«Հրապարակ». Արբիտրաժային դատարանում քաղաքապետարանը կհաղթի, եթե ոլորտի մասնագետները ներգրավվեն գործընթացում

«Հրապարակ». Արբիտրաժային դատարանում քաղաքապետարանը կհաղթի, եթե ոլորտի մասնագետները ներգրավվեն գործընթացում

Հարցազրույց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ։

- Երեւանի աղբահանության խնդիրը վերջերս կրկին սրվել էր եւ թեպետ որոշ չափով կարգավորվեց, բայց տեսանելի է, որ դեռեւս կան համակարգային խնդիրներ։ Ինչպե՞ս կբացատրեք սա։

- 2019 թվականին, երբ ստեղծվում էր աղբահանության համայնքային հիմնարկը, ես հրապարակավ պնդում էի, որ պետք է դասեր քաղենք նախորդ աղբահանության օպերատոր «Սանիթեքի» գործունեության խնդիրներից։ Սուբյեկտիվ կառավարչական թերացումներից զատ, եղել են խնդիրներ, որոնք իսկապես հավելյալ բարդություններ են ստեղծում աղբահանության օպերատորի համար, ինչպես, օրինակ, աղբավայրի անբարեկարգ վիճակը եւ շինաղբի առկայությունը պլաստիկ կոնտեյներներում։ «Սանիթեքն» իր գործունեության մեկնարկից չորս տարի անց բախվեց այն խնդիրներին, որոնց բախվել է հիմա ԵԱՍՄ-ն կրկին՝ 2019 թվականին հիմնարկի հիմնադրումից չորս տարի անց։ 

- Կարծում եք՝ «Սանիթեքը» պետք է շարունակե՞ր գործել։ 

- Ոչ, կարծում եմ, որ դեռեւս 2018 թվականին, երբ ծառայությունների մատուցումը վերջնականապես ձախողվեց, այդ ժամանակ դա պետք է իրականացվեր եւ իրականացվեր պատշաճ ընթացակարգերով։ Բայց քանի որ քաղաքապետարանն այս հարցում պատասխանողի կարգավիճակում է միջազգային արբիտրաժային դատարանում, չէի ցանկանա ավելին ասել։ 

- Մեկ տարի շարունակ խոսվում է «Սանիթեքի» հետ կապված քրեական գործի մասին, եւ շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի անունը։ Արբիտրաժի գործընթացը եւ այս քրեական գործը փոխկապակցվա՞ծ են։

- Որքան տեղեկացել եմ մամուլից, պարոն Նիկոյանի անվան հետ կապվող քրեական գործը վերաբերում է այն միջազգային մրցույթին, որում հաղթել էր «Սանիթեքը»։ Թեպետ այստեղ էլ անհասկանալի շատ դրվագներ կան։ Իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչներ մամուլին ներկայացնում են ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ «Սանիթեքի» թերացումները, բայց, կարծում եմ, չկա Հայաստանում կառավարչական պաշտոն զբաղեցնող մի անձ, որը չիմանա, որ մրցութային հանձնաժողովը մրցույթն ավարտելուն պես դադարում է գոյություն ունենալ օրենքի ուժով եւ պատասխանատու չի կարող լինել ծառայությունների մատուցման որակի համար։ 2017 թվականից, ինչ «Ելք» խմբակցությունն ընտրվեց Երեւանի ավագանիում, աշխատել ենք պարոն Նիկոյանի հետ, եւ բոլորին է հայտնի, որ Նիկոյանն անգամ չի համակարգել կոմունալ ծառայությունների ոլորտը եւ պաշտոնը թողել է 2018-ին։ Իսկ մենք լավ հիշում ենք, որ դրանից հետո մեկ տարի շարունակ եւս «Սանիթեքը» շարունակել է գործել նույն պայմաններում, ինչ գործում էր դրանից առաջ։ Այդ տրամաբանության մեջ այդ մեկ տարվա ծառայությունների ձախողման պատասխանն ո՞վ պետք է տա։

- Ձեր ասածից բխում է, որ մեղադրանքը հիմնավոր չէ, եւ քաղաքական պատվե՞ր է իրականացվում։

- Չեմ կարծում, թե այստեղ կարող է քաղաքական պատվեր լինել, քանի որ այսօր գրեթե բոլոր քաղաքական դերակատարների հետ միասին ընտրվելով ավագանու «Ելք» խմբակցության կազմում՝ կողմ ենք քվեարկել Նիկոյանի փոխքաղաքապետ լինելու հարցին, ի տարբերություն մյուս քվեարկությունների։ Իսկ մենք նման որոշումներն առանց խորհրդարանական «Ելք» խմբակցության ներգրավման չէինք կայացնում։ Կարծում եմ, որ այս քրեական գործի միջոցով իրավապահները փորձել են արբիտրաժային դատարանում բարենպաստ պայմաններ ստեղծել պատասխանողի դիրքերի համար՝ չհասկանալով, որ իրականում դրանով վնաս են հասցնում Երեւանի քաղաքապետարանի պաշտպանունակությանը դատարանում։ Արբիտրաժային դատարանը հաշվի է առնելու միայն չոր եւ անկողմնակալ փաստերը, եւ եթե Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ, ապա ստացվում է, որ իրենք իրենց ձեռքով փորձում են հիմնավորել, որ քաղաքն ինչ-որ ապօրինի գործողություններ է իրականացրել։ Արբիտրաժին չի հետաքրքրելու՝ պաշտոնյան նախկին է, թե ներկա, ասելու է՝ «հենա, դուք էլ եք ընդունում, որ ձեր պաշտոնյաները թերացել են»։ 

- Իրավապահ համակարգի ներկայացուցիչները պնդում էին, որ մրցույթին մասնակցելիս «Սանիթեքն» աղբատար մեքենաներ էլ չի ունեցել։ Ինչպե՞ս կարող էր հաղթել այդ մրցույթում։

- Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ, բայց որտե՞ղ եք տեսել միջազգային մրցույթ, որտեղ մասնակից արտասահմանյան կազմակերպությունից պահանջեն մինչեւ մրցույթում հաղթելն իր գույքը բերել եւ տեղակայել Հայաստանում։ Դա նույնը կլիներ, ինչ MAN ավտոբուսների գնման մրցույթին հաղթող ճանաչելու նախապայման լիներ, որ պայմանագրի կնքման պահին ավտոբուսները լինեին Երեւանում։ Այդպես չի լինում։ Աղբահանության օպերատորի մրցույթի տեխնիկական բնութագրերը հրապարակված են, եւ նման նախապայման չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Շատ շահարկվեց նաեւ Նիկոյանի հորը պատկանող հողատարածքում «Սանիթեքի» տեղակայումը։ Չգիտեմ՝ իրավական ինչպիսի ճկունություն կպահանջվի այդ վարձավճարը որպես կաշառք դիտարկելու դրվագի հիմնավորումը, բայց ինձ մոտ ուրիշ հարց է առաջանում։ Փաստորեն, այդ տարիների քաղաքական բարձր իշխանությունները՝ բոլորը «մաքուր» են, ծառայությունների հանձնման-ընդունման ակտեր ստորագրողները՝ բոլորը «մաքուր» են այս հարցում, եւ մեղավոր է մեկ փոխքաղաքապետ, ում հայրը տարա՞ծք է վարձակալության հանձնել։ Կարծում եմ՝ դատախազությունն ավելի օբյեկտիվ կլինի այս հարցում եւ քաղաքին էլ չի վնասի միջազգային արբիտրաժային դատարանում պաշտպանվելիս։

- Ի՞նչ եք կանխատեսում՝ արբիտրաժային դատարանն ի՞նչ վճիռ կկայացնի։

- Գործընթացը պատկերացնում եմ ընդհանուր գծերով, որքանով որ տեղյակ եմ ընթացքից։ Արբիտրաժում հիմնավոր հանդես գալու համար անհրաժեշտ է փայլուն տիրապետել գնումների գործընթացը եւ այն պարտականությունների շրջանակը, որը պետք է իրականացներ, բայց չի իրականացրել «Սանիթեքը»։ Հայաստանում այդպիսի մարդիկ կան, բայց, ցավոք սրտի, ներգրավված չեն այդ գործընթացում։