Ծանր որոշումներ պետք է կայացնել, բայց դրանք պետք է կայացնել

Ծանր որոշումներ պետք է կայացնել, բայց դրանք պետք է կայացնել

Այսօր Լաչինի միջանցքի արգելափակման 24-րդ օրն է և օրեցօր ձգձգվող այս վիճակը աղետաբեր է լինելու: 

Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշումներ կայացնեն. հետպատերազմյան իրավիճակում այդպիսի որոշումները չեն կարող լինել միայն մեր սրտով և հատկապես մեր սրտով, չնայած այն բանին, որ մենք` թե´ հանրությունը, թե հասարակական-քաղաքական դաշտը շարունակում է աշխարհաքաղաքական վերադասավորումներին նայել իր նեղ, մակերեսային, «իմ բարեկամ», «իմ թշնամի» պրիմիտիվ երդիկից (պատուհան չէ, այլ երդիկ): 

Ծանր որոշումներ պետք է կայացնել, բայց դրանք պետք է կայացնել: Ինչ էլ կայացվի` միևնույն է բոլորը դժգոհ են

մնալու, որովհետև դեռ ցած չենք իջել «հայոց առասպելական ուժի» բարձունքներից:
Հայաստանը և Արցախը պետք է խոսեն միմյանց հետ, կայացնեն որոշումներ` որպես իշխանություն իրենց ստանձնած պատասխանատվությամբ և ազնիվ խոսեն հանրության հետ: 

Եթե այս օրհասական իրավիճակում այդ որոշում կայացնողները չգտնվեցին, զրկվելու ենք նախ` պետականությունից, հետո անկախությունից, հետո կդառնանք fail-state ու առաջիկա հիսուն տարում սերունդներին կպատմենք, որ մենք մի հզոր ազգ էինք, մեզ բոլորը դավաճանեցին ու Նժդեհ ասմունքելով կապրենք:

Կրկնում եմ` ինչ որոշում էլ կայացվի, բոլորը դժգոհ են լինելու (որովհետև այդպիսին է իրավիճակը), բայց էլիտաները պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը, եթե իրենք կամք և ցանկություն են ցուցաբերել այս իրավիճակում լինել կառավարող էլիտան: Ժամանակը մեզ չի խնայելու:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյան