Ինչպես է Փաշինյանը պատրաստվում գոհացնել Ադրբեջանին

Ինչպես է Փաշինյանը պատրաստվում գոհացնել Ադրբեջանին

«Հավատարիմ մնալով խաղաղության օրակարգին՝ մենք Ադրբեջանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական նոր առաջարկները»,- երեկ, կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը չի մանրամասնել, թե որոնք են այդ նոր առաջարկները եւ ինչով են նոր առաջարկները տարբերվում հին առաջարկներից, որոնք Ադրբեջանը մերժել է, ինչու է Հայաստանը հարկադրված հանդես գալ նոր առաջարկներով, որոնք կարող են ավելի ընդունելի լինել Ադրբեջանի համար: Հնարավոր է, որ հանուն խաղաղության օրակարգի հաղթանակի Փաշինյանն Ադրբեջանին է առաջարկել Սյունիքի խաղաղ հանձնումը, որն Ադրբեջանի պահանջներից հիմնականն է: Գուցե պատահական չէ, որ այդ առաջարկների մասին նա խոսում է Սյունիք այցելությունից անմիջապես հետո՝ տեղում ստուգելով եւ համոզվելով, որ հանձնումն այնքան էլ մեծ դիմադրության չի արժանանա, մանավանդ որ դա արվում է հանուն խաղաղության օրակարգի վերջնական հաղթանակի: 

Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ չեն ստորագրի խաղաղության որեւէ պայմանագիր, քանի դեռ Հայաստանն իրենց չի հանձնել Սյունիքը: Մինչեւ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած Փաշինյանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարում է նույնիսկ հարսանիքների բաժակաճառերի նախաբանում, իսկ ՔՊ-ականները, որպես համաձայնության նշան, նման կենացները խմում են հոտնկայս: Ադրբեջանը, իհարկե, պաշտոնապես չի խոսում Սյունիքը գրավելու մասին, բայց հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրեն միջանցք տրամադրի՝ Նախիջեւանի հետ ցամաքային կապ հաստատելու համար: Ադրբեջանի իշխանությունների հետ կապված փորձագետները բացահայտ խոսում են այն մասին, որ իրենց նպատակը Սյունիքն ամբողջությամբ գրավելն ու Ադրբեջանին միացնելն է, որ Ադրբեջանի նախագահը հենց այդպիսի խնդիր է դրել իր առաջ, եւ քանի դեռ Սյունիքը գրավված չէ, խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել: Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք վերականգնելու են պատմական արդարությունը, որը խախտվել է 1920 թվականին, երբ Սյունիքն անջատվել է Ադրբեջանից, միացվել Հայաստանին, ինչի արդյունքում Ադրբեջանի տարածքը կիսվել է երկու մասի, Նախիջեւանն անջատվել է մնացած Ադրբեջանից: Թուրքիայի տեսակետը չի տարբերվում ադրբեջանականից, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես պնդում են, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին, իսկ ավելի լավ միջանցք, քան ամբողջական Սյունիքի գրավումն է, դժվար է պատկերացնել:

Ինչու եմ այսքան մանրամասն գրում Ադրբեջանի ծրագրերի մասին, որովհետեւ, երբ Փաշինյանը խոսում է հայկական կողմի նոր առաջարկների մասին, հիմնավոր կասկածներ կան, որ նա հանուն իր պատկերացրած խաղաղության օրակարգի առաջմղման կարող է Ադրբեջանին առաջարկել Սյունիքի խաղաղ հանձնումը: Սա այնքան էլ անհավանական չի թվում, երբ մեր աչքի առաջ է տեղի ունեցել Արցախից հրաժարվելը՝  այն ճանաչելով Ադրբեջանի մաս: Մեր աչքի առաջ Փաշինյանի ապօրինի հրամանով Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան ավտոճանապարհը, առանց կրակոցի եւ դիմադրության, հանգիստ թույլ տվեցին, որ ադրբեջանական բանակը բռնազավթի Սյունիքի որոշ հատվածներ, Փաշինյանը կառավարության նիստում ակնհայտ սուտ խոսեց, թե Տեղ գյուղի հատվածում մենք տարածքային կորուստներ չունենք, որը շատ արագ բացահայտվեց սկզբում սյունեցիների կողմից, իսկ հետո փաշինյանական սուտը հաստատեց Ազգային անվտանգության ծառայությունը: 

Կա մի այլ կարեւոր ցուցիչ, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Փաշինյանի ապագա ծրագրերի, խաղաղության օրակարգի նրա պատկերացումների մասին. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց կոչվածի մասին է: Արդեն մեկ տարուց ավելի կառուցվում է Թուրքիայի սահմանից Էջմիածին ձգվող ճանապարհը: Հայաստանի իշխանությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում Թուրքիայի սահմանին մաքսատուն եւ մաքսային հսկողության համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Արդյոք Հայաստանի կառավարությունը նման ծախսեր կանե՞ր, եթե հստակ պայմանավորվածություն չունենար Թուրքիայի իշխանությունների հետ, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է, որ այդ մաքսակետն աշխատելու է, իսկ ճանապարհը շահագործվելու է: Հարցն այն է, թե երբ է բացվելու սահմանը, կամ Հայաստանի կողմից ինչ զիջումների դեպքում են Թուրքիայի իշխանությունները թույլ տալու բացել սահմանը:

Արդեն մի քանի անգամ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը զուգահեռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհնար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ինչպես արդեն նշեցինք, Թուրքիան եւս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարում միայն Հայաստանի կողմից Ադրբեջանին միջանցք տրամադրելու դեպքում: Եթե Հայաստանի իշխանություններն այդքան հետեւողականորեն ճանապարհ եւ մաքսային ենթակառուցվածքներ են կառուցում Թուրքիայի հետ սահմանին, արդյոք դա վկայությունը չէ՞ այն բանի, որ նրանք թուրքական իշխանությունների հետ ունեն պայմանավորվածություն, որ կատարելու են ադրբեջանական բոլոր պահանջները, որից հետո Թուրքիան բացելու է սահմանը:

Փաշինյանը շատ հեշտությամբ կարող է հիմնավորել Սյունիքի հանձնումը՝ ասելով, որ դա Սյունիքը հանձնել չի նշանակում, եւ դրանով ամրապնդվում է Հայաստանի անվտանգությունը: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները փակ հանդիպումների ժամանակ ասում են, որ Հայաստանը ռուսների հեռանալուց հետո պետք է դառնա կա՛մ պարսկական, կա՛մ թուրքական վերահսկողության գոտի, եւ իրենք ընտրել են ավելի առաջադիմական, ավելի արեւմտյան՝ թուրքական ազդեցության գոտում գտնվելը: Փաշինյանը կարող է ասել, որ Սյունիքը հանձնելով թուրքական վերահսկողությանը՝ Հայաստանն իրեն ապահովագրում է իրանական հնարավոր վտանգից: Բոլոր նրանք, ովքեր սա կհամարեն անհավանական, նորից թող հիշեն, թե որքան անհավանական թվացող բաներ են կատարվել փաշինյանական կառավարման ընթացքում:

Ավետիս Բաբաջանյան