնությունը: 11 ավագանին որոշել է, որ պետական համայնքային սեփականության հողերը տանք վարձակալության: Մենք մտածել ենք, որ ի՞նչ՝ տարածքը մնա արեւի տակ, չորանա, տանք մարդկանց, թող անասնապահությունով զբաղվեն, համ էլ համայնքի բյուջեն եկամուտ կունենա: Պայմանագիրը կնքվել է 2 օրինակից, մարդիկ վճարել են հարկը»: Հետաքրքրվեցիք՝ համայնքի ղեկավարն իրավունք ունի՞ պայմանագիրը միակողմանի լուծարելու՝ առանց մյուս կողմին տեղյակ պահելու։ «Պետք է պարտադիր տեղյակ պահել, պայմանագիրը լուծարում են այն դեպքում, երբ հարկը չի վճարվում, կամ ուշացնում են, կամ ժամկետն անցել է: Էդ մարդիկ վճարել են, պայմանագիրը կնքել են, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:

«Պայմանագիրը կնքվում է, երբ կողմերը համաձայնության են գալիս: Եթե կողմերից մեկն իր համաձայնությունը չի տալիս, համարում է պայմանագիրը կնքվա՞ծ: Խոսքը գնում է պետական հողերի, արոտավայրերի մասին, այդտեղ մարզպետի համաձայնությունը պարտադիր է: Եթե մարզպետը չի համաձայնում, իրավունք չկա, որ այդ պայմանագիրը կնքվի: Պայմանագիր գոյություն չունի եւ այդ պայմանագիրը չի էլ ուղարկվել Մարտունի խոշորացված համայնքին: Վարդան Պողոսյանն ուղարկել է որոշ թղթեր, որպեսզի մարզպետը համաձայնություն տա պետական սեփականություն հանդիսացող հողերից վարձակալության տրամադրել: Ասել եմ` շատ լավ, տվեք ինձ այդ մարդկանց ֆերմերային տնտեսության մասին տեղեկատվություն, որպեսզի ես կարողանամ իմ կարծիքը հայտնել, իրենք ինձ ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր»,- ասում է մարզպետը: Կարո՞ղ եք ասել` օրենքի ո՞ր հոդվածն է սահմանում, որ պետական հողերի վարձակալության դեպքում պետք է լինի մարզպետի համաձայնությունը: Մարզպետը մեզ ուղղորդեց մարզպետարանի հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման բաժին։ «Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի համար մարզպետի համաձայնություն պետք չէ, դա լինում է ավագանու որոշմամբ: Մի դիտարկում, տվյալ դեպքում պետական սեփականություն հանդիսացող տարածքները եւ համայնքային հողերը տարբեր բաներ են: Կա կառավարության 14.01.2010 թվականի N 16 որոշումը, ըստ որի՝ համայնքի ղեկավարը կազմում է հողաշինարարական գործ, որում ներառվում են ավագանու որոշումը, տեղանքի քարտեզը, սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը եւ ուղարկվում մարզպետի համաձայնությանը։ Եթե դրանցից որեւէ մեկը պակաս է լինում, բնականաբար, մենք գործը հետ ենք ուղարկում, որ ամբողջությամբ կրկին ուղարկեն: Եթե ամեն բան նորմալ է լինում, մենք համաձայնություն ենք տալիս, համայնքապետն էլ որոշում է` հողերը մրցութայի՞ն կարգով վարձակալության տալ, թե՞ առանց մրցույթի»,- ասաց բաժին պետ Մարատ Ղուրշուդյանը: