«Սունդուկյան»-ի փոխարեն՝ Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն

«Սունդուկյան»-ի փոխարեն՝ Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փակ հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի շուրջ 20 ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել թատերական գործիչներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, հրատարակիչներ, դիրիժորներ, հիմնականում այն մարդիկ, ովքեր կրավորական կեցվածք ունեն եւ չեն քննադատում այս իշխանությանը։

Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է մշակույթի կապիտալիզացիայից, թե կոնկրետ ինչ խնդիրներ պետք է դրվեն յուրաքանչյուր ոլորտի առաջ։ Նա նաեւ նշել է, որ այս տարիների ընթացքում որեւէ նախագիծ չի մերժվել ֆինանսավորման պատճառով, եթե նախագիծը եղել է առաջադիմական ու վստահություն ներշնչող, ապա փող միշտ գտնվել է ու կա։

Մշակույթի գործիչներն էլ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են մեկենասության մասին օրենքի անհրաժեշտության, թատրոնների ֆինանսավորման նոր մոդելի, արվեստանոցների բացակայության, դերասանների սոցիալական պաշտպանության, ցածր աշխավարձերի պատճառով հիպոթեքային ծրագրերից օգտվելու անհնարինության եւ շատ այլ հարցերի մասին։

Սակայն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկը զարմացրել է անգամ Փաշինյանին։ Նա առաջարկել է որոշակի փոփոխություններ անել թատրոնի անվանման մեջ, այն է՝ ավելացնել «Հայաստան» բառը՝ դուրս թողնելով Գաբրիել Սունդուկյանի անունը։ Հավանաբար, Վ․ Մկրտչյանին ոգեւորել է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոխելու կառավարության ծրագիրը եւ որոշել է թատերական աշխարհում առաջին քայլն ինքն անել եւ նման մի առաջարկ էլ իր կողմից ներկայացնել։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախ մեզ հանդիմանեց, թե լավ բաները չենք լուսաբանում, փոխարենը վատ բաներն ենք շտապում լուսաբանել։ Այսինքն՝ իր արած առաջարկը վա՞տ բան է, որ ուզում ենք լուսաբանել։ Վարդան Մկրտչյանն ասաց․ «Ես ասեմ, թե այդ քննարկման ժամանակ ինչ եմ ասել, իսկ ասել եմ միայն այն, որ մեր թատրոնի վրա չկա «Հայաստան» բառը, եւ դա իմ ազնիվ ցանկություններից մեկն է․․․, այսինքն՝ եղել է բաց զրույց, եւ ես ասել եմ, որ անկեղծորեն ուզում եմ Սունդուկյան թատրոնի վրա լինի «Հայաստան» բառը, որովհետեւ երբ ես գնում եմ եվրոպական տարբեր երկրներ՝ հանդիպումների, եւ ներկայանում որպես Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, բնականաբար, հարց են տալիս՝ ո՞ր ազգի ազգային ակադեմիական թատրոնն է, արդյո՞ք ակադեմիական ասելով դուք կցվում եք կրթական կառույցի, եւ ո՞վ է Գաբրիել Սունդուկյանը։ Հետո սկսում ես բացատրել, որ Գաբրիել Սունդուկյանը հայ գրող է, իսկ ակադեմիական ասելով մենք չենք կցվում ինչ-որ ինստիտուտի կամ չենք հանդիսանում որեւէ թատերական ինստիտուտի մասնաճյուղ կամ բաժին․․․, եւ այդ ողջ հարցուպատասխանի մեջ ես հասկանում եմ, որ «Հայաստան» բառն անհրաժեշտ է ավելացնել։ Ընդամենը դա եմ առաջարկել։ Հիմա իմ մեղքը ո՞րն է, որ ես ուզում եմ, որ  «Հայաստան» բառը լինի թատրոնի անվանման մեջ, եթե մեղավոր եմ դրա համար, տարեք ինձ դատեք, ի՞նչ ասեմ․․․»։

Այսինքն՝ թատրոնի անվանման մեջ միայն «Հայաստան» բա՞ռն ավելացվի, որեւէ բառ չի՞ պակասելու։ «Ինչ վերաբերում է «ազգային»-ին, ապա բացառվում է, որ «ազգային»-ը դուրս մնա, դրա մասին խոսք չի եղել․․․, հիմա վերանվանումների մեջ կարող է ինչ-որ փոփոխություն լինի, ես չգիտեմ․․․, բայց ինչպե՞ս է եղել առաջ՝ Հայաստանի առաջին պետական թատրոն, այս անվանումն է ունեցել, այսինքն՝ «Հայաստան» բառը եղել է, այսօր ինչո՞ւ չկա «Հայաստան» բառը, ինձ պատասխանեք, եւ այդ պատասխանը ես ուզում եմ բոլորից, ովքեր այս թեմային առնչվում են։ Նորից եմ ասում՝ «ազգային»-ի մասին խոսք լինել չի կարող, բացառում եմ դա, ընդամենն ուզում եմ «Հայաստան»-ն էլ ավելանա։ Եթե դեմ է մեծամասնությունը, հարց չկա, թող չավելանա, ուղղակի ո՞նց է՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոն՝ ՄԽԱՏ, այսինքն՝ հասցե ունի, թատրոնը պետք է հասցե ունենա իր անվանման մեջ»։

Բայց, միեւնույն է, եթե անգամ փոփոխության ենթարկվի թատրոնի անվանումը, եւ Սունդուկյանի անունը հանվի, դարձյալ այն կոչելու են ու ճանաչելու են որպես Սունդուկյան թատրոն, արդյունքում ի՞նչ կտա այդ փոփոխությունը։ «Ախր, սա ընդամենը բաց քննարկում է եղել, մտքերի փոխանակում, հատուկ թեմա չի եղել, որոշ մարդիկ ուզում են ուռճացնել այս թեման, բայց սրա տակ թեմա չկա, իսկ եթե իմ անվան հետ խնդիր ունեն, դա իրենց պրոբլեմն է, եւ այստեղ էության խնդիր չկա։ Իմ առաջարկի բովանդակությունը «Հայաստան» բառն ավելացնելն է, կամ թեկուզ եթե անգամ Սունդուկյանի անվան չլինի, այլ լինի Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն, հիմա Հայաստա՞նն է ավելի կարեւոր, թե՞ Սունդուկյանը, ինձ համար Հայաստանն ավելի կարեւոր է, իմ հասցեն Հայաստանն է, երբ ես գնում եմ դուրս, կամ դրսից են հյուրեր գալիս, մենք Հայաստանով ենք ներկայանում՝ Հայաստանի ազգային ակադեմիական թատրոնով ենք ներկայանում։ Ու եթե ինձ հարց տաք՝ որն է ավելի կարեւոր՝ Սունդուկյանի անունը, թե Հայաստանի, ես կասեմ՝ Հայաստանի, ու հիմա էլ ասում եմ, ի՞նչ է պատահել»։

Որպես Սունդուկյան թատրոն, այն տասնամյակների ավանդույթ ունի։ «Բայց իր հիմնադրման ժամանակ Սունդուկյանի անունով չի եղել, Սունդուկյանն այս թատրոնի հետ ի՞նչ կապ է ունեցել, կարո՞ղ եք բացատրել ինձ, բացի նրանից, որ Սունդուկյանի «Պեպոն» պարբերաբար խաղացանկում եղել է։ Գաբրիել Սունդուկյան անձն այս կառույցի հետ ի՞նչ կապ ունի, որեւէ մասնագետ կարո՞ղ է ինձ բացատրել․․․ նորից եմ ասում՝ ազատ մտքի փոխանակում է եղել, եւ ես ասել եմ՝ եկեք «Հայաստան»-ն ավելացնենք․․․ եթե մի քիչ էլ բզբզան, իսկականից առաջարկելու եմ գործնականում»,- վրդովվեց Վ․ Մկրտչյանը։
Թե ինչպես են իր առաջարկին արձագանքել հանդիպմանը ներկա գտնված մյուս մշակութային գործիչները եւ Ն․ Փաշինյանն անձնապես, թատրոնի տնօրենն ասում է․ «Այս թեման առանձնապես չի շարունակվել, ուղղակի մենք անկեղծությունից էինք խոսում, բաց մտքերի փոխանակումից, ես այդ կոնտեքստում այս թեման ասեցի․․․ եւ վարչապետը նույնիսկ զարմացավ, որովհետեւ առաջին անգամ էի նաեւ ես այդ միտքը հնչեցնում, եւ, այո՝ մեր թատրոնի հասցեն առաջին հերթին մեր երկրի հասցեն է, եւ կարծում եմ՝ վատ բան չեմ ուզում, եւ այն մարդիկ, ովքեր ուզում են այս թեման աղավաղել, ապա իրենք են ապազգային գործունեությամբ զբաղված, իսկ ես ասում եմ՝ եկեք «Հայաստան»-ն էլ լինի, «ազգային»-ն էլ, որպեսզի սա լինի մեր գլխավոր թատերական այցեքարտը, որ միշտ եղել է տասնամյակներ շարունակ»։