Ամեն մեկին՝ իր չափով

Ամեն մեկին՝ իր չափով

Մեծ հաշվով, մենք անարդար հասարակություն ենք՝ մեղքի ու անմեղության, պատասխանատվության եւ պատժի եզրույթները շատ դժվար ենք տարանջատում։ Աջուձախ բոլորը բոլորին մեղադրում են՝ առանց հասկանալու, թե որ մարմինը կամ որ անձն ինչի համար է պատասխանատու եւ ինչքանով է մեղավոր։ Օրինակներն ուզում եմ բերել 2018-ի հեղափոխության, իշխանությունների հանդեպ վերաբերմունքի, մեր երկրի արձանագրած նահանջի, պատերազմի ու պարտության կոնտեքստում։ Այն, ինչ վերջին 3 տարում կատարվել է մեզանում, անշուշտ, բոլորիս մասնակցությամբ է կատարվել։

Մենք՝ բոլորս, մասնակցել ենք իշխանափոխության պրոցեսին, մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ մի քիչ պակաս։ Անգամ բարիկադների մյուս կողմում գտնվողներն են դրան մասնակցել՝ նվազ պայքարելով, շուտ հանձնվելով, վախենալով եւ լռելով։ Անշուշտ, մասնակցության չափը տարբեր է եղել։ Ապա մասնակցել ենք Ազգային ժողովն ու դատարանները շրջափակելուն, 2018-ի դեկտեմբերի ընտրություններին էլ 800 հազար հոգով ամրագրել ենք «Իմ քայլի» իշխանությունը։

Անգամ մենք՝ լրատվամիջոցներս, որքան էլ գրել ու քննադատել ենք, 2020-ի աշնանը՝ պատերազմի ժամանակ, լռել ենք՝ նահանջելով արծրունհովհաննիսյանների տեռորի, վարչական տուգանքների, Նիկոլ Փաշինյանի ստատուսների, պողոսների ֆեյսբուքյան արշավների առաջ։ Բայց մենք ոչ միայն մեր սեփական մեղքի չափը չենք գիտակցում, այլեւ դիմացինի մեղքինը։ Ասենք, Արփի Դավոյանի մեղքն ու Նիկոլ Փաշինյանի մեղքը նույնական չեն, բայց հայհոյողների բանակը նրանց գրեթե նույնկերպ է դատափետում։ Տիգրան Ավինյանի եւ Վահրամ Դումանյանի պատասխանատվության չափը հաստատ նույնը չէ, բայց Դումանյանին երբեմն ավելի շատ են քննադատում, քան Ավինյանին։ Մենք պետք է տարբերենք ամեն մեկի մեղքի չափը եւ պահանջենք՝ ըստ կատարածի։