«Հրապարակ». Բարեկամներ, հարեւաններ, մանկավարժներ, դուք չպետք է նման դեպքերում լռեք

«Հրապարակ». Բարեկամներ, հարեւաններ, մանկավարժներ, դուք չպետք է նման դեպքերում լռեք

Նախորդ շաբաթ Գավառ քաղաքում մոր եւ երեխաների սարսափելի տեսանյութի «հերոսուհին»՝ Աննա Արեւշատյանը, կալանավորվեց, հիմա «Աբովյան» ՔԿՀ-ում է: Լուրեր կան, որ բռնության ենթարկված երեխաները կարոտում են մոլագար մորը: Մեզանում շա՞տ են արդյոք նման դեպքերը, երեխաներն ի՞նչ բռնությունների են ենթարկվում Հայաստանում։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

- Ձեր պաշտոնավարման տարիներին հիշո՞ւմ եք նման սարսափելի դեպքեր, երբ երեխաները ծնողների կողմից բռնությունների ենթարկվեին:

- Կոնկրետ այսպիսի դեպք չեմ հիշում: Բռնության դեպքեր, իհարկե, հիշում եմ: Հոր կողմից սեռական բռնության, մոր կողմից ֆիզիկական բռնության դեպքեր, այո, եղել են, եղել է դեպք, երբ խորթ հայրն է երեխային բռնության ենթարկել: Եղել է դեպք, երբ մայրն իմացել է, որ ամուսինը երեխային սեռական բռնության է ենթարկել, եւ լռել է, բայց այն, ինչ տեսանք այդ տեսանյութում, ես նման բան չեմ հիշում, կարծում եմ` չի եղել: Գուցե եղել են նման դեպքեր, բայց տեղեկություն չի ստացվել այդ մասին, գուցե որեւէ մեկը չի բարձրաձայնել այդ մասին` ո՛չ երեխան, ո՛չ հարեւանները, ո՛չ էլ շրջապատը:

- Նշում եք, որ եղել են բռնության դեպքեր: Շա՞տ էին դրանք:

- Ցանկացած նման դեպք արդեն իսկ շատ վատ է: Եթե անգամ մեկ դեպք է լինում, երբ հայրը երեխային սեռական բռնության է ենթարկում, ապա դա շատ վատ է: Եղել են սեռական բռնության դեպքեր եղբոր կողմից, հորեղբոր, հոր կողմից, որը նոր էր կալանավայրից վերադարձել…. Նման դեպքերի հետեւանքները շատ ծանր են, որովհետեւ երեխայի հոգեկան աշխարհը խեղաթյուրվում է: Տարվա մեջ 1-2 դեպք արձանագրվել է:

- Իսկ այդ դեպքերն ավելի շատ մարզերո՞ւմ, թե՞ մայրաքաղաքում էին լինում:

- Ավելի շատ՝ մարզերում: Ահազանգերն ավելի շատ մարզերից էին:
Վիճակագրությունը մեկ տարվա կտրվածքով դիտարկելը սխալ է, պետք է հասկանալ տարիների կտրվածքով: Տարիներ առաջ մենք ունեցել ենք նման դեպքեր Սյունիքում` Գորիսում: Բավականին ծանր դեպք էր, մեկ տարի անց այնտեղ նորից նման դեպք արձանագրվեց: Քննչական կոմիտեն պետք է խոսի հստակ դրդապատճառների մասին:

- Գավառում բռնության ենթարկված երեխաների հայրը մի երեխային էլ էր բռնության ենթարկել եւ դատապարտվել: Եթե ընտանիքում արդեն իսկ եղել է նման դեպք, ինչո՞ւ համապատասխան մարմինները խոշորացույցի տակ չեն վերցրել այս ընտանիքը, այցելել, զրուցել երեխաների հետ, հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Մի՞թե մեր պետությունն այս աստիճան անտարբեր է նման երեւույթների նկատմամբ:

- Ես՝ որպես այս ոլորտի փորձագետ, կիսում եմ Ձեր բոլոր դիտարկումները: Ո՞վ է պատասխանատու, եւ ինչո՞ւ է ուշադրությունից դուրս մնացել այս դեպքը: Հայրը սեռական բռնության է ենթարկել երեխային, ինչի համար դատապարտվել եւ կալանավորվել է: Ոստիկանությունն այս առումով իր աշխատանքը կատարել է: Այս գործընթացում առաջին իսկ օրվանից, բնականաբար, ներգրավված է եղել խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, նաեւ՝ մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժինը: Այնտեղ ընդգրկված են հոգեբաններ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ: Դա պետական օղակ է՝ պետական միջոցներով: Այդ ընտանիքը պետք է ուշադրության կենտրոնում լիներ սոցիալական աշխատողների կողմից: Պետք է նաեւ ուշադրության կենտրոնում լիներ ոստիկանության կողմից, սպասարկող համայնքային տեսուչի, անչափահասների գործերով տեսուչը եւս պետք է զբաղվեր այս հարցով, եթե, իհարկե, լիներ ահազանգ: Կոնկրետ աշխատանք էր հարկավոր. գնահատել մոր վարքագիծը, կարգավիճակը եւ այլն, եւ այլն: Դպրոցից եւս պետք է ահազանգեին, որ երեխան հաճախում է կապտուկներով: Հարեւանները նույնպես պետք է ահազանգեին: Երեխան ինքը կարող էր բարձրաձայնել այդ խնդիրը: Դպրոցներում կան տեսուչներ, աշակերտը պետք է մոտենար դպրոցական տեսուչին եւ բարձրաձայներ խնդիրը, սակայն դա այն դեպքում է լինում, երբ վստահում եւ ճանաչում են ոստիկանին: Փաստացի, ցավոք, ոչ մի կողմից նման ահազանգ չի եղել: Մենք միշտ ասել ենք` մի լռեք, բարձրաձայնեք, խոսեք: Բարեկամներ, հարեւաններ, մանկավարժներ, դուք չպետք է նման դեպքերում լռեք: