«Արջը» յոթ երգ գիտի, յոթն էլ նախկինների մասին

«Արջը» յոթ երգ գիտի, յոթն էլ նախկինների մասին

Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առիթով ու մտածում եմ՝ այս մարդն անգամ տոն օրն ու տոնին նվիրված ուղերձն է վերածում նախկիններին քլնգելու առիթի։ Ձախողել է բոլոր դիվանագիտական ուղիները, փչացրել բոլոր գործընկերների հետ հարաբերությունները, պատերազմը մեր տուն է բերել, պատերազմում աննախադեպ պարտություն ապահովել՝ իր ապաշնորհ մարտավարության պատճառով, հետո ստորագրել է խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն եւ այդ հայտարարությունից հետո էլ քայլ առ քայլ պարտվել է ու երկիրը մտցրել փակուղի, բայց կարողացել է մի անգրագետ զանգվածի համոզել, որ այս ամենի մեջ ինքը մեղք չունի՝ 5-10-15 տարի առաջ իշխանությունից հեռացած մարդիկ են մեղավոր։ Կարող էր, իհարկե, մեղքի թեման ավելի զարգացնել, ասել, որ սովետական 70 տարին էր մեղավոր ու Կարեն Դեմիրճյանը, կամ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, կամ էլ՝ Բագրատունիների թագավորությունը, բայց դա թողեց իր արժանի հետեւորդներին, որոնք մարդկային տրամաբանության նշույլները կորցնելով՝ սկսեցին մեղադրել, ասենք՝ Լեոնիդ Ազգալդյանին՝ 2020-ի զոհերի համար, կամ՝ Տիգրան Մեծին, ծովից ծով եզրույթի համար։ 

Բայց երբ միտքն ու տրամաբանությունը սկսում է հրաժեշտ տալ որեւէ ազգի, այդ պրոցեսը կանգնեցնելն այլեւս, պարզվում է, անհնարին է։ Եւ մեր հասարակությունը, որը թվում է, պետք է բնում խեղդեր այսօրվա կորուստների համար նախկիններին մեղադրելու հիվանդ ու ստոր գործընթացը, սիրով կուլ տվեց Փաշինյանի կտերը եւ գործող վարչապետին հանեց մեղավորների ցանկից։ Իսկ գողն ինչ կուզի՞․ մութ գիշեր։ Եւ Նիկոլ Փաշինյանը ճարպկորեն օգտվեց այս հնարավորությունից՝ նախկիններ, նախկիններ ու նորից նախկիններ, 4 տարի շարունակ այս երգն ենք լսել։ Բոլոր հնարավոր առիթներով նախկին իշխանություններին մեղադրելու եւ ժողովրդի մեջ՝ նրանց հանդեպ տարիներով կուտակված նեգատիվից օգտվելու հնարքը զարմանահրաշ արդյունքներ տվեց։ Օրինակ, ոչ մի արժանապատիվ ազգ պատերազմում պարտությունից հետո չէր վերընտրի պարտված իշխանությանը, այսչափ ներողամիտ չէր լինի վարչապետի ստերի հանդեպ, նրա սխալները ներելու մայրական ու անսահմանափակ կուրություն չէր դրսեւորի։ Մենք արեցինք։ 
Բայց նախկինների թեման շահարկելու ռեսուրսը մոտենում է ավարտին։ Մարդիկ հոգնել են փաշինյանական մանիպուլյացիաներից եւ ասում են՝ հերիք է, ե՞րբ, ո՞ր պահից է սկսվելու քո պատասխանատվության պահը, ո՞ր գործողությունն ես համարելու քո վարքի ու քայլերի արդյունքը, եւ վերջապես՝ ինչու ես վերցրել իշխանությունը եւ շարունակում ես պաշտոնավարել՝ եթե ամեն ինչ 10 տարի առաջ կանխորոշված էր եւ դու անզոր էիր այդ ընթացքը փոխելու։
Բայց նա շարունակում է եւ այսօր էլ մայիսի 9-ի ուղերձում ասում է․

«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»: 

Փողոցում պայքարող բազմություն է հավաքված, որը նրան առաջարկում է՝ հեռացիր, սպառել ես մեր վստահությունը, ապացուցել ես, որ ձախողել ես երկրի կառավարումը, նա շարունակում է պնդրել, որ «առաջնորդելու է մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ»։ Այս ցինիզմն ու անամոթությունն էլ թերեւս հաշվարկված ծրագիր է․ իր հեռացումը երազող մարդկանց ապտակելը, նրանց նյարդերի հետ խաղալը բավականություն է պատճառում երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձին։ 

Սվետա Մարտիրոսյան