Արցախում համոզված են, որ ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրի Փաշինյանը, առոչինչ է

Արցախում համոզված են, որ ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրի Փաշինյանը, առոչինչ է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի օգտին հայտարարություններով երբեք էլ աչքի չի ընկել, սակայն հիմա բաց տեքստով արդեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է խոսում: Վարչապետի այս հայտարարություններից հետո Արցախում ինչ-որ բան փոխվե՞լ է: Ի՞նչ դիրքորոշում ունեք Արցախն Ադրբեջանին հանձնելու այս մտահղացման ու գործընթացի մասին:

- Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի բնակչությանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլեւ` ճիշտ հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի այն դառնա Ադրբեջանի մաս: Եթե նախկինում այդ մասին խոսում էր ընդհանրական, ապա հիմա բաց տեքստով է ասում, արդեն քառակուսի կիլոմետրերից է խոսում, որպեսզի տարակարծություն չառաջանա: Ինքն Ադրբեջանի կազմում է Արցախը տեսնում: Արցախի Ազգային ժողովը հայտարարություններ է արել՝ հայտնելով իր դժգոհությունը:

- Այժմ եթե Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթղթերի տակ ստորագրի, Ադրբեջանին հանձնի Արցախը, ի՞նչ պետք է անեն Արցախում ապրող հայերը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:

- Կարծում եմ, որ Արցախում ապրող ցանկացած մարդ համոզված է, որ նույն Արցախն ուղղակի մի ինչ-որ փաստաթղթով հնարավոր չէ Ադրբեջանին հանձնել: Արցախն այնքան ժամանակ չի կարող հանձնվել Ադրբեջանին, քանի դեռ այստեղ գեթ մեկ հայ է ապրում: Հայ, որը պայքարում է Արցախի հայկական մնալու համար: Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ կարող է լուծում տալ Արցախի հարցին, անկախ նրանից, թե այդ լուծումն ինչպիսին կլինի: Գուցե այդ նոր ստորագրվելիք փաստաթղթերն ավելի բարդացնեն մեր պայքարը, սակայն դրանք ոչինչ չեն փոխելու: Այստեղ բոլորը համոզված են, որ ցանկացած փաստաթուղթ, որի տակ կստորագրի Նիկոլ Փաշինյանը, առոչինչ է: Այն որեւէ իրավական ուժ չունի մեզ համար:

- Խոսվում է նաեւ Հայաստանից գյուղեր հանձնելու մասին՝ Տավուշի, Արարատի մարզերում:

- Այո, դրանք պատահական խոսքեր չեն, եթե ասում է` տալու է, նա պատահական խոսքեր չի ասում, որովհետեւ պատահական մարդ չէ, իսկ որ ինքը պատահական մարդ չէ եւ հատուկ ծրագրով է իշխանության եկել, դա գիտենք բոլորս եւ խոսել ենք այդ մասին դեռեւս 2018 թվականին: Անկլավների մասին խոսելով՝ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատում է այն միտքը, որ իր համար չկա «հայրենիք» հասկացությունը: Այն գյուղերը, որոնց նա անկլավ է անվանում, մեր հայրենիքի մի մասն է, որի համար բազմաթիվ հայորդիներ ենք զոհել: Թեպետ այդ մարդը եթե Արցախն է հեշտությամբ հանձնում, ապա առավել հեշտությամբ հանձնելու է նաեւ հայկական գյուղերը:

- Ընդդիմադիրներն ի՞նչ կարող են անել այս պարագայում: Արցախից եւս սկսել են քննադատել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը:

- Ընդդիմությունը պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի: Ցավոք, դա նրանց մոտ չի ստացվում:

- Արցախում այս անհասկանալի իրավիճակի արդյունքում ի՞նչ է փոխվել: Կա՞ հուսահատության ալիք:

- Հուսահատություն չկա, սակայն նմանատիպ իրավիճակները բացասաբար են ազդում Արցախում ապրող մարդկանց վրա: Գրեթե մարել է այն հույսը, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն ինչ-որ հարցում օգտակար լինել Արցախին: Հիմա մտածում ենք` գոնե չխանգարեն: Գրեթե վեց ամիս զրկանքներ տանելուց հետո արցախցին չի հուսահատվելու: