Խավարի մեջ երբեք չկորցնենք լույսի առկայությունը մեր կյանքում․․․

Խավարի մեջ երբեք չկորցնենք լույսի առկայությունը մեր կյանքում․․․

Շատ եմ մտածել այն տեսակի մասին, որ 2018-ին իշխանության բերվեց։ Դա չարի սերմ էր։ Կարող եմ բացատրել, թե ինչու եմ ասում չարի սերմ։ 2018-ից, ինչ ներդրվեց այդ սերմը,  հայ ժողովուրդն անցնում է տառապանքի ճանապարհով։ Տառապանք տալիս է չարը, անաստվածը։ Բարին չի կարող մարդկանց տառապանք բերել։ Երբ իշխանության բերվածը խոստովանում է․ «Ես արդեն 2018 թվականին գիտեի, որ Արցախը չի կարող լինել Հայաստանի կազմում», սա արդեն ինքնին վկայություն է, որ մարդը իշխանության է բերվել ստույգ իմացությամբ՝  ինչու՞ է գալիս  իշխանության։ Մնացածը՝ տասնյակ հազարավոր զոհերն ու հաշմանդամները, Արցախի հայաթափումը, ՀՀ սուվերեն տարածքի մասնատումը հետևանքներ են․․․ Ինչպես կասեր Բագրատ Սրբազանը՝ «մարդու որդին» նախապես գիտեր, թե ինչպես է անկման տանելու երկիրը,  նրանում առկա է մարդ էակի կամքը, դիտավորությունը, բարուց հեռանալու և չարին հակվելու ձգտումը։ Նա գիտեր, որ ինքը աղետ, չարիք է բերելու ժողովրդի գլխին ու․․․ խաբեությամբ իշխանության էր եկել։

Ահա թե ինչու է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասում՝ սա տեսակի կռիվ է՝ չարի ու բարու։ Իսկ գիտե՞ք, որ չարի բացատրությունը ոչ միայն աղետը, պատուհասը, փորձանքն է, այլ բառարանում ամրագրված է ,,դև,, բառը։ Այսինքն Սրբազանի պայքարը զուտ քրիստոնեական է՝  պայքար չարի, դևի, սատանայի դեմ․․․ Չարը բարու բացակայությունն է,  խավարը՝ լույսի բացակայությունը։ Յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ  Բագրատ Սրբազանն ասում է՝ եթե անգամ մենակ մնամ, ես պայքարելու եմ։ Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում զգում էր արդեն, որ մարդիկ Իրեն դավաճանելու են, Իր առաքյալներից մեկը մատնելու է Իրեն: Եվ երբ տառապանքն առկա էր Իր կյանքում, երբ մնաց միայնակ, առանձին, այդ պահին ասաց. «Տէ՛ր, անցոյ զայս բաժակ յինէն»՝ «Տե՛ր, դառնության այս բաժակը հեռացրու Ինձնից»։

Մենք այդ շրջանում ենք, երբ դառնության մրուրը խեղդում է հայ ժողովրդին։ Երբ խայտառակ պարտության, կապիտուլյացիայի, տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների, երկրի պետականությունը կորցնելու դառը փաստի առաջ ենք։ Բայց դա չէ սարսափելին։ Սարսափելին այն է, որ այն տեսակը, որ իշխանության է բերվել, չի նահանջում, գրոհում ու կրկին տառապանք, ցավ  պատճառում։ Այն տեսակը, որ իր իսկ խոստովանությամբ իշխանության է բերվել՝ իմանալով, որ Արցախը չի կարող լինել Հայաստանի կազմում, բայց խաբեությամբ հայտարարում էր «Արցախը Հայաստան է ու վերջ»՝ չի հեռանում։ Խտացնում է խավարը՝ նոր ձերբակալություններով ու արգելքներով, մարդկային նոր տառապանքներով, ու ես հիշում եմ մեր հոգևոր հայրերի խոսքը՝  խավարի մեջ երբեք չկորցնենք լույսի առկայությունը մեր հոգիներում ու կյանքում։ Հիսուսի նման խնդրենք Տիրոջը՝ «Տե՛ր, դառնության այս բաժակը հեռացրու մեզնից»։