Ադրբեջանը լիարժեք հայաթափման նպատակ է ունեցել. մանրամասնում է Թաթոյանը

Ադրբեջանը լիարժեք հայաթափման նպատակ է ունեցել. մանրամասնում է Թաթոյանը

ԼՂ-ում կամ Արցախում Ադրբեջանն ուներ լիարժեք հայաթափելու նպատակ և այնպես անելու, որ մարդիկ ստիպված լինեին դուրս գալ իրենց բնակավայրերից՝ լինելով այնտեղ հազարամյա բնիկ ժողովուրդ: Ադրբեջանն իրականացրել է Արցախի լիարժեք շրջափակման քաղաքականություն՝ սկսած 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակեցին կյանքի միակ ճանապարհը, որը կապում էր Արցախը ՀՀ-ի հետ, որոնք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներն էին։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արման Թաթոյանը:

«2020-ի պատերազմից հետո չորս բնակավայր էր մնացել Արցախի վերահսկողության տակ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի:Ադրբեջանը նպատակ էր դրել, նախապես քաղաքականություն մշակել հարձակում իրականացնել չորս ուղղությամբ, մեկուսացնել այս բնակավայրերն իրարից, քաոսային իրավիճակ ստեղծել, այնպես անել, որ կառավարում իրականացնել հնարավոր չլինի։ Ռազմավարական ուղղություններով էին հարձակվել այն ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք կենսական նշանակություն ունեին Արցախի համար։ Նրանց նպատակը Ստեփանակերտի ջրամատակարարման հանգույցը միանգամից օկուպացնելն էր, որը մարդկանց զրկեց խմելու ջրի հնարավորությունից։ Մարդիկ սարերից եկող չֆիլտրացված ջուր էին խմում։ Ադրբեջանն ակնհայտ հասկանում էր, որ մարդիկ մեկուսացած վիճակում էին, հոգեբանորեն ընկճված էին, առանց էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, շատ ընտանիքներ ստիպված էին իրենց երեխայի հացը հայթայթելու համար գնալ այլ շրջան՝ անգամ մինչև Ստեփանակերտ։ Ակնհայտ էր, որ այս ամենն օգտագործում էին, որ մարդկանց շրջանում առավել մեծ խուճապ առաջացնեին»,- նշել է Թաթոյանը:

«Երբ առաջին անգամ սկսեցին Գետավանի և Չարեքթարի վրա հարձակվել, մարդիկ գնացին դեպի Սարսանգի ջրամբար, հետո Մարտակերտի կողմից էլ էին հարձակվել, հետագայում մարդիկ բարձրանում էին վերև, տեսնում էին, որ ճանապարհներն արգելափակված են, ստիպված իջնում էին ներքև։ Նույնը Գետավանից դեպի Վաղուհաս գյուղի ճանապարհին էր։ Ունեինք դեպքեր, երբ մարդիկ գնում էին Վաղուհաս, բայց տեսնում էին, որ այդտեղից էին հարձակվում։ Նրանց միակ ելքը Խաչենի կամուրջն էր, բայց Ադրբեջանի զինված ծառայողները Վանք գյուղի ուղղությամբ հարձակումներ էին իրականացնում, արգելափակվում էր նաև այդ ելքը։ Պատկերացրեք, որ մի սենյակի մեջ են մարդկանց բոլորին լցնում և մի անկյունից քշում դեպի մյուսը, դուռը մեկն է։ Իրականում դա էլ է արգելափակված։ Խաչենի կամուրջով արդեն հիմնական ելքն էլ էին Մարտակերտից արգելափակել ադրբեջանական զինծառայողները։ Մարդիկ վառելիք էլ չունեին մեքենաների համար, անգամ խմբերով բեռնատարների մեջ էին, հաճախ ոտքով էին։ Սա նպատակային ծրագիր էր, որը հանգեցրեց մեծ խնդիրների ոչ միայն հոգեբանական տառապանքների, այլև ունեինք քաղաքացիական անձանց թվում զոհեր, քանի որ այս ամենը զուգակցվում էր հրետանու հարձակումներով, զինված հարձակումներով։ Սկզբում հայտարարել էինք 18, բայց հետո 20 հոգի էին, որից 6-ը երեխաներ էին»,-նշել է նա: