Խարկովի 2022թ-ի ճակատամարտը կարելի է համարել ավարտված

Խարկովի 2022թ-ի ճակատամարտը կարելի է համարել ավարտված

Դե ինչ, ԽԱՐԿՈՎԻ 2022 Թ-ի ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ կարելի է համարել ավարտված և այն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ: Ռուսական կողմը հետ է քաշում կամ արդեն հետ է քաշել ուժերը դեպի ՌԴ տարածք՝ ԹՈՂՆԵԼՈՎ Խարկովի մարզի հիմնական մասը: Սա, որ պատկերացնեք, ճակատի մոտ 20 տոկոսն է: Այժմ ճակատի հյուսիսում մնաց արդեն Դոնբասը, իսկ հարավում՝ Խերսոնը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ սա զգալի, բայց ոչ ջախջախիչ պարտություն էր: Ռազմական կորուստ ռուսական կողմը համեմատականորեն քիչ է կրել, ավելորդ էլ է ասել, որ մասսայական շրջապատումներ կամ գերեվարումներ չկան: Զգալի քանակությամբ, սակայն, հակառակորդին է թողնեցվել ԶԻՆԱՄԹԵՐՔ: Հարձակման թիկունքում անկասկած Արևմուտքի զորավարական միտքն է, հարձակումն էլ եղել է ոչ թե դասական տեսքով, այլ՝ «ասպատակումներով» - թեթև, բայց առաջնակարգ զինված ամենագնացներով կամ առավելագույնը թեթև զրահամեքենաներով զինված դիվերսիոն-հետախուզական խմբերը, որոնք ունեցել են առաջնակարգ կապի միջոցներ, օգտվելով այն բանից, որ ճակատի համատարած գիծ չկա, ԼՑՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՆԵՐԻ ՈՒ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԻ ԱՐԱՆՔԸ ԵՎ ԽՈՐԱՑԵԼ, իսկ քանի որ ռուսները մարդուժի պակաս ունեն ընդհանրապես, իսկ այդ հատվածում՝ հատկապես, օղակման վտանգի տակ գտնվող ուժերը ստիպված հետ են քաշվել: Կա նմանություն մեր վերջին պատերազմի հետ, ուղղակի, քանի որ մեզ մոտ տարածությունը փոքր էր, թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերն ուղղակի ոտքով լցվեցին ներս: Հադրութում, օրինակ, այդպես եղավ: Արևմտյան ձեռագիրն է, սովորել է պետք:

Ռուսական կողմի համար, սակայն, դա չէ վատը, այլ՝ ՀԵՏԱԳԱՆ, քանի որ յուրօրինակ ցուգցվանգային վիճակ է, երբ ի՞նչ քայլ էլ անես, վիճակդ վատանում է: Իրոք, ՉԱՆԵ՞Լ մոբիլիզացիա, նշանակում է քանակապես շարունակել զիջել հակառակորդին, ընդ որում տեխնիկական առավելությունը Արևմուտքը մեծապես չեզոքացնում է: ԱՆԵ՞Լ մոբիիզացիա՝ նշանակում է զենք տալ մեծ քանակի մարդկանց ձեռքը, որոնց բացարձակապես խորթ է պատերազմը և որոնք որևէ ցանկություն չունեն, ՄԻՆՉ ԱՅԼՈՔ ՄՈՍԿՎԱՆԵՐՈՒՄ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ ՈՒ ՄԵԾ ՓՈՂԵՐԻ ՄԵՋ ԼՈՂՈՒՄ ԵՆ, կյանք ու առողջություն վտանգել պատերազմում կամ նույնիսկ ժամանակ ծախսել այդ գործի վրա: Պատերազմի իմպերիալիստական բնույթն իրեն զգացնել է տալիս և, եթե Արևմուտքը դա փակում է ուկրաինացիների մոտ թեև կեղծ, բայց համոզիչ պրոպագանդա տանելով ու մեծ փողով, ապա ռուսների կողմից այդ ամենը չկա: Առանձին հարց է այն, որ մասսայական մոբիլիզացիայի դեպքում շատ դեպքերում չկա այդ քանակի որակյալ և ժամանակակից զենք, իսկ հաճախ էլ բացակայում են կադրերը, քանի որ, ինչպես մեր դեպքում, այս տասնամյակներում Ռուսաստանում ևս պահեստազորի ՆՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՈՒՄ չի իրականացվել: Արևմուտքը սա փակում է մեծ փողերով վարձկաններ գնելով, ինչպես նաև վերջին 8 տարում Ուկրաինայում արդյունավետ ռազմական ուսուցում իրականացնելով:

Հաջորդ հարվածը, կարծում եմ, կգա ԽԵՐՍՈՆԻՆ և արդեն այստեղ կյանքը ցույց կտա՝ ռուսները դասեր քաղե՞լ են, ինչ որ բան արե՞լ են, որ Խարկովի վիճակը չկրկնվի, թե՞ ոչ: Իր հերթին Արևմուտքը Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի ղեկավարի շուրթերով այսօր բարձրաձայնեց ԻՐ ՊԱՀԱՆՋԸ, որը մինչ այս ասվում էր կեսբերան – Ռուսաստանը, եթե ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն, ՊԵՏՔ Է ՀԵՏ ՔԱՇՎԻ ՄԻՆՉԵՎ 1991 Թ-Ի ՍԱՀՄԱՆԸ՝ բնականաբար հանձնելով ոչ միայն 2022 թ-ի փետրվարի 24-ից հետո եղած ձեռբերումները, այլև՝ Դոնբասը և նույնիսկ Պուտինի անձնական հպարտությունը՝ ՂՐԻՄԸ: Սա Մոսկվան չի անի, բայց այդ պարագայում մյուս տարբերակները ևս բավարար չեն:

Այս ամենի ֆոնին վտանգավոր է դառնում արդեն մեր վիճակը այստեղ, որովհետև անկասկած է, որ, եթե շարունակվեն այս բացասական զարգացումները Ռուսաստանի համար, ապա մեզ վրա ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾ ԿԳԱ:

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյան