«Հրապարակ». Կոռուպցիան էնպիսի ֆենոմեն է, որը չի վերանում, ժամանակի ընթացքում չի անէանում

«Հրապարակ». Կոռուպցիան էնպիսի ֆենոմեն է, որը չի վերանում, ժամանակի ընթացքում չի անէանում

Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից ու վստահեցնում, թե իր իշխանության օրոք համակարգային կոռուպցիան վերացել է, մյուս կողմից նրան ենթակա իրավապահ մարմիններն օրը մի կառույցում համակարգային կոռուպցիայի աղաղակող դեպքեր են բացահայտում։ Օրինակ՝ ՊԵԿ-ում ԱԱԾ-ն վերջերս խոշոր չափի կոռուպցիոն դեպք էր բացահայտել։ Օրերս էլ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, թե 2022թ․ ընթացքում ՊԵԿ հարկային ու մաքսային մարմինների տասնյակ աշխատակիցների ծառայողական քննության արդյունքում ինչպես են ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ ազատելով աշխատանքից։  

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց մի մասը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել հենց կոռուպցիոն բնույթի արարքներ կատարելու համար։

«Մեր սովորական տարեկան ծառայողական քննությունների մասին է խոսքը, անցած տարի մի փոքր ավելի շատ է եղել, այդ թվում՝ հինգ կամ վեց ծառայող ազատվել է աշխատանքից, այսինքն՝ ամենախիստ կարգապահական միջոցն է ընտրվել, բարեվարքության ստուգման արդյունքներով շուրջ հիսուն ծառայող չի շարունակել ծառայությունը մաքսայինում։ Ընդհանուր առմամբ, կարգապահական բնույթի խախտումների նաեւ նոր դեպքեր են հայտնաբերվել»,- ասաց պարոն Բադասյանը։

- Ի՞նչ կարգի խախտումներ, կոռուպցիո՞ն բնույթի։

- Կան կասկածներ, որ դրանք նաեւ կոռուպցիոն բնույթ ունեն, որովհետեւ տեսախցիկները բավականին կասկածելի հանգամանքներ են ֆիքսել, եւ էդ կասկածելի հանգամանքների մասով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը ստուգելու նպատակով ուղարկել ենք դատախազություն։ Թվով երեք դեպքի մասին է խոսքը, իսկ մնացածի մասով նշանակվել է ծառայողական քննություն, որպեսզի պարզենք բոլոր հանգամանքները՝ թերացումների եւ բացթողումների։

- Օրինակ՝ տեսախցիկները քաղաքացիների վատ սպասարկո՞ւմ, թե՞ կաշառք պահանջելու դեպքեր են արձանագրել։

- Օրինակ՝ Մեղրիի մաքսակետով անցնելիս հնարավոր շնորհակալություն-կաշառքի դեպքի կասկածն ունենք, ամեն դեպքում նաեւ տեսել ենք, որ ծառայությունն այդքան էլ ճիշտ չի կազմակերպված որոշ դեպքերում, եւ համապատասխան հանձնարարականները տրված են, ծառայողական քննությունը գալու է դրան օգնելու։

- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ այդ ծառայողական քննությունն առաջացնի նաեւ քրեաիրավական հետեւանքներ։

- Էն, ինչ որ քրեականի կասկած կա, մենք արդեն ուղարկել ենք դատախազություն, իսկ էն, ինչ որ ծառայողական տիրույթում է, մեր քննության շրջանակներում է։

- Ես անդրադարձել էի այս թեմային, երբ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում էր ԱԱԾ-ն խոշոր չափի կոռուպցիոն դեպք բացահայտել։ Ի՞նչ եղավ, ովքե՞ր պատժվեցին։

- Մաքսանենգության վարչությունում չի եղել, այսինքն՝ եղել է մի աշխատակից, որը մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից է, արդեն երկու աշխատակից եւ մի քանի աշխատակից, որոնք Երեւանի մաքսատանն են աշխատում։ Որքանով տեղյակ եք՝ կաշառք տալու-ստանալու դեպքերի մասին է խոսքը։ Քննությունը, իհարկե, ամբողջ ծավալով հետագայում ցույց կտա։ Մենք, բնականաբար, քննության արդյունքներն ամփոփելուց հետո, եթե անհրաժեշտ կլինի որեւէ այլ հարցի անդրադառնալ՝ կադրային-կազմակերպչական, կանդրադառնանք։

- Մեր տեղեկությամբ՝ վարչության պետի տեղակալն է այս գործով ձերբակալվել, ճի՞շտ է։

- Վարչության բաժիններից մեկի պետի տեղակալը, եւ որքանով ես տեղյակ եմ՝ կալանքի միջնորդությունը բավարարված է։

- Իսկ այստեղ վարչության պետը՝ Երջանիկ Հակոբյանը, կամ անձամբ ՊԵԿ նախագահը պատասխանատվության չափ չունե՞ն, ի վերջո, ձեր ենթակայության տակ է տեղի ունեցել այս ամենը։

- Տեսեք, մենք միշտ պատասխանատվություն ունենք, այսինքն, բնականաբար, եթե որեւէ թերացում կա, առավել եւս՝ որեւէ կոռուպցիոն դրսեւորում կա, ուրեմն պետք է հետեւություններ անենք դրանից։ Եթե ուշադիր էիք կառավարության նիստին վարչապետի եւ փոխվարչապետերի խոսքերին, մենք պետք է հասկանանք՝ ինչպես ենք կանխարգելում։ Օրինակ՝ հաջորդ անգամ կարող եք հարցնել, թե ինչ ենք անում կանխարգելելու առումով, այսինքն՝ ինչ էլեկտրոնային ծրագիր ենք ներդրել, ինչքան ենք կրճատել մաքսային ծառայող-տնտեսվարող շփումը, որպեսզի առիթը չլինի։ Նոր էլեկտրոնային ծրագրեր, օրինակ, ունենք ապրիլին ներդնելու, եւ դրանից հետո փոփոխություններ կլինեն։ Դրանք են կարեւոր երեւույթները։ Այսինքն՝ լավ է, որ կոռուպցիոն դեպքերը բացահայտվում են։

- Լավ է, բայց մյուս կողմից էլ տարօրինակ է, որ ձեր համակարգում փոխանակ կոռուպցիան նվազի, հակառակը՝ կոռուպցիոն դեպքերը շատանում են, եւ դա ձեր կողմից որպես գլուխ գովալու կամ հպարտանալու առիթ է ներկայացվում, որ այդքան դեպք բացահայտեցիք։

- Չէ, գլուխ գովալու առիթ չկա, որեւէ հպարտանալու բան էլ չկա կոռուպցիոն երեւույթների մեջ։ Բայց եթե դեպքերի բացահայտումը շատանում է, դա բացասական չէ։ Եթե միջազգային կազմակերպությունների գնահատականներին նայենք, իրենք շատ են կարեւորում, օրինակ՝ կոռուպցիոն բնույթի խոշոր բացահայտում եղե՞լ է, թե՞ ոչ։
Կոռուպցիան էնպիսի ֆենոմեն է, որը չի վերանում, ժամանակի ընթացքում չի անէանում։ Այսինքն՝ բացահայտումը շատ կարեւոր տարր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կա ու ճիշտ մակարդակի վրա է։

- Եթե դուք չորս տարի շարունակ կոռուպցիայի դեմ պայքար եք տանում ու ամեն օր թմբկահարում եք, որ ձեր կառավարությունն ամենահակակոռուպցիոնն է, բայց չորս տարվա ընթացքում գնալով այդ դեպքերը շատանում են՝ թեկուզ բացահայտվելով, դա արդյոք չի՞ նշանակում, որ ձեզ մոտ համակարգային կոռուպցիա կա։

- Ոչ, դա նշանակում է, որ քաղաքական կամքը կա՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, եւ մենք պայքարում ենք։ Եթե Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը բացահայտում է նման թերությունները եւ տալիս է այլ մարմիններին, դա նշանակում է՝ պայքարի կամքը կա։ Եվ ջայլամի քաղաքականությունը կլիներ շատ վատ քաղաքականություն, որ մենք ասեինք՝ ամեն ինչ իդեալական է։

- Բայց դա նշանակում է, որ համակարգում կոռուպցիա կա, մինչդեռ ասում էիք՝ համակարգային կոռուպցիան վերացել է։

- Դուք հիշո՞ւմ եք՝ մեր նախորդ հարցազրույցից հետո ինչ տեղի ունեցավ․ դուք ասում էիք՝ ԱԱԾ-ի բացահայտումը տերմինալներում, ես ասում էի՝ էդ տերմինալի մասին ինձ հարց տվեցիք նախորդ անգամ, ես պատասխանեցի, ու տեսաք՝ ինչ ալիք բարձրացավ։ Դուք հարցնում էիք՝ կաշառքի դեպքեր կա՞ն մաքսայինում, ես ասում էի՝ այո, իմ տեղեկություններով՝ դեռ շարունակվում են, կան որոշակի երեւույթներ, որ գումար են տալիս․․․

- Լավ, ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված, որ մաքսային ծառայողները, չնայած ձեր հետեւողական պայքարին, էլի շարունակում են կաշառք վերցնել։

- Մաքսային ծառայությունում ոչ ֆորմալ պրոցեսները բավականին շատ են, եւ կադրային փոփոխությունները պետք է շարունակել։ Ոչ ֆորմալ պրոցեսների առումով մենք մի շարք էլեկտրոնային ծրագրեր ներդրել ենք, որը նախորդ տարի բավականին այն լուսաբանել ենք, էս տարի շարունակել ենք, այսինքն՝ մաքսային ծառայող-տնտեսվարող շփումը պետք է հասնի մինիմալ մակարդակի, ինչը հնարավոր է ապահովել։