Թունավորման դեպք՝ «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետերից մեկում

Թունավորման դեպք՝ «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետերից մեկում

Մի քանի օր առաջ «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող սննդի կետերից մեկում՝ Burgery Angus & More-ում, սննդային թունավորման դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով սննդի կետից օգտված որոշ քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին մեզ հայտնեց թունավորված քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ ինքը հինգշաբթի օրն է օգտվել տվյալ սննդի կետից, որից հետո երկու օր վատ է զգացել ու ստիպված դիմել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

 

Պարզվել է՝ իրենից առաջ էլի մարդիկ են դիմել հիվանդանոց՝ դարձյալ նույն սննդի կետից օգտվելուց հետո, և բժիշկներն արդեն իմացել են, որ «Երեմյանի» տվյալ ռեստորանում թունավորման դեպք է գրանցվել։ Մենք զանգահարեցինք Burgery Angus & More ռեստորանի հեռախոսահամարով, սակայն պատասխանող չեղավ։ Մեզ ասացին՝ այս պահին սննդի կետը ժամանակավորապես փակ է։

 

Փորձեցինք կապ հաստատել «Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, սակայն նա ևս չպատասխանեց մեր զանգերին։ Նորքի ինֆեկցիոնից ևս «չկարողացան մեզ որևէ տվյալ հաղորդել թունավորման դեպքի մասով՝ ուղղորդելով առոջղապահության նախարարություն։ Այստեղից խոստացան ճշտել ու պատասխանել, ու դարձյալ՝ ոչ մի խոսք։

 

Զանգահարեցինք նաև «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխամաս։ Զանգին պատասխանած աշխատակցուհին ասաց՝ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, խնդրեց հեռախոսահամար տրամադրել՝ խոստանալով իրավասու անձ գտնել և փոխանցել, որ մեզ հետ կապ հաստատեն։

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում էին թունավորման դեպքեր գրանցվել, ինչի հետևանքով շուրջ 200 քաղաքացի «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հայտնվել էր մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում։ Այս դեպքը պաշտոնական խողովակներով տարածեցին, հաղորդագրություններ հրապարակվեցին եւ մեծ աղմուկ բարձրացավ։ Այս ֆոնին տարօրինակ է, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող սննդի կետում թունավորման մասին ոչ առողջապահության նախարարությունը, ոչ քաղաքացիները չեն խոսում, միայն մեզ ասացին՝ թունավորված քաղաքացիներից մեկը Tik-Tok-ում է հայտնել այդ մասին, որ ինքը թունավորվել է Burgery Angus & More-ի մատուցած սննդից։

ՀԳ. Ավելի ուշ մեզ «Երեմյան փրոջեքթ»-ից փոխանցեցին, որ Burhery Angus & More սննդի կետն իր ֆեյսբուքյան էջով շուտով պարզաբանում կտարածի: