Անտեղյակություն եւ անկարողություն

Անտեղյակություն եւ անկարողություն

Կառավարության հերթական նիստում Փաշինյանը հայտնել է, որ իրեն հավաստի տեղեկություններ են հասել Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու առումով: Այսինքն՝ արցախցիներին թույլատրվելու է լքել Լեռնային Ղարաբաղը: Զարմանում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անտեղյակության եւ իրադրությունը վերլուծելու անկարողության վրա: Կարծեմ՝ 2021 թվականի հենց սկզբներին էր հրապարակվել ադրբեջանական մի քարտեզ, որտեղ ադրբեջանցին Արցախը մաքրում էր արցախցիներից: Կարծում եմ, որ այն ցույց են տվել Նիկոլին, եւ նրան էլ երեւի թվացել է, թե դա այդ երկրի ծայրահեղականների սարքածն է: Իսկ ուսյալ (ռուսական հեղինակավոր ՄԳԻՄՕ-ն ավարտած) եւ Ստամբուլի խաղատների հաճախորդ Իլհամը նման բան թույլ չէր տալու իրեն: Ու ինքն արեւմտյան միջնորդների հովանավորությամբ լծվել էր այդ անձի հետ հայաստանանպաստ (իր կարծիքով) խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացին: Որում ներառվելու էր, ըստ իր բառապաշարի, «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերի հասցեագրումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում»: Եվ հանկարծ պարզվում է, որ Իլհամը թքած ունի թե՛ այդ հասցեագրման եւ թե՛ միջազգային մեխանիզմների վրա: Եվ ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից «ելք թույլ տալու եւ մուտք թույլ չտալու ուղղությամբ»:

Բայց դա դեռ ամբողջը չէ՝ ընթերցենք նրա ելույթի տեքստի շարունակությունը: Նիկոլի կարծիքով՝ «ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլեւ Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի եւ մյուս շրջանների հայերն արժանապատվորեն եւ անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»: Այստեղ արդեն մարդու ձեռքերն ուղղակի թուլացած կախվում են, ու չգիտես ինչ անես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Կամ՝ գոռաս. ա՛յ մարդ, եթե Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից «ելք թույլ տալու եւ մուտք թույլ չտալու ուղղությամբ», ապա ինչպե՞ս է կատարվելու եռակողմ հայտարարության հիշատակածդ 7-րդ կետը, որը նախատեսում է փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլեւ հարակից շրջաններ: Էլ չասած այն մասին, թե որ հայն այսուհետ կվերադառնա այն տարածքը, որտեղ իշխում է թշնամին: Եվ եթե նույնիսկ գտնվեն մեկ-երկու տասնյակ ընտանիքներ, ո՞ր երկիրն է ապահովելու նրանց վերադարձն ու անվտանգությունը: Ռուսաստա՞նը, որ թե՛ պատերազմի եւ թե՛ քո սխալ քաղաքականության հետեւանքով պասիվացել է մեր տարածաշրջանում: Թե՞ արեւմտյան երկրները, որ բացեիբաց պաշտպանում են Ադրբեջանի շահերը՝ ընդամենը խոսքով եւ ոչ թե գործով պահանջելով Լաչինի միջանցքի ապաշրջափակումը: Թե՞ ՄԱԿ-ի ենթակայության դատարանը, որ որոշում կայացրեց, հետո այն վերահաստատեց ու դրանով ավարտված համարեց իր առաքելությունը: Էլ չեմ խոսում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից գոնե հայտարարություն ընդունելու մասին, որով կդատապարտվեր միջանցքի շրջափակումը:  

Դե իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ինչ-որ միջոցառմանը հերթական անգամ կոչ է արել՝ հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Հերթական կոչն է արել՝ հերթական անգամ գիտակցելով սեփական կոչի զրոյական արժեքը: Քանի որ չեմ կարծում, թե եվրոպացի պաշտոնյան Նիկոլից վարակվել է իրողությունները վերլուծելու անկարողության բացիլով: