Պետք է ճշտել` հիմնադրամին փոխանցումից հետո ինչ հաջողություններ են գրանցել նրանք

Պետք է ճշտել` հիմնադրամին փոխանցումից հետո ինչ հաջողություններ են գրանցել նրանք

Մեր զրուցակիցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն է:

- 2018-ի հեղափոխական իշխանություններն իշխանության ղեկը վերցրին կոռուպցիան բացառելու, կոռուպցիայի դեմ դաժան պայքար մղելու լոզունգներով: Էլ Հակակոռուպցիոն դատարան, օրենսդրական փոփոխություններ, անգամ վաղեմության ժամկետի հետ կապված փոփոխություններ արվեցին, որպեսզի անցյալի որոշ թալանչիներին դիմակազերծ անեն, սակայն մենք այսօր տեսնում ենք բոլորովին այլ պատկեր` կոռուպցիան ծաղկում է: Հայաստանում այսօր կա՞ կոռուպցիա, եթե այո, ապա ո՞ր տեսակները:

- Կոռուպցիա կա այնպես, ինչպես ասում էին` ապագա կա: Ընկալումն է փոխվել: Վիճակը որոշ չափով 2018-ից բարելավվել է: 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվեց հարցում` Կովկասյան ռեսուրսների կենտրոնի կողմից: Այդ հարցումները փաստեցին, որ իրավիճակը կտրուկ չի լավացել, ըստ էության, շարունակում է մնալ լրջագույն խնդիր, թեկուզ միայն այն փաստը, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, դա վատ է: Հայաստանը 46 համաթիվն ունի: Հայաստանում վիճակը չի լավացել այնքան շատ: Ակնկալիքներն ավելի շատ էին, իսկ մենք դրանից բավականին հեռու ենք:

- Ասում եք` կան դրական փոփոխություններ: Նշեք, խնդրեմ, թե կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ո՞ր ոլորտներում:

- Այսպես ասեմ` կոնկրետ փոփոխություն կոնկրետ ոլորտում չեմ կարող նշել, որովհետեւ նման ուսումնասիրություն չի արվել: Փոխվել է ընկալումը, իսկ թե ինչու, դա էլ արդեն տարբեր գործոններով է պայմանավորված: Ընկալման տեսանկյունից եթե դիտարկենք, ապա 2018- 2019 թվականներին իրավիճակը լավացավ:

- Ի՞նչ ասել է՝ ընկալում:

- Կոռուպցիան ի՞նչ մակարդակի է, շա՞տ, քի՞չ, թե՞ որոշակի: Հարցվողը պատասխանում է, արդյունքում ձեւավորվում է ընկալում ասվածը: Փաստեր չեն հարցնում, պարզապես մարդիկ կարծիք են հայտնում տեսածով, լսածով, կարդացածով: Դժբախտաբար, վերջին 7 տարվա ընթացքում չեն իրականացվել այդպիսի հարցումներ: Այդ հարցումները ենթադրում են, թե կոնկրետ մարդիկ երբ եւ ինչպես են առերեսվել նման խնդիրների: Ինքներդ էլ հասկանում եք, որ շատերը կարող են թաքցնել հանգամանքները, այնպես որ՝ դա եւս հզոր ցուցիչ չէ: Սակայն ընկալման դեպքում այլ է` չեն թաքցնում, ասում են, թե ինչպես են մտածում եւ ինչու:

- Ե՞րբ եւ ո՞ր կազմակերպության կողմից են նման հետազոտություններ կատարվել եւ պարզվել հասարակության ընկալումները` կոռուպցիայի մասով:

- Նման հարցումներ եղել են Հայաստանում: 2021-ի աշնանն է եղել, սովորական մարդկանց շրջանում: Որոշակի ուսումնասիրություններ անում է նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտը: Նրանք եւս պարբերաբար հարցումներ են իրականացնում հենց կոռուպցիայի վերաբերյալ: Եթե վերադառնանք հիմնական հարցին, թե ինչ հստակ փոփոխություններ են եղել, ապա ես պետք է ասեմ, որ սովոր եմ հետազոտությունների վրա հիմնվել: Այդպիսի ուսումնասիրություններ, որոնք, ինչ խոսք, կլինեն չեզոք, վերջին շրջանում չեն արվել:

- Ինչո՞ւ:

- Դե, ինձ թվում է, թե պետական եւ թե ոչ պետական շրջանակներն ունեն ֆինանսական խնդիրներ: Օրինակ ՝մեկ անձից գնումները պետք է ուսումնասիրել հստակ` նախքան 2018 թվականը եւ դրանից հետո, նոր միայն կարող են հստակ համեմատել: Լինում են մրցույթներ, որտեղ մասնակցում են մեկ-երկու հոգի, որը եւս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նման ուսումնասիրությունները ծախսատար են եւ ժամանակ են պահանջում:

- Այդ դեպքում եկեք հստակ փաստերի մասին խոսենք, որոնք անհերքելի են: Նիկոլ Փաշինյանի բարեկամները, ընկերները տարատեսակ պաշտոններ են ստանում, նախարարներ, պատգամավորներ դառնում: Ի՞նչ է սա:

- Իհարկե, կոռուպցիա է: Ի՞նչ հաճախականությամբ եւ ինչպե՞ս է այն տարածված, սա է խնդիրը, ինչպե՞ս է եղել նախկինում, ինչպիսի՞ն է հիմա:

- Կարծում եք՝ առաջ ավելի տարածվա՞ծ են եղել այս երեւույթները:

- Այո: Եթե ընկալումով ենք նայում, այդպես է:

- Այն, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեգործական հիմնադրամին անանուն միլիոններ են փոխանցվում, սա ի՞նչ է:

- Դա կոռուպցիոն ռիսկ պարունակող գործընթաց է: Որպեսզի մենք կարողանանք ասել՝ ինչ է դա, նախ պետք է ճշտել մեկ բան. փոխանցումներից հետո, եթե դրանք անանուն չեն, ինչպիսի հաջողություններ են գրանցել այդ փոխանցողները, իսկ եթե անանուն են, դա արդեն շատ վատ է: Ձեռնպահ կմնայի ասել, որ դա հենց կոռուպցիա է, այն ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթաց է: