G7-ի երկրներն անդրադարձել են Գազային, Ռուսաստանին, Իրանին, Կորեային եւ Ադրբեջանին. Մանրամասներ 

G7-ի երկրներն անդրադարձել են Գազային, Ռուսաստանին, Իրանին, Կորեային եւ Ադրբեջանին. Մանրամասներ 

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության ԱԳ նախարարներն ու Միացյալ Նահանգները, Եվրամիության ներկայացուցիչը միջազգային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար այսօր միասնական են, քան երբևէ: Ասվում է մեծ յոթնյակի (G7-ի) երեկ՝ նոյեմբերի 8-ին Տոկիոյում կայացած գագաթաժողովի հայտարարության մեջ։ 

Մեծ յոթնյակի անդամները հայտարարում են, որ ավելի են ընդլայնելու իրենց համագործակցության ոլորտները՝ միասնաբար արձագանքելու համար վերջին համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներին՝ հիմնվելով Հիրոսիմայի G7 գագաթնաժողովում իրենց առաջնորդների ստանձնած պարտավորությունների վրա։ Եվս մեկ անգամ հաստակամություն են հայտնում պաշտպանել ընդունված միջազգային կանոնակարգը, որը հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության վրա։ G7-ի հայտարարության մեջ շեշտվում է նաև այն, որ իրենք վերահաստատում են իրենց խիստ դիրքորոշումը, հակազդեցությունը ցանկացած միակողմանի փորձերին՝ խաղաղ ճանապարհով հաստատված տարածքների կարգավիճակը ուժի կամ հարկադրանքի միջոցով փոխելու ուղղությամբ, որոնք խարխլում են օրենքի գերակայությունը, որը պաշտպանում է բոլոր ազգերին ու պետություններին, ինչպես նաև համաշխարհային անվտանգությունն ու մարդկային արժանապատվությունը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել Վիեննայում ընդունված Դիվանագիտականան հարաբերությունների մասին կոնվենցիան»,-ասվում է հայտարարության մեջ։

Անդրադարձել են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, շեշտելով, որ դատապարտում են ՀԱՄԱՍ-ի և մյուսների կողմից նոյեմբերի 7-ի հարձակումը` Իսրայելի հրթիռակոծությունը և որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իր պետությունն ու իր քաղաքացիներին՝ միջազգային իրավունքի սահմաններում։ Խոր ցավակցություններ են հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների ընտանիքներին ու հարազատներին ու կոչ են արել բաց թողնել իսրայելցի բոլոր պատանդներին՝ առանց որևէ նախապայմանի։

Մեծ յոթնյակը, փորձելով մեղմել իրենց ոչ այնքան օբյեկտիվ վերաբերմունքը, նշել է, որ դեմ են անտիսեմիտիզմի և իսլամաֆոբիայի դրսևորումներին, սակայն պաղեստինցիների մասով այդքան հստակ դիրքորոշում չեն հայտնել, պարզապես մի նախադասությամբ նշել են, որ պաղեստինցիներն ու իսրայելցիներն ունեն հավասար իրավունքներ անվտանգ ու ապահով, արժանապատիվ և խաղաղ ապրելու։ 

G7-ի հայտարարության մեջ Իսրայելին չեն նախատում Գազայում խաղաղ բնակիչների՝ շուրջ 10.000 մարդու մահվան համար, որից 40 տոկոսը երեխաներ են, սակայն քննադատում են այն, որ էքստրեմիստական խմբերի գործունեությունը պաղեստինցիներին վտանգի մեջ է դրել և Վեսթ Բենք կոչվող տարածքում կամ Արևմտյան ափում խաղաղության վերականգնումը հարցականի տակ է դրվել։

Նշում են, որ անում են ամեն ինչ, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա միջոցներ հայթայթել՝ պայքարը շարունակելու համար, դե իսկ իրենք համոզված են, որ թե Իսրայելը, թե պաղեստինցիները պետք է կարողանան ապրել խաղաղ` կողք կողքի։ Ի դեպ, նաեւ որոշել են 500 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել պաղեստինցիներին՝ ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների միջոցով։ Հանուն արդարության պետք է նշել, որ հայտարարության մեջ Մեծ յոթնյակը նաեւ բարձրաձայնել է Գազայում հումանիտար ճգնաժամը կանգնեցնելու ուղղությամբ գործողությունների անհրաժեշտությունը, կարևորել, որ բոլոր կողմերը պետք է թույլ տան Պաղեստինի ժողովրդին մարդասիրական անարգել օգնություն ստանալ՝ ջուր, մթերքներ, դեղորայք, վառելիք, ինչպես նաև հումանիտար դադարներ ու հումանիտար միջանցքներ ապահովել, բնակիչների տեղաշարժը թույլ տալ։ 

Իհարկե, G7-ի հայտարարության մեջ չի նշվում, որ հենց Իսրայելն է բլոկադայի ենթարկել Գազայի բնակչությանը, ինչպես ավելի վաղ դա արել էր Ադրբեջանը՝ Արցախում, ինչը շուրջ ինը ամիս տևելուց հետո ավարտվեց Արցախում ցեղասպանությամբ ու մարդկանց բռի տեղահանությամբ։ 

Անդրադարձ կա նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին. «Մեր հանձնառությունը՝ աջակցել Ուկրաինայի պայքարին՝ իր անկախության, սուվերենության ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, անխախտ է։ Եվ մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը լինել Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ այդ պայքարը շարունակվում է՝ միաժամանակ տնտեսական և այլ տեսակի ճնշումներ ու պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հաստատուն և երկարատև խաղաղություն չի կարող հաստատվել, քանի դեռ ռուսական զորքերն ու ռազմական տեխնիկան դուրս չեն բերվել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Խաղաղության ֆորմուլային», -ասված է հայտարարության մեջ։

G7-ը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը հանգեցնելու է ծանր հետևանքների։ Նրանք խորապես ափսոսում են, որ Ռուսաստանը չեղարկել է Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը, այնինչ մեծ յոթնյակի երկրները աջակցում են Միջազգային ատոմային էներգիայի Գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի շարունակական ներկայությունը և անարգել մուտքը Ուկրաինայի բոլոր քաղաքացիական միջուկային օբյեկտներ: Ապա յոթնյակը խոստանում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակել ու կիրառել եւ կոչ են անում երրորդ երկրներին՝ դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին եւ պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի վերանայվեն Ռուսաստանից ներկրված մետաղների, էներգետիկ արտադրանքի, ադամանդների ներմուծման ծավալները։ Եւ ամենակարեւորը` հայտարարում են, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված ամբողջ վնասի դիմաց, իսկ իրենք պատրաստ են նաև երկարաժամկետ կտրվածքով աջակցել Ուկրաինային՝ վերականգնվելու համար։ Նաեւ սպառնում են Ռուսաստանին՝ միջազգային քրեական դատարանով և հիշեցնում ՝ Ռուսաստանի օտար երկրներում գտնվող ակտիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի փոխհատուցել Ուկրաինային հասցված ահռելի վնասը։ 

Մեծ յոթնյակը չի շրջանցել նաև Հյուսիսային Կորեան, որտեղ շարունակում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, բալիստիկ հրթիռների նոր համակարգեր մշակել։ Նրանք կոչ են անում Հյուսիսային Կորեային` հրաժարվել միջուկային զենքից, միջուկային ծրագրերից, ինչպես նաև ցանկացած այլ WMD և բալիստիկ հրթիռների ծրագրերից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերի համաձայն: «Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի փոխանցումները, որոնք ուղղակիորեն խախտում են ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը»,- հայտարարում է մեծ յոթնյակը։ 

Իրանին վերաբերող հատվածում, մեծ յոթնյակի երկրները մտահոգություն են հայտնում ՀԱՄԱՍ-ին, Հըզբոլլահին ու նմանատիպ այլ կազմակերպություններին աջակցություն ցուց տալու հետ կապված և կոչ են անում դադարեցնել նմանատիպ ցանկացած օգնություն այս կազմակերպություններին, որոնք տարածաշրանում ապակայունացնում են իրավիճակը։ Բնականաբար, չեն մոռացել չշեշտել այն հանգամանքը, որ Իրանը չպետք է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ տանի ու պետք է հրաժարվի միջուկային ծրագրերից։ Մեծ յոթնյակին դուր չի եկել այն հանգամանքը, որ Իրանը նոր ու հզոր բալիստիկ հրթիռներ է ստեղծում, ու հորդորում են Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ չաջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում և վերջ տալ նոր հզոր հրթիռներ ու այլ ռազմատեխնիկա ստեղծելու ակտիվ գործընթացը։ 

Ուշագրավ է, որ Մեծ յոթնյակն անդրադարձել է նաեւ Արցախին եւ դատապարտել է Ադրբեջանին` Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններ հրահրելուց հետո հայերի տեղահանում իրականացնելու համար և կոչ է արել Ադրբեջանին՝ միջազգային մարդասիրական օրենքներին հետևելով՝ վերացնել հումանիտար աղետի հետևանքները: Կրկին անգամ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` խաղաղ ճանապարհով։