15 օրվա մեջ մեկ անգամ լողացել ենք գետում, մոտ 4 հազար մեքենայի կուտակում կա

15 օրվա մեջ մեկ անգամ լողացել ենք գետում, մոտ 4 հազար մեքենայի կուտակում կա

Վերին Լարսում գտնվող մի խումբ վարորդներ ահազանգել էին մեզ, որ 15-ից 20 օր է գտնվում են անցակետում՝ ոչ ոք չի զբաղվում իրենց խնդրով, չեն կարողանում անցնել։

Վարորդներից մեկը՝ Անդրանիկը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց․ «Ապրիլի 25-ից գտնվում եմ այստեղ։ Կազբեկի սարը իջել ենք հիմա, բայց մարդիկ կան ապրլի 15-16-ից այստեղ են, ու դեռ չեն իջել սարից։ Ոչ ոք ոչ մոտենում է, ոչ էլ հետաքրքրվում մեզանով։ Ասում են՝ կանգնեք ու կանգնեք, վերջ, ուրիշ ոչ մի բան։ Պարեկային ծառայողին մոտենում ենք, հարցնում՝ ինչո՞ւ չեն թողնում առաջանանք, ոչ մի բան չի պատասխանում»- ասաց Անդրանիկը։

Մեր այն հարցին, թե ինչպես են կարգավորում սննդի հարցը, Անդրանիկն ասաց, որ շրջիկ վաճառողները եռակի, քառակի, անգամ հնգակի գներով բերում են և վաճառում իրենց սնունդ։

«Ոչ մի բան չկա, երկու սար է ու մի հատ ձոր։ Մի կերպ ենք լուծում սննդի հարցը։ Այս 15 օրերի ընթացքում էլ լողացել ենք գետում։ Էդ, որ ասում են՝ 1000 մեքենայի կուտակում է ընդամենը, սուտ են ասում։ Մենակ 1000 մեքենա սարից ներքև է կանգնած, մոտ 2000-3000 մեքենա էլ Վրաստանի տարանցիկ հատվածում է կանգնած։ Այլ երկրների բեռնատարներ էլ են կանգնած, բայց հիմնականում՝ հայկականներն են։ Չեն թողնում առաջանալ միայն բեռնատարներին, մարդատար ավտոմեքենաները անցնում- գնում են»,-ասաց Անդրանիկը։

Մեկ այլ վարորդ՝ Սևակը պատմեց․ «Ես ապրիլի 18-ին Բագրատաշենի անցակետը անցել եմ, 12 օր անց նոր 100 ավտո թողել են առաջանա, ես այդ 100 ավտոներից մեկն եմ։ Եկել եմ, որ Թիֆլիսից թեքվում Է Վլադիկովկաս՝ Նատախտալի կոչվող ճանապարհին, կանգնել եմ։ Այսպես ուղիղ 15 օր է, ինչ գտնվում եմ ճանապարհներին։ Մեզ պատճառաբանում են, որ ռուսական կողմի անցակետը լավ չի աշխատում։ Ոչ թե չեն թողնում, այլ նորմալ գրաֆիկով չեն աշխատում։ Վրացին այստեղ մեղք չունի։ Բայց ասեմ, Բաթումիից եկող թուրքական բեռնատարներին առավելություն են տալիս՝ խտրականություն դնելով հայկական բեռնատարների միջև։ Օրինակ, եթե 100 հայկական մեքենա են բաց թողնում, ապա՝ 300 թուրքական։ Երբ մոտենում, դժգոհում ենք վրացիներին, ասում են՝ «ռուսը լավ չի աշխատում, մեզ էլ ձեռ չի տալիս, որ մնաք այսքան երկար ժամանակով մեր տարածքում»։ Սենց չի լինի, խնդրում եմ մեր Կառավարությանն ասեք, թող զբաղվեն այս հարցով։ Վրաստանի Գայի պետը անցյալ շաբաթ մեզ հանդիպեց, հարցնում ենք խնդիրն ինչումն է, ասում է՝ ռուսը չի աշխատում։ Ես էլ զանգել եմ Բագրատաշեն ասել եմ, որ էլ ավտո չթողնեն մտնի Վրաստան։ Մենք տեղ չունենք կանգնեցնելու»,- ասաց Սևակը։

Հետաքրքրվեցինք, թե սահմանի որ կողմն է ավելի ծանրաբեռնված՝ դեպի Ռուսաստան մեկնողների՞, թե՞ Ռուսաստանից եկողների, վարորդներն ասացին, որ դեպի Երևան եկող մեքենաների վիճակն ավելի վատ է։ Վարորդներն ասացին, որ գնալը դեռ 15-20 օր կարող է տևի, իսկ գալը՝ մարդ է եղել 70 օր մնացել է ճանապարհին։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապվեցինք Էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի պատասխանատու՝ Անահիտ Խեչոյանի հետ։ Վերջինս խոստացավ, ճշտի, թե որ պաշտոնյան կարող է այս հարցով պարզաբանում տալ։ Սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին եւ ոչ մի պարզաբանում չտվեցին։

Պարզ է, որ սա հերթական անգամ ապացուցում է, որ պետական կառույցները մեզանում ուղղակի չեն աշխատում ու ոչ մեկին չի հուզում մեր բեռնափոխադրողների ու վարորդների վիճակը։ Ժամանակին նման իրավիճակներ ծագելու դեպքում տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարները ոչ միայն կապվում են հարեւան երկրների իրենց գործընկերների հետ, անգամ մեկնում էին Լարս՝ հարցը տեղում կարգավորելու։ Հիմա ոչ միայն տրանսպորտի նախարարությունը, որպես այդպիսին, վերացվեց, այլեւ ոչ մի պաշտոնյա նման ջանք չի գործադրում եւ նման հարցերը կարգավորելը չի համարում, որ իր պարտականությունն է։