Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ

Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ

Տնտեսության արագ զարգացման բանալին գտնելու համար հարկավոր է` իրատեսորեն ներկայացնել առկա իրավիճակը ու այդ հիմքի վրա, համադրել մեր երկրի բնարտադրական, ինտելեկտուալ ռեսուրսները համաշխարհային տնտեսության զարգացումների հետ: Մեր տնտեսության առկա վիճակը, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ այսպիսին է․ (ՀՀ օրաթերթ, 29. 08. 2019թ.)… «15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին՝ մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք՝ 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած: Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»: Իսկ (12.03.2021թ.) «Կարևոր է արտադրողականության արդյունավետության բարձրացումը>  հոդվածում վարչապետը նշում է, որ եթե մենք 1 ժամում տալիս ենք 6 դոլարի արտադրանք, ԵԱՏՄ-ում այն 11 դոլար է, զարգացած երկրներում`43 … «կան երկրներ էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի»:  Այսինքն, տնտեսության զարգացման էական ցուցանիշներով, մենք ետ ենք ժամանակակից զարգացումներից 1000- ից ավել տոկոսով:
Ինչու՞, որո՞նք են պատճառները…

«Դեպի չորրորդ Հանրապետություն» հոդվածում (ՀՀ օրաթերթ 12. 01. 2021թ.),  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գրում է` «Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը` իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք`դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երեվակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն եվ գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ եվ դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»:

Շնորհակալություն մեր ղեկավարներին իրավիճակի անաչառ, իրատեսական, սթափեցնող գնահատականի համար: Ինչպես դա փաստեցին վարչապետն ու էկոնոմիկայի նախկին նախարարը, պատերազմում պարտվելու թղթի տակ ստորագրելուց առաջ, մենք արդեն ստորագրել էինք տնտեսական պարտության թուղթը: Հասկանալի է նաև, որ այս երկու իրողությունները`տնտեսության անկումը, պատերազմում պարտվելը, փոխկապակցված են, մեկը պատճառն է, մյուսը՝ հետևանքը ու երկուսն էլ միասին երկրում արդեն 30 տարի արմատացած, ՀՀ նախագահի նշած, մթնոլորտի արդյունքն է:

Հասկանալի է, եթե այս ամենը հանրությունն ընդունում է, ապա մենք պետք է սկսենք երկրի ներքաղաքական, հասարակական մթնոլորտը, համակեցության կանոնները փոխելուց, նոր հայ դաստիարակելուց: Բայց սա դարավոր գործընթաց է, խիստ բարդ, նաեւ ամեն օր ապրել է պետք, ու հեռանկարը մտապատկերում ունենալով, պետք է փնտրենք անվտանգության, մարդկանց հանապազօրյա հաց ու ջրով ապահովելու, արտագաղթը կանխելու խնդիրների լուծումները: Այս առումով, ուշադրության արժանի է տնտեսագետ Կարեն Ադոնցի «Ռազմատնտեսական կոմիտե» ստեղծելու առաջարկը, որտեղ կմեկտեղվեն մեր ռեսուրսները, առկա գիտատեխնիկական պոտենցիալը և կտրվեն դրանց արտակարգ ներդրման լուծումները` նոր հայ ձևավորելու տեսլականով:

Բայց, որպեսզի դա կարողանանք իրագործել, Նախագահի համոզմամբ պատմության արխիվ պետք է նետենք …«այն կեղծ օրակարգերը, գաղափարները եվ մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին»: Իսկ վերջին 3 տասնամյակում, այդ թվում նաև այսօր, մենք տնտեսությունը շարունակում ենք «զարգացնել» շուկայական ազատականության  ձևաչափով` որի ընդհանրական գնահատականը՝ իր ազգակործան ցուցանիշներով, արդեն ունենք` ժամանակակից քաղաքակրթությունից ետ ենք մնացել մի ամբողջ դարաշրջան:

Ուրեմն, պետք է անցնել տնտեսության կանոնավորման նոր ձևաչափի, որի նախընտրելի տարբերակը, երևի,  այսպես կոչված, նորազատականությունն է (նեոլիբերալիզմ): Այն, ի տարբերություն գործող ձևաչափի` լիբերալիզմի, լիովին չի ժխտում տնտեսության պետական կանոնավորումը, ազատ շուկան, անսահման մրցակցությունը համարում է որպես առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման հիմնական միջոց, ինչը հնարավոր է առաջին հերթին տնտեսական աճի հիման վրա, որը նաև երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է:
Այս առումով նշանակալի էր Կառավարության 14. 01 2021թ. նիստը, որտեղ էկոնոմիկայի նոր նախարարի հաստատակամ դիրքորոշմամբ դրական լուծում ստացավ «Բիզնես-կառավարություն» համագործակցությունում վերջինիս անմիջական, ռիսկային մասնակցության հարցը. բիզնեսն իր էությամբ արդեն ռիսկ է, և եթե դրան գնում է մասնավորը, ապա ինչո՞ւ նա չպետք է ունենա կառավարության համարժեք աջակցությունը:

Տնտեսության, բիզնեսի պետական կանոնավորումը փոքրացնում է ռիսկերը, որովհետև պետությունը՝ որպես գործընկեր ինչ-որ չափով պատասխանատվություն կրելով դրանց համար, գործարկում է ամբողջությամբ իր իրավասության տակ գտնվող երկրի գիտատեխնիկական ներուժը, նրա կիրառական ոլորտը շաղկապելով բիզնեսի հետ, վերականգնելով գիտության` տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը: Այսպիսով շահում է և բիզնեսը, և գիտությունը, և պետությունը, շահում ենք մենք բոլորս:

Մինչդեռ, ինչպես արդեն տեսանք, արդեն 30 տարի է ոչ բիզնեսն է առաջ շարժվում, ոչ գիտությունը, ոչ էլ պետությունը: Այս եռամիասնությունը, որը պետք է տնտեսությունը զարգացներ, բյուջեն լցներ, մեր կյանքը բարելավեր, երկրի անվտանգութունը ապահովեր`փաստորեն ոչ մի կերպ չի ուզում համագործակցել, նրանք խռովել են իրարից` որովհետեւ շուկայական լիբերալիզմը այդպես է պահանջում:
 Ինչու… ում է դա ձեռնտու: Ես կխուսափեմ այս հարցադրումների պատասխանների փնտրտուքներից: Միայն ասեմ, որ, իմ կարծիքով, համատարած թալանի ամբողջ մեխանիկան, նրա փիլիսոփայությունը խարսխված է այս սկզբունքի վրա. որքան հեռու է տնտեսությունը գիտությունից, որքան շատ է անորոշությունը տնտնտեսության և գիտության կանոնավարման, փոխազդեցության համակարգում, այնքան մեծ է թալանը, տնտեսության անկումը։ Գիտությունը, գիտատեխնիկական նորույթները «կներմուծենք» արտերկրից, այնտեղ էլ, աչքից հեռու, կլուծենք «ատկատների» հարցը, տնտեսությունն էլ «կզարգացնենք»,  մարդկանց աչքին թոզ փչելով: Այսինքն, կվերածվենք շուկայատեղի, արևելյան բազարի, որտեղ արտերկրի տուզերը կիրացնեն իրենց ապրանքը՝ իրենց թելադրած գներով ու պայմաններով: Ու մենք կվերածվենք (եթե արդեն չենք վերածվել) բանանային պետության: Գուցե՞ հիշենք Մարքսին թե ինչ է կապիտալիզմը…
Իսկ մերո՞նք, մեր գիտատեխնիկական ներու՞ժը… ինչո՞վ են զբաղված նրանք: Ոլորտի մեր ղեկավարների կարծիքով նրանք` նրանցից երկրում դեռևս մնացածները, մինչև կեսօր իրենց «աշխատատեղերում կոֆե են խմում, իսկ հետո տուն գնում»:

Տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ այդ նույն գիտնականը, շուկայական լիբերալիզմի պայմաններում, արտերկրում, կարողանում է ապահովել տնտեսության ցուցանիշների թռիչքաձև աճ, իսկ մերոնք չեն կարողանում, ու մենք առաջընթացը կապում ենք տնտեսության կանոնավորման նոր ձևաչափի` նեոլիբերալիզմի, ներդրման հետ:

Պատասխանը, կարծում եմ պարզ է. կապիտալիստական զարգացած երկրներում այդ աճը ապահովում են գիտնականներով, նախագծողներով, փորձարարական կայաններով, գործարաններով համալրված ֆիրմաները, որոնք յուրօրինակ «պետություններ են» պետության մեջ և, բնականաբար պետության կանոնավորման, աջակցության կարիքը չունեն: Իսկ մե՞նք` որտե՞ղ է մեր կիրառական գիտության բազան: Վերը նշածը մենք էլ ունեինք, բայց անցած 30 տարիներին այդ ամենը թալանվեց, զրոյացվեց: Ու հիմա, պրակտիկորեն պետք է սկսենք զրոյից: Ու այդ զրոն պետք է լինի տնտեսության կանոնավորման նորազատական ձևաչափը` որը ի տարբերություն նախորդի, չի ժխտում տնտեսության, գիտության, դրանց փոխհարաբերությունների պետական կանոնավորումը:
Ինչպե՞ս, ինչ հիմնարար ու նոր մոտեցումներով, ո՞ր բազայի հիման վրա, ֆինանսական ի՞նչ միջոցներով, ի՞նչ քայլերով…

Հիմնարար մոտեցումը այն իրողության գիտակցումն է, որ պետությունը իր հնարավորություններով` հատկապես իրեն ենթակա գիտատեխնիկական ներուժով ավելի հզոր է, հատկապես ինտելեկտուալ առումով, քան մասնավորը, և հետևաբար, ավելի ունակ իր մասնակցությամբ կայացած որևէ սեփականատիրոջ հետ ստեղծել, նոր տեխնոլոգիաներով, մեքենասարքավորումներով համալրված ուսումնացուցադրական ձեռնարկություն, դրա օրինակով շարքային տնտեսվարողներին ցույց տալով ոլորտի զարգացման ճիշտ ուղին, պայմաններ ստեղծել, որ վերջիններս սեփական աչքերով տեսնեն այդ առաջընթացը, քրքրեն դրա փասթաթղթերը, համոզվեն` որ դա է առաջընթացը, ու տեսածին, համոզմունքին գումարելով իրենց «շարիկների» տեսլականը` ստեղծեն իրենց երազած տնտեսությունը, ամենօրյա մրցակցության մեջ մտնելով ուսումնացուցադրականի հետ: Ակնհայտ է, որ այս դեպքում, առավել լիարժեք կիրացվի բնության տված ամենամեծ հրաշք-հարստությունը` «շարիկների» արտադրանքը, «բան» ստեղծելու մարդու կարողությունը` և մենք բոլորս առաջ կշարժվենք: 

Ակնհայտ է, որ եթե մենք այդ ձևաչափով կարողանանք ստեղծել մի քանի պրոֆիլային ձեռնարկություններ, ապա ոտքի կկանգնեցնենք ամբողջ տնտեսությունը: Ինչո՞ւ դա չենք անում… Այս հարցի պատասխանը փնտրում էր նաև նախորդ վարչապետը մարզային իր հանդիպումներում. Եղեգնաձորում մի ամբողջ ժամ նա խնդրում էր հավաքի մասնակիցներին, ցույց տալ այն տնտեսությունը, ուր այցելելով գյուղացին նոր բան կսովորի, կզարգացնի իր տնտեսությունը:

Պատասխանը քար լռությունն էր ու վարչապետի պոռթկումը` «բաբոյի, դեդայի տնամերձով մենք առաջնթաց չենք ունենա»: Ու թեպետ «ծախսել» ենք միլիոնավոր դոլարներ «խորհրդատվական» ծառայությունների, մեքենատրակտորային կայանների, կոոպերատիվների, Եվրոպայից մաքրամաքուր երինջներ ներկրելու, արոտները բարելավելու և այլ գործընթացների վրա` շարունակվում է տնտեսության անկումը և դրա կասեցման վերջն էլ չի երևում:

Այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք կանխամտածված չենք ցանկանում դուրս գալ այս իրավիճակից: Պարզվում է, որ այս դիտարկումը այնքան էլ հեռու չէ իրականությունից. քաղաքական ղեկավարության համար կարևորը իր իշխանության հավերժությունն է, իսկ այն հավերժ է, երբ զանգվածները մշտապես «սոված» են և միշտ պատրաստ ցանկացած քվեն վաճառելու օրվա հացի գնով: Այս նույն խնդիրն են լուծում նաև գործարարներին հազար ու մի թելերով չինովնիկներից կախման մեջ գցելու գործընթացները. ներկայումս նախկինի 2 կախվածության փոխարեն, գյուղացին իր բիզնեսի խնդիրները լուծելու համար պետք է թակի ևս 4 դուռ։ Ու հստակորեն ուրվագծվում է մարդկանց վատ կենսամակարդակը, բիզնեսի զարգացումը քաղաքականությանը ստորադասելու սխեման. սոված ես`վերցրու այս 20 դոլարը, միայն մի մոռացիր ընտրելու մեր ընկերոջը, նա լավ տղա է, քեզ էլի կօգնի, բիզնեսդ կաղում է` քեզ վարկ կտանք, միայն թե… Եվ այսպես շարունակ… 

Հիմա ավելացել է նորը` …վստահ եմ, որ դու իմ մարդն ես, ստացիր այս բարձր պաշտոնը, բարձր աշխատավարձը` հետն էլ նույնքան բարձր պարգևավճարը, միայն թե չմոռանաս ընտանիքիդ, բարեկամներիդ ասել…Եվ դարձյալ ու այդպես շարունակ: 

Ղեկավայր այրերից ոչ ոք,  իհարկե, չի ուզում հիշել, որ կոռուպցիայի մեջ թաղված Սինգապուրը հանկարծ սկսեց ծաղկել, երբ կառավարման համակարգում գործարկվեց մի պարզ, հասարակ կանոն. չինովնիկի բարեկեցությունը, նրա ստացած աշխատավարձն ու պարգևավճարը ուղիղ կապի մեջ են դրվում երկրի ՀՆԱ-ից` փաստացի ստացված եկամուտից, որն արդեն նաև ամբողջ ազգաբնակչության եկամուտն է, երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության գրավականը: Հասկանալի է, որ այս դեպքում սովածները քիչ կլինեն, բիզնեսն էլ ազատ շուչ կքաշի`դրանցից բխող քաղաքական հետևանքներով: Բայց, պետք է արդյո՞ք այս ամենը, իշխանությունը հավերժ պահելու մոլուցքով ապրող չինովնիկին: Իհարկե ոչ: Ու նա ամեն ինչ կանի, որ տնտեսությունը էլի մի քանի տասնամյակ մնա նույն կարգավիճակում:
Դրա նախանշանները արդեն կան:

 Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ նախկին տնօրեն, ներկայումս ՍՊԸ տնօրեն Ստյոպա Խոյեցյան