Եկել եմ ասեմ, որ պատերազմ կսկսվի

Եկել եմ ասեմ, որ պատերազմ կսկսվի

Փաշինյանը համոզված է, որ եթե պատերազմ սկսվի, մենք կպարտվենք: Եթե դրանում համոզված լիներ մի գյուղացի մարդ եւ նման միտք բարձրաձայներ, ես կասեի՝ հա դե, գյուղացի մարդ է, մի բան ասաց: Բայց, ներողություն, դա ասում է երկրի վարչապետը, երկրի վարչապետն է ասում, որ մենք կպարտվենք, եթե պատերազմ սկսվի: Դա ասում է մի մարդ, որ պատերազմի դեպքում դառնում է գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այդ, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարին լսում են հասարակ գյուղացուց մինչեւ տառաճանաչ քաղաքացիներ, զինվորներ, սպաներ, կորպուսների հրամանատարներ, գործընկեր պետությունների ղեկավարներ, նաեւ՝ թշնամիներ: Ու այս բանն ասելուց հետո արդեն իսկ պարտված գերագույն գլխավոր հրամանատարը վեր է կենում, կնոջ հետ գնում թատրոն, ասես ոչինչ տեղի չի ունեցել, ասես ինքը հենց նոր էդ բոյի էշություն թույլ չի տվել իրեն:

Սուրեն Պապիկյան, հուսամ՝ դու էլ լսեցիր Նիկոլ Փաշինյանին, մանավանդ որ քո անունն էլ շոշափվեց հնարավոր պատերազմի համատեքստում: Սուրեն Պապիկյան, հիմա դու պաշտպանության նախարա՞ր ես, թե՞ մեխի գլուխ: Ինչո՞ւ ենք մենք դատապարտված պարտության: Մենք բանակ չունե՞նք, մեր բանակը զենք չունի՞, աշխարհազոր չկա՞, հայ ժողովուրդը հրաժարվե՞լ է իր երկրի պաշտպանությունից: Եղբայր, եթե դու պաշտպանության նախարար ես, կա՛մ վարչապետիդ բերանը փակիր, կա՛մ հրաժարական տուր: Հակառակ պարագայում դու մեխի գլուխ ես, որ կաբինետումդ նստած՝ բյուջե ես լափում: Դժվա՞ր է հասկանալ այս պարզ հավասարումը: Ու այնքան է լկտիացել այդ վարչապետ կոչեցյալը, որ երկրի պաշտպանության թիվ մեկ պաշտոնյային ասում է՝ թող իր գործով զբաղվի: Պապիկյան, լսո՞ւմ ես, քո գործով զբաղվիր, ցույց տուր, որ մենք բանակ ունենք, որ մենք պարտված չենք դեռ պատերազմը չսկսված: Հավաքիր դրան, դա մեր անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Այլապես վաղն ինքն է բոլորիս հավաքելու եւ ուղարկելու Բաքվի բանտ:

Բայց դուք մի հատ էս «նիսյայով» պարտված գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը լսեք: Ասում է. «Հետո ես գիտեմ՝ ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երեւանում, որ մի տեղ իրար տեսնենք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա դու էդքան տեղեկություն չունեի՞ր, բա դո՞ւ ինչ էիր անում»: Երեկվա գյուղացին, ինչպես տեսնում եք, քաղաքացի է դարձել: Սա շատ ծիծաղելի է, իհարկե, իսկ ամենածիծաղելին այն է, որ ինքը համոզված է, որ այդ գյուղացիների հետ եթե մի օր էլ հանդիպի, ապա դա կարող է տեղի ունենալ Երեւանում: Մեսիջը սա է՝ պատերազմ կլինի, մենք կպարտվենք, դուք փախստական կդառնաք, կգաք Երեւան ու ինձ կհարցնեք՝ բա դու չգիտեի՞ր, որ այսպես է լինելու:

Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը՝ ժողովրդին պատերազմով ու տեղահանությամբ սպառնալով: Իր ասելով՝ «Իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի, ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի»: Փաշինյան, «միջազգայնորեն, դե յուրե» սահման, որ պարսպի դեր կատարի, գոյություն չունի: Դա ցնդաբանություն է: Սիրիան չունե՞ր միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահման, իսկ Վրաստա՞նը, Ուկրաինա՞ն: Միջազգայնորեն ճանաչված սահմաններ ուներ նաեւ Հայաստանը, բայց ո՞ւմ են հետաքրքիր այդ սահմանները: Թուրքը նստած է մեր հողում, եւ միջազգային առումով ոչ մեկի տանձին չի: Այսինքն, դու այդ ինչի՞ մասին ես բարբաջում, ո՞ր սահմանի: Սահմանը զենքի ծայրին է ամբողջ աշխարհում, իսկ դու ասում ես՝ մենք զենք չունենք, բանակ չունենք, բայց սահման ենք ուզում: Առը հա քո բախտից, որ մի ապուշ կասի՝ վերջ, սա է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանը: Դե յուրե… էշի ծիծաղն էլ կգա: 

Ինձ նաեւ մի բան է անհանգստացնում: Փաշինյանը տարածքներ զիջելու հարցը գնում է քննարկելու այդ տարածքներում ապրող «գյուղացի մարդկանց» հետ: Դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ այս կամ այն գյուղի հանձնումն Ադրբեջանին բացառապես այդ գյուղի խնդիրն է, եւ գյուղսովետը պետք է ընտրություն կատարի` պատերազմի եւ խաղաղ ճանապարհով թուրքին հանձնվելու միջեւ: Սա ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքագիտական էշություն է: Սովորաբար հակառակն է լինում, երբ որեւէ ծայրամասային համայնք, սեփական երկրի իշխանությունից զզված, անջատողական տրամադրություններ է ունենում եւ հայտարարում հարեւան երկրի տարածք տեղափոխվելու ցանկության մասին: Մեր պարագայում «կենտրոնական» իշխանությունն է գնացել ծայրագավառ եւ հայտարարել, որ ուզում է գավառն օտարել երկրից: Ու փորձեք հանկարծ ընդդիմանալ, պատերազմ կսկսվի, չկասկածեք: Ու ոչ մի խոսք այն մասին, որ մի ողջ երկիր ու ժողովուրդ է կանգնած տվյալ ծայրագավառի մեջքին: