Սերբիայի նախագահն ամեն օր մահվան սպառնալիքներ է ստանում

Սերբիայի նախագահն ամեն օր մահվան սպառնալիքներ է ստանում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ամեն օր ավելի քան 200 մահվան սպառնալիք է ստանում։
Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով երկրում նշվող ՆԳՆ-ի և ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ։

Վուչիչը պատասխանել է լրագրողների հարցերին, ովքեր խնդրել են իրեն մեկնաբանել ընդդիմադիրների արարքը, որոնք Բելգրադում բողոքի զանգվածային ցույցին բերել էին Վուչիչին պատկերող կախաղանի հանված տիկնիկ։
Նախագահը նշել է, որ առնվազն 2017 թվականից հակակառավարական ցույցերին անընդհատ կախաղաններ են հայտնվում, ըստ նրա՝ ինքն արդեն սովոր է դրան։ 

«Իմ գործը նման զզվելի ու նման ստոր բաներին դիմանալն է։ Ես հանրապետության նախագահն եմ, իմ գործը մահվան ու մահապատժի սպառնալիքներին դիմանալն է»,- ասել է Վուչիչը։

«Կարծում եմ՝ Սերբիայի ներքին գործերի նախարարը գիտի, որ ամեն օր իմ հասցեին 200-ից ավելի անմիջական սպառնալիքներ են հնչում։ Ես դրանով եմ ապրում, սովոր եմ, երբ հանրապետության նախագահ ես կամ ականավոր քաղաքական գործիչ, պետք է սովորես դիմանալ»,- հավելել է նա։