Իշխանավորների մարդասիրությունը հայեցողական եւ ընտրողաբար է

Իշխանավորների մարդասիրությունը հայեցողական եւ ընտրողաբար է

Հունվարի 24-ին համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան կոպտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները: Հունվարի 25-ին հարցին անդադարձավ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից», հայտարարել է մամուլի խոսնակը: Սա նշանակում է, որ պաշտոնյան՝ այս դեպքում Ալեն Սիմոնյանը մարդասեր է ու որոշել է միանգամից խիստ միջոցներ չձեռնարկել: Նախ նկատողություն, իսկ եթե իրավախախտը չի շտկվի՝ արդեն պատիժ ողջ խստությամբ:

Մարդասիրությունը գովելի է: Ցավալի է, որ ընտրողաբար է կիրառվում: Օրինակ առանց նախազգուշացումների աշխատանքից ազատվեց պետեկամուտների կոմիտեի մի աշխատող, որի «հանցանքն» այն էր, որ Հայաստանի պետական դրոշը դրել էր աշխատասենյակի մի անկյունում: Բայց դրոշի սխալ տեղում լինելը չի սպառնում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ի տարբերություն, քաղաքի ծանրաբեռնված փողոցում, օրը ցերեկով, երթեւեկության կանոնների կոպիտ խախտման:

Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմը այս կամ այն հարցում տարաձայնություններ ունենալու համար աշխատանքից ազատել է առանցքային մի շարք պաշտոնյաների՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պետեկամուտների կոմիտեի նախագահ, ազգային անվտանգության ծառայության ղեկավար եւ այլն: Թիմի ջանքերով հեռացվել է Երեւանի քաղաքապետը: Այս բոլոր բարձրաստիճան անձինք ազատվել են ոչ թե իրեն պարտականությունները չկատարելու, կոպիտ ձախողումների կամ վատ աշխատանքի համար, այլ երբեմն անհասկանալի պատճառներով, իսկ հիմնականում՝ առաջնորդին չենթարկվելու, թիմից կտվելու համար։ Բայց քաղաքական թիմի առանցքային դեմքի հեղինակությունը ստվերող վարորդին ընդամենը նախազգուշացում են հայտարարում:

Այսինքն կամ Ալեն Սիմոնյանը պիտի աշխատանքից ազատի վարորդներին, կամ աշխատանքում պիտի վերականգվեն ու պարզապես զգուշացում ստանան պետեկամուտների կոմիտեի աշխատողը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարն ու այդպես շարունակ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ