«Հրապարակ». Հանդիպում ենք պահանջել, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանանք

«Հրապարակ». Հանդիպում ենք պահանջել, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանանք

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺ կուսակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու եւ մեկնաբանություններ ստանալու համար։ Առիթը եղել է նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի արած հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում անորոշ ձեւակերպումներ են, եւ չկա հստակ ժամկետ, թե նոր միջանցքը երբ պետք է շահագործվի, առավել եւս՝ հարակից բնակավայրերի բնակիչները պիտի տարհանվե՞ն, թե՞ ոչ։ Եռակողմ հայտարարությունը սահմանում է․ «Երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։ 

Օգոստոսի սկզբներին Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջ լքել տները:

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, հայտարարում է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը պատրաստ կլինի։ Բանն այն է, որ նոր միջանցքը պատրաստ է լինելու եկող տարվա գարնանը, իսկ օգոստոսի 25-ից հետո կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյոք կլինե՞ն այնտեղ ռուս խաղաղապահներ․ հենց այս հարցի պատասխանը ստանալու համար են Արցախի ընդդիմադիրները հանդիպում խնդրել խաղաղապահների հետ։ Թեպետ Արցախի անվտանգության խորհուրդը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, ըստ էության, հաստատել է դեսպանորդի հայտարարությունը՝ հայտնելով, որ «ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո», սակայն ընդդիմադիրները կարծում են, որ դա անհնար է՝ առանց խաղաղապահների վերահսկողության։ Այդ կապը Հայաստանի ու Արցախի միջեւ պետք է ապահովի ռուսական խաղաղապահ ծառայությունը։

Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է, որ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի վրա համապատասխան աշխատանքներ են տարվում խաղաղապահ զորախմբի վերատեղակայման համար։ «Հիմնական ճանապարհը, որ պետք է կառուցեն, ավելի ճիշտ՝ իրենք իրենց հատվածը որ կառուցել են, ռուս խաղաղապահների բլոկ-պոստերը պետք է վերատեղակայվեն, ու այդ առումով արդեն երեւացող աշխատանքներ են կատարվում։ Բա ի՞նչ է դա, եթե չպիտի տեղակայվեն։ Այո, փաստ է, որ դեսպանորդը բոլորովին այլ բան է հայտարարել, եւ հենց դրա համար էլ հանդիպում ենք պահանջել, որ իրենից լրացուցիչ պարզաբանումներ ստանանք»,- ասաց Արթուր Մոսիյանը։

ԱՀ-ում ռուս խաղաղապահների ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերին հանդիպելու եւ մեկնաբանություններ տալու նշված հարցի կապակցությամբ։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իսկ իրենք Արցախի իշխանություններից հետաքրքրվե՞լ են ռուս պաշտոնյայի հայտարարությունների մասին։ «Արցախի իշխանությունները գիտեն այն, ինչ գիտեն։ Ես չեմ կարծում, որ իրենք բավարար չափով տեղեկացված են, Փաշինյանն ամեն բան չէ, որ տեղյակ է պահում Արայիկ Հարությունյանին, որովհետեւ եղել են դեպքեր, երբ փաստի առաջ ենք կանգնել»։ 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Ռուս պաշտոնյայի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն գոնե մինչ այս պահը համաձայն չէ նոր փաստաթղթին։ «Խնդիր կա, պետք է կոմունիկացիաների տեղափոխման հարց լուծվի, դրանք տեղափոխվեն նոր  ճանապարհի վրա, քանի դեռ չի արվել, դժվար է հավատալ, որ նոր ճանապարհը կգործարկվի։ Քանի որ ՀՀ իշխանությունները վաղուց լվացել են ձեռքերն Արցախից, մենք կփորձենք առաջիկա օրերին մեր իշխանություններից ու խաղաղապահներից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ»,- եզրափակեց ԱՀ ԱԺ պատգամավորը։