Հալած յուղի պես պետք չէ ընդունել այդ բոլոր ինֆորմացիաները

Հալած յուղի պես պետք չէ ընդունել այդ բոլոր ինֆորմացիաները

Մի քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը ոչ հանգուցալուծվում է, ոչ սաստկանում։ Ավելին՝ ռուս-ուկրաինական սահմանի շփման գծում ծանր զրահատեխնիկայի և զորքի կուտակումներ են։ Ռուսական կողմը շփման գոտի է տեղափոխել նաև «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգեր: Ողջ աշխարհը շունչը պահած սպասում է իրադարձությունների զարգացմանը՝ կսկսվի՞ արդյոք պատերազմ, թե՞ կհաջողվի գտնել դիվանագիտական լուծում՝ լարվածությունը լիցքաթափելու։ 

«Ցավալի է, որ Ուկրաինայում գործողությունները, կարծես թե մասշտաբային բնույթ են կրում։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, թե դա կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև կարծում եմ, որ Ռուսաստանն այնտեղ անմիջական մասնակցություն, այնուամենայնիվ, չի ունենա։ Նրա ներկայությունը ավելի շատ ոչ պաշտոնական կլինի՝ կամավորականների միջոցով, ինչպես նախորդ լարումների ժամանակ էր։ Շատ բան կախված կլինի նաև Պուտին-Բայդեն առաջիկա հանդիպումից»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Քաղաքագետը գտնում է, որ ոչ Ուկրաինային, և ոչ էլ Ռուսասատանին, պատերազմի այդպիսի ծավալները ձեռնտու չեն։

«Ուկրաինան՝ ինքը, շատ լուրջ կորուստներ կկրի և տնտեսական, և մարդկային տեսանկյունից։ Ռուսաստանն էլ իր հերթին՝ պատերազմի ցանկացած ելքի դեպքում կհայտնվի ծանրագույն պատժամիջոցների տակ և միջազգային մեկուսացման մեջ։ Այսինքն, ամեն դեպքում հետևանքները աղետալի կլինեն երկու կողմերի համար էլ»,-ասաց քաղաքագետը։ Բաղդասարյանի կարծիքով, հիմա ավելի շատ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կփորձեն իրենց դեմքը փրկելու գործողություններ անել, այսինքն՝ կձևացնեն, թե երկուսն էլ չեն նահանջում և վճռական են։

«Ես հույս ունեմ, որ Բայդենի հանդիպումից հետո ինչ-որ միջանկյալ լուծում, այնուամենայնիվ, կգտնվի։ Եվ եթե անգամ ռազմական գործողությունները շարունակվեն, դրանք կշարունակվեն ուկրաինական բանակի և Դոնեցկի, Լուգանսկի չճանաչված հանրապետությունների զինված ուժերի միջև։ Եվ ոչ թե՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հարթությունում։ Ամերիկան ավելի վաղ էլ հայտարարել էր, որ Ուկրաինան ամեն դեպքում անմիջական աջակցություն չակնկալի ՆԱՏՕ-ից՝ ռազմական գործողությունների դեպքում։ Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ կողմերը՝ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն, վճռական են, այսինքն՝ անընդհատ խաղադրույքները բարձրացնում են, բայց նորից եմ կրկնում, չեմ կարծում այդ մակարդակի բախում կլինի, համենայն դեպս, այս պահին, որովհետև Ռուսաստանին դա պետք չէ, ՆԱՏՕ-ն էլ՝ չեմ կարծում, թե այս պահին այդպիսի մասշտաբային պատերազմ կսկսի, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի»,- ասաց Բաղդասարյանը։

Իսկ ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի վրա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, եթե մեծ մասշտաբների հասնի պատերազմական իրավիճակը, քաղաքագետն ասաց․ «Չեմ կարծում, որ Ուկրաինայում կատարվող դեպքերն անմիջականորեն կազդեն մեր տարածաշրջանի խաղաղության վրա։ Մենք հասկանում ենք, որ խոսքը Ռուսաստանի միջամտության մասին է։ Որքան էլ Ռուսաստանի ուշադրությունը այլ ուղղության վրա լինի, եթե ցանկություն ունենա կանխել մեր հարևանների ոտնձգությունները, ապա դա հնարավոր կլինի անել։ Անկախ նրանից Ուկրաինայում ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, նույնն բանն է լինելու։ Ուկրաինայի պատերազմն այն դեպքը չի, որ Ռուսասատանին խանգարի այստեղ հավելյալ մի քանի հազար զինվորական ուղարկի»,- ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի խոսքով՝ ինքը վստահություն չունի Ուկրաինայից ստացվող տեղեկությունների վերաբերյալ, որովհետև գտնում է, որ պատերազմը ավելի շատ ինֆորմացիոն քարոզչական դաշտում է։

«Շատ բարդ է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Եվ  ես չեմ կարծում, որ հալած յուղի պես պետք է ընդունել այդ ինֆորմացիաները, որովհետև ակնհայտորեն քարոզչական դաշտում է պատերազմը։ Այնտեղ՝ պատերազմը ոչ միայն առաջնագծում է՝ զինվորականների միջև, այլև՝ տեղեկատվական թվային դաշտում»,- զրույցի ավարտին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։