«Հրապարակ». Փողոցում այսօր բավականաչափ մարդ կա՝ լուրջ զարգացումներ իրականացնելու համար

«Հրապարակ». Փողոցում այսօր բավականաչափ մարդ կա՝ լուրջ զարգացումներ իրականացնելու համար

Մայիսի 1-ից Երեւանում իրականացվող զանգվածային ակցիաները շարունակվում են։ Արցախի փրկության եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով համաժողովրդական ալիքը, որն ընթանում է ավելի քան տասն օր, շարունակվում է ալեկոծվել։ Չնայած երթերին ու խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցողների թիվն ամեն օր մեծանում է, բայց սրան զուգահեռ աճում են իշխանական ռեպրեսիաներն ու հակաքարոզչական գործողությունները։ Մի կողմից՝ հազարավոր ոստիկաններ են բիրտ ուժ կիրառում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ, մյուս կողմից՝ իշխանական քարոզչամեքենան է իր գործը տեսնում եւ փորձում վարկաբեկել այս շարժումը: Մի կողմից, ձվի մեջ մազ գտնելով՝ ընդդիմադիրներին փորձում են ներկայացնել որպես խուլիգանների, ծեծողների ու երթեւեկությունը կաթվածահար անողների խմբեր, մյուս կողմից` սադրիչներին են գործի դնում եւ մի խումբ տգետ ու ցածր ինքնագիտակցություն ունեցող մարդկանց կարծիքն են ներկայացնում` որպես ժողովրդի տեսակետ: Դե, իսկ շարժումը սեւացնելու համար, հրապարակում հավաքվածներին «թալանչիներ» պիտակի տակ են փաթեթավորում կամ ներկայացնում են, որ նրանք արցախցիներ են` պետք է գնան Արցախը պաշտպանելու: Զուգահեռ՝ պետական մարմիններն ու քննչականներն են տեռոր սկսել ընդդիմադիրների եւ ցույցերին մասնակցողների, ինչպես նաեւ ընդդիմությանն աջակցող կամ համակրող տնտեսվարողների նկատմամբ։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է՝ առավոտից երեկո հետեւել ընդդիմության ցույցերին ու երթերին, ուսումնասիրել հրապարակ գնացողների, ակցիաներին մասնակցողների կազմը եւ փորձել աշխատողներին աշխատանքից զրկելու վախով հետ պահել, տնտեսվարողների հետ հատ-հատ կապվել եւ զգուշացնել, որ իրենց աշխատակիցներին թույլ չտան գնալ հանրահավաքների: Անգամ հետեւում են, թե երբ երթն անցնում է որեւէ օբյեկտի, հիմնարկի, բժշկական կենտրոնի կամ ռեստորանի մոտով, ովքեր են համարձակվում ձեռքով ողջունել ընդդիմադիրներին կամ դրոշ ծածանել: Հետո սկսում են իշխանական տարբեր օղակներից զանգել տվյալ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին, պետական հաստատությունների տնօրեններին եւ հաշիվ պահանջել, թե ինչու են իր աշխատողները ողջունում երթի մասնակիցներին: Որոշ խոցելի հաստատություններ էլ ուղղակի Բադասյանի հարկայինին են ուղարկում կա՛մ Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն, կա՛մ տեսչական մարմինների ինսպեկտորներին եւ այլն: Նպատակը ոչ այնքան այս անձանց պատժելն է, որքան հետագա աջակցությունը կանխելը։ Դե, իսկ մեր ազգի մոտ էլ վախի զգացումը շատ խորն է նստած, հատկապես` պետական գերատեսչություններում եւ բիզնեսմենների մոտ, եւ այս սխեման կարող է նաեւ աշխատել։

Սակայն ընդդիմության սկսած շարժումը, իսկապես, վճռորոշ հանգրվանի է հասել՝ այն կա՛մ իշխանության բռնությունների ու ճնշումների ներքո կմարի, եւ մարդիկ կնահանջեն ու այլեւս փողոց դուրս չեն գան, կա՛մ էլ, ի հեճուկս այդ գործողությունների, տեղի կունենա հակառակը` շարժումն ավելի կաճի ու անկասելի կդառնա։

2018-ի հեղափոխության ակտիվ մասնակից Շահեն Հարությունյանը` Շանթ Հարությունյանի որդին, ով, ինչպես ինքն է ասում, 2018-ի ապրիլի 23-ից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվանից դարձել է Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրը, չի կիսում այն տեսակետները, թե այսօրվա դիմադրության շարժման մասնակիցների թիվը քիչ է․ «Ես կարծում եմ, որ փողոցում այսօր բավականաչափ մարդ կա` լուրջ զարգացումներ իրականացնելու համար, սակայն չեմ կարծում, թե այսքան մարդով հնարավոր կլինի փոփոխությունների հասնել։ Բայց միեւնույն ժամանակ վստահ եմ, որ սա մարդկանց այն բավարար քանակն է, որի հիմքի վրա հնարավոր է հասնել համաժողովրդական շարժման եւ Նիկոլ Փաշինյանի  իշխանության հրաժարականին»: Շահեն Հարությունյանը կարծում է, որ գործընթացի վրա ազդեցություն ունեն նաեւ ռուսական հատուկ ծառայությունները․ «Նրանց գործողություններից էլ է կախված շարժման հետագա ընթացքը։ Բայց էլի եմ կրկնում, որ առկա թիվը՝ որպես հիմք, լիովին բավարար է»։

Շահեն Հարությունյանը կարծում է, որ մեր օրերի այս շարժումը, իսկապես, տեղին է, եւ չի կասկածում այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա․ «Պետք է հեռանա, քանի որ ինքը դավաճան է եւ այդ մասին անձամբ խոստովանեց այս տարվա ապրիլի 16-ին խորհրդարանում ունեցած իր ելույթով»։ Ինչ վերաբերում է ոստիկանության գործադրած բռնաճնշումներին, Շահենը հիշում է, որ 18-ի սկզբին էլ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ նման բախումներ կային, հետո, երբ շարժումը մեծացավ, նահանջեցին․ «Մեծ հաշվով, այն ժամանակ եւ հիմա էլ ես նորմալ եմ համարել, որ իշխանությունը պետք է պայքարի ժողովրդի դեմ, բնականաբար՝ ոչ կրակելով, մարդ սպանելով, ինչպես 2008-ին: Բայց, ճնշումներով հանդերձ, չենք կարող չարձանագրել, որ այսօր շարժումն աճում է։ Մայրաքաղաքի չորս ուղղություններով երթեր են իրականացվում, գուցե, երբ առանձին-առանձին ենք նայում, քիչ մարդ է հավաքվում, բայց եթե ընդհանուր ենք դիտարկում, կեսօրին մայրաքաղաքում 7-8 հազար մարդ է քայլում, փողոցներ փակում, անհնազանդություններ է անում։ Դա, կարծում եմ, նորմալ է եւ դա աճի արդյունք է, ժամանակը ցույց կտա, թե առաջիկայում ինչպես կընթանա շարժումը, բայց այս պահին այն աճում է»։ 

Ի դեպ, Շահեն Հարությունյանը Փաշինյանին ընդդիմադիր է դարձել, քանի որ, ինչպես ինքն է պատմում, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը իր, Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ վեճ է տեղի ունեցել, եւ ինքը հասկացել է, որ Փաշինյանը «գերպրոռուսական» կողմնորոշում ունի, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հարցի շուրջ են իրենց մոտեցումները տարբերվել։ Այսօր էլ ինքը փողոցում պայքարողներին ոչ թե «նախկին-ներկա» տեսանկյունից է նայում, այլ՝ արտաքին կողմնորոշմամբ․ «Ինձ հետաքրքրում է աշխարհաքաղաքական վեկտորի մասը, թե՛ իշխանությունը, թե՛ այսօր իշխանության դեմ պայքարողները գերպրոռուսական ուժեր են, երկուսն էլ ոչ մի այլընտրանք չեն նախատեսում Հայաստանի համար»։