«Հրապարակ». Միլիոնների հետ ա խաղում պաշտպանության բիրդան աղա Պապիկյանը

«Հրապարակ». Միլիոնների հետ ա խաղում պաշտպանության բիրդան աղա Պապիկյանը

Մարտի 30-ին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ։ Հանդիպումը տեւել է 3 ժամ, սակայն հրդեհի հետեւանքով զոհված Արամ Մանուկյանի պապը` Արտյոմը, հանդիպումից դժգոհ է: Նա մեզ հետ զրույցում ասում է, որ ծնողները զինդատախազից, մասնավորապես, հետաքրքրվել են՝ արդյո՞ք դեպքի պաշտոնական վարկածից բացի, այլ վարկածներ նույնպես քննության առարկա են դարձել, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրի անձեռնմխելիությունը՝ մինչեւ քննչական գործողությունների մեկնարկը։ Սակայն այս հարցերին սպառիչ պատասխան չեն ստացել: Մեր զրուցակիցը պնդում է, որ 15 զոհերի հարազատներն ու ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, այն է՝ վառարանը վառելու հետեւանքով է հրդեհվել կացարանը:

- Կոնկրետ ինչի՞ց եք դժգոհ: Ինչո՞ւ զինդատախազի պատասխանները Ձեզ դուր չեն եկել:

- Զինվորական դատախազը համարյա ոչնչից տեղյակ չէր: Մի քանի բանից էր տեղյակ, գրառումներ արեց, ասեց, որ կուսումնասիրի եւ կպատասխանի:

- Օրինակ` ինչի՞ց տեղյակ չէր:

- Օրինակ` տեղյակ չէր, որ ճանապարհի վրա կան տեսախցիկներ: Շատ բաներից տեղյակ չէր: Մենք իրեր էինք գտել, «պրապորշչիկի» պագոն ենք գտել, դա ի՞նչ գործ ուներ էնտեղ, դա էլ չգիտենք, դատախազն էլ տեղյակ չէր: Ասում է՝ բենզինով վառարան վառել չէր կարելի, դրա համար էլ հինգ հոգի ձերբակալվել են: Մեր ի՞նչ բանն ա, թե քանի հոգի ա ձերբակալված, դու գործի էությունից խոսիր: Հարցնում ենք` ուրիշ վարկած չկա՞, ասում է` չէ, հետո էլ պնդում, թե չի բացառվում: Ես պնդում եմ, որ Ադրբեջանի կողմից տեռոր է եղել: Կամ էլ գուցե` հայերի կողմից, բարձրաստիճան սպաներ են, թե ինչ են, դրանց մեջ էլ գուցե ադրբեջանցիներ կան:

- Դուք նաեւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար էիք նախարարություն դիմել: Չկա՞ արձագանք Սուրեն Պապիկյանից:

- Սուրեն Պապիկյանը փախած ա: Նա պետք ա հրաժարական տա: Նրանից ի՞նչ նախարար: Էնքան ա չաղացել՝ աչքերը տեղից փակվում են, միլիոնների հետ ա խաղում պաշտպանության բիրդան աղան` Սուրեն Պապիկյանը: Ես դրա անունը «բիրդան աղա» եմ դրել: Սոված էր, բայց հարստացել ա, դառել բիրդան աղա:

- Գաղտնիք չէ, թե իրավապահ համակարգն ում կանոններով է շարժվում: Կարծում եք՝ այս գործն իսկապես կբացահայտվի՞:

- Երեք ամիս ա՝ մատը մատին չեն տալիս: Եթե էսպես շարունակվի, դիմելու ենք Եվրոպական դատարան: Չենք թողնելու անցնի գնա:

- Զոհերից մեկի ծնողը նշել էր, որ այդ զորանոցում կոնֆլիկտային իրավիճակ է եղել, իր որդին զանգահարել ու ասել է, որ իրեն փրկեն այդտեղից:

- Դեպքից երկու օր առաջ երեխեքի հեռախոսները վերցրել ու մինչեւ հիմա հետ չեն տվել: Աֆիցերը հերքում ա, որ կոնֆլիկտ ա եղել, դե պարզ ա, պիտի հերքեր…. Տղաները եղել են գիտակից, սակայն վառվել են, տենց ո՞նց կարող է լինել:

- Վառարանը վառող սպան ցուցմունք է տվել եւ նշել, որ իսկապես բենզինով է վառարանը վառել: Այդ դեպքում ինչո՞ւ է նման ցուցմունք տվել:

- Դե, սկզբում հարցաքննեցին, հետո էլ, թե՝ վատ ա, ասում են` վիճակը հիմա շատ վատ ա: Ինչ ասեմ, զինդատախազը նույնիսկ չգիտեր, որ Ազատ գյուղում նման մի զորանոց էլ կա: Չեմ հասկանում, էլ ի՞նչ են քննում, որ դա էլ չգիտեն: Բարկացա գնացի, որ դա լսեցի…. Ասում են՝ անգամ մյուս զորանոցի տղերքն են օգնել, որ մեր երեխեքին դուրս բերեն: Համադրելով փաստերը, նկարներ էլ ունեմ, կասկածներ ունեմ, որ տղաները զորանոցում չեն վառվել: Չի կարող էդ փոքր տարածքում մեկը 20 տոկոս այրվածք ունենա, մյուսը` 70 տոկոս: Երկու օր շարունակ տղաները զենք ու զինամթերք են տեղափոխել, չգիտեմ որտեղ են եղել, դեպքը պատահել ա, թե վառվել են, թե ինչ, բերել ըտեղ են պառկացրել, սենյակի կեսն ա վառված: Նորից եմ ասում` մինչեւ վերջ գնալու, բացահայտելու ենք: