Դուխը մնաց ժողովրդին, իսկ երբեմնի քայլողներին կործանեց փափկակյաց կյանքը

Դուխը մնաց ժողովրդին, իսկ երբեմնի քայլողներին կործանեց փափկակյաց կյանքը

Պարզվում է՝ Ամուլսարի հիմնախնդիրը  տանջում է ոչ միայն հայստանցիներին.հայրենիքի չքնաղ բնությանը սպառնող   վտանգից անհանգստացած են նաև սփյուռքահայերը:

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց նաև Իսպանիայի անունը։ Այս արևաշատ երկրում, որտեղ արդեն բնակվում եմ 20 տարուց ավել, միայն բոլորովին վերջերս են հասկացել, թե ի՜նչ աղետալի հետևանքներ է թողնում ընդերքի ռեսուրսներն արտահանելը։ Միայն մի քանի օրինակ բերեմ, որոնց տեսարանները տեսնելով՝ կարելի է կարծիք կազմել հանքարդյունաբերության աղետալի հետևանքների մասին։ Լեոնի, Լասիանայի և Ավիլայի հանքերի տարածքները, որոնք բոլորովին վերջերս հայտնի էին իրենց բիոդիվերսիայով, հարուստ ֆաունայով, քաղցրահամ ջրերով ու մաքուր օդով, այսօր սարսափելի վիճակում են։ Ներկայումս տարածաշրջանի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը տառապում է շնչառական և սրտային հիվանդություններով:Իսպանիան 2050 թվականին երաշտով տառապող երկիր է լինելու»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց    Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը՝ մեզ տրամադրելով լուսանկարներ նշված վայրերից: 

Անդրադառնալով  Ամուլսարին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ամուլսարով, որը ես հանդգնում եմ հիմնախնդիր և ազգային հարց անվանել, բացահայտ երևում է, որ նախկինների գործելաոճը շարունակվում է, որն  ավելի վտանգավոր է, քան դեմոկրատական բռնապետությունը, որտեղ գոնե դերակատարները հայտնի էին։ Ըստ իս՝ եթե կառավարությունը ցանկանում է քանդել ժողովրդի և իր միջև գոյացած և անընդհատ վեր խոյացող պատնեշը, ապա պիտի չեղարկի պայմանագիրը «Լիդիան»-ի հետ, ժողովրդին վերադարձնի իր հարստությունը և, ընդերքը թալանի ենթարկելու փոխարեն, Հայաստանը դարձնի աննախադեպ և ատրակտիվ տուրիստական երկիր՝ հարուստ իր բնակլիմայական պայմաններով:

Այլապես, խոսքս վարչապետին եմ ուղղում, Ձեզ իշխանության բերած ժողովուրդն այլևս գիտի իր արժեքը ։ Այնպիսի տպավորություն է, որ  «Լիդիան»-ը մի ամբողջ երկրի կառավարության վախն է չափում։ Եվ այստեղ մի ժողովրդական հարց է ծագում. բա ու՞ր մնաց այն դուխը, որով ներկայիս իշխանությունները տապալեցին կոռումպացված մի ամբողջ համակարգ։ Պատասխանը միակն է՝դուխը մնաց ժողովրդին, իսկ երբեմնի քայլողներին  կործանեց փափկակյաց կյանքը ։ Ցավալի է, որ իշխանավորների ու ժողովրդի միջև ամիսներ առաջ առաջացած փոսն այդքան շուտ վերածվեց անդունդի, որտեղից դեռևս բարձրացող ժողովուրդը նորից այնտեղ գլորվելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ ցանկություն»։

 

Հայ համայնքի  նախագահի  համար անհասկանալի է փաստը,երբ վարչապետը պայքարում է  ծառահատումների դեմ, իսկ Ամուլսարի շահագործումը միանգամայն ընդունելի համարում: «Կտրված ծառի տեղը դեռ կարելի է 10 տնկի տնկել, իսկ ահա անդնդափոսը, որը պիտի լցվի թույնով ու աղբով, ինչո՞վ պիտի բուժես։Եթե ծառ հատողը ճարահատ է գնում այդ քայլին՝ անզոր լինելով վճարել լույսի, գազի, ջրի և այլնի դիմաց, ապա դեպի ընդերք ձգտող սողունի ախորժակն ավելի մեծ է»,-ընդգծում է նա՝ համոզմունք հայնտնելով. «Եթե Ամուլսարի հարցում կողմ և դեմ ուժերը միաժամանակ ցույց կազմակերպեն Հայաստանի և Սփյուռքի ողջ տարածքում, ապա դեմ ճամբարը պարզապես կուլ կտա կողմի խամաճիկներին, քանզի վերջիններս ուղակի դուրս չեն գա, որպեսզի չպատռեն իրենց դիմակները: Ուրեմն, ո՞րն է խնդիրը։ Ասեմ. խնդիրը մի կարճաժամկետ ծրագրի մեջ է, որից մի քանի հարյուր հոգի անօրինական ճանապարհով պիտի ավելի ուռճացնեն իրենց գրպանները՝ թողնելով Հայաստանին մի ահռելի աղետ, որը ո՜չ թե երկարաժամկետ է լինելու, այլև ցկյանս։ Մի աղետ, որը մենք պիտի փոխանցենք բազմաթիվ հիվանդությունների և աստիճանական դեգրադացիայի դատապարտված մեր սերունդներին։ Նրանք  պարզապես ժամանակ էլ չեն ունենալու մեզ չներելու»,-խոսքն ավարտեց մեր զրուցակիցը։

Տեսարաններ՝ Իսպանիայի հանքավայրերից