«Հրապարակ». Ի՞նչ նախկին, ես չեմ կարողանում դա հասկանալ․ ես ոչ մեկի կադրը չեմ եղել

«Հրապարակ». Ի՞նչ նախկին, ես չեմ կարողանում դա հասկանալ․ ես ոչ մեկի կադրը չեմ եղել

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու պատրվակով։ Նրա փոխարեն, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, տնօրենի ԺՊ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը։

Սեդրակյանը ոստիկանության գնդապետ է, 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակվել էր ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության, այսպես ասած՝ 7-րդ վարչության պետ, սակայն 2019-ի սեպտեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա միաժամանակ ՀՀ-ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն է մինչ օրս։

Բաբկեն Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից է եղել առաջարկը՝ զբաղեցնել այս պաշտոնը, ինքն էլ համաձայնել է։ «Նայել էին իմ աշխատանքային փորձը, անցած ճանապարհը, առաջարկությունը եղավ՝ չմերժեցի»,-ասաց նա։

- Իսկ ի՞նչ պայմանով եք նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար՝ հետո հենց Դուք էլ նշանակվելո՞ւ եք տնօրեն։

- Դե, հիմա ժամանակավոր պաշտոնակատար եմ, հետո մրցույթ լինի, եթե մրցույթն անցա, ուրեմն կնշանակվեմ, եթե չանցա, չեմ նշանակվի։

- Ե՞րբ է լինելու մրցույթը։

- Դեռ տեղյակ չեմ, էսօր նոր առաջին օրն է, որ նշանակվել եմ։

- Դուք աշխատել եք ոստիկանությունում, գնդապետ եք, Վալերի Օսիպյանն էլ Ձեզ 2018-ին նշանակել էր 7-րդ վարչության պետ, բայց մեկ տարի անց ազատվել եք պաշտոնից ու դրանից հետո մինչ այս պահը, փաստորեն, որեւէ պաշտոն չե՞ք զբաղեցրել։

- Չէ, որովհետեւ անձնական գործեր ունեի, ազատվեցի, վերջացրեցի, հիմա արդեն, որ առաջարկ եղավ, որոշեցի աշխատել։

- Բայց Դուք մետրոպոլիտեն ղեկավարելու փորձ կամ հմտություններ ունե՞ք, կարծում եք՝ կկարողանա՞ք կառավարել այդ հիմնարկը։

- Այո, ես մի քանի հիմնարկ ղեկավարել եմ, եղել եմ «Արմենթելի» աուդիտի տնօրենը՝ 5 տարի, երեւի պատկերացնում եք, չէ՞, ինչ մեծ հիմնարկ էր «Արմենթելը»։ Դրանից հետո եղել եմ ապակիների գործարանի գլխավոր տնօրեն՝ մոտավորապես 8 տարի, 7-8 հարյուր հոգի աշխատող ենք ունեցել։

- Իսկ այս իշխանությունների հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, որովհետեւ Ձեր անցած ճանապարհից երեւում է, որ ավելի շատ նախկինների կադր եք։

- Ես ոչ մեկի կադրը չեմ, ես նախկինների կադրը չեմ եղել, ոչ էլ բաժանում եմ՝ նախկին եւ ներկա, պարզ ասեմ՝ ինձ աշխատանքային առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ։ Ի՞նչ նախկին, ես չեմ կարողանում դա հասկանալ, ես ոչ մեկի կադրը չեմ եղել, ես ինքս ինձ աշխատող եմ։

- Մինչեւ 2018 թիվն աշխատել եք, բավականին հարուստ կենսագրություն ունեք, հետո էլ Օսիպյանը նշանակել է 7-ի պետ, մեկ տարի անց ազատվել եք․․․  

- Օսիպյանը նշանակել է, էլի նույնատիպ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկ է եղել հեղափոխությունից հետո, ու համաձայնել եմ։

- «Հետքը» հետաքննություն է կատարել ժամանակին եւ հրապարակում արել, որ Դուք Դուբայում անշարժ գույք ունեք, մեծ կարողության տեր եք։

- Կարողության բան չկա, քանի որ դրսում եմ եղել, Դուբայում աշխատել եմ՝ էնտեղ մի ֆիրմայում մեծ պաշտոն եմ ունեցել, ամսական բարձր աշխատավարձ եմ ստացել, ու որպեսզի տան վարձի հետ կապված խնդիր չլինի, էնտեղ տալիս էին վարկավորում, 30 տարով բնակարան ձեռք բերելու համար, առանց կանխավճարի։ Էնտեղ 50 տոկոս բանկն ա ունեցել, 50 տոկոս բաժնեմաս էլ ես եմ ունեցել՝ ապրելու իրավունքով։ Հետո, էս ընթացքում, որ արդեն եկա Հայաստան ու անցա պետական աշխատանքի, էդ տանը բնակվելու անհրաժեշտություն այլեւս չունեի, էդ տունը թողեցի բանկին, հիմա իրենք զբաղվում են, ես էնտեղ էլ որեւէ բաժնեմաս չունեմ։

- Իսկ Ձեր կինը չունի՞, որովհետեւ «Հետքի» հոդվածում նշված էր, որ Դուք եւ Ձեր կինը երկու բնակարան եք ձեռք բերել Դուբայում։

- Չէ, չունի իմ կինը։

- Բիզնես գործունեությամբ չե՞ք զբաղվում։

- Չէ, բիզնես գործունեությամբ էս րոպեին չեմ զբաղվում։

- Շարունակելո՞ւ եք կատարել հյուպատոսի պարտականությունները՝ համատեղելով այս պաշտոնի հետ։

- Հյուպատոսի պարտականությունները հասարակական հիմունքներով են, ինքը կադրային հաստիք չէ, որ անհամատեղելի լինի։ Երեւի։ Մտածում եմ, որ, այո՝ կհամատեղեմ։

- Իսկ Դուք մետրոպոլիտենի կառուցվածքի եւ խնդիրների վերաբերյալ պատկերացում ունե՞ք եւ ի՞նչ ծրագրերով եք ստանձնել այս պաշտոնը։

- Միանշանակ, ունեմ պատկերացում։ Կարծում եմ՝ պետք է ավելի բարելավվի Երեւան քաղաքի մետրոպոլիտենը, ես էդ պայմանով եմ եկել, որ պետք է լինի քրտնաջան աշխատանք։ Այսինքն՝ էդ մետրոպոլիտենից օգտվում են ՀՀ քաղաքացիները եւ բոլորը, եւ խնդիրն այն է, որ պետք է բարելավվի, պետք է ավելի լավ աշխատի մետրոպոլիտենը։

- Ինչո՞վ է այսօր պակաս լավ աշխատում Երեւանի մետրոպոլիտենը։

- Պակաս ու ավել չկա, ուղղակի էստեղ ամեն մենեջեր ունի իր մոտեցումները, հիմա ես գտնում եմ, որ կարելի է ավելի բարելավել։

- Մենք տեսնում ենք, որ հաճախակի մետրոպոլիտենի կայարաններում ռումբի տեղադրման կեղծ ահազանգեր են լինում, անվտանգության մակարդակի բարձրացման առումով Դուք ի՞նչ եք պատրաստվում անել։

- Պարտադիր պետք է լինի։ Բայց նմանատիպ հարցին որ հիմա պատասխանեմ, արդեն մեր կատարած գործողությունները կլինեն անիմաստ։ Բաներ կան, գործողություններ կան, որ պետք է կատարվեն էդ ուղղությամբ, որոնք հրապարակման ենթակա չեն։