Մեր երկրում չեն սպառվել ռոմանտիկները, իդեալիստները, ուտոպիստները,

Մեր երկրում չեն սպառվել ռոմանտիկները, իդեալիստները, ուտոպիստները,

Այդպես է կարգն աշխարհի: Ժողովուրդները Փարավոններին ու թագավորներին ընդունում են որպես Աստծո տեղակալներ երկրի վրա: Ո՞վ է այսօր Աստծո մեր տեղակալը:

Նա, ով կեղծ իշխանության կեղծ ու պատիր իր թիմով չորս տարի բառերի սուրբ ալյուրով և խաբեության թուքով ստեր հորինեցին ու այդ կողտոտ խմորից թխած գաղափարները լցրին մեր ականջները, թե մենք ձեզ երջանկության ու երանության հանգրվան ենք տանելու, թե մենք գործ ունենք մեր ժողովրդի ճակատագրի հետ:

Ու՞ր տարան: Տարան: Նույնիսկ քար սիրտ աշխարհը ապշեց: Ու մեզ հասցրին տխուր այս օրին՝ անդունդի եզրին:

Մեր աչքերը մեր հոգու տան լուսամուտներն են, սրանք փորձեցին փոշոտեն ու մրոտեն մեր աչքերը, որ աշխարհին փոշու ու մրի միջից նայենք ու չտեսնենք իրենց սատանայական ծամածռությունները:
Խաբեցին, զավթեցին, սատանայական հնարքներով ու խորամանկությամբ ոչնչացրին ազգային արժեքները, ավանդույթները, մշակույթը, հազարամյակների գործն ու փորձը թողեցին էն ափին, անցյալի հետ կապող բոլոր կամուրջները այրեցին, մոռացան մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հողը, արյունը, մեր գույնը:

Ապրեցին կարճլիկ նպատակներով, միայն իրենց համար:

Հոխորտացին, սպառնացին, գել ու գազան դարձան, դարձան լկտի ու անպարկեշտ՝ հաղորդակցվելու մտաղքատ իրենց կերպով, որը ոչ միայն դատարկ խոսք է ու արտաքին ձև, այլև, ըստ էության, փոխադարձ հարգանքից զուրկ մարդկանց հարաբերություն:
Ժողովրդավարությու՞ն...

Սրանց ժողովրդավարությունը փառքից շփոթված, ինքնագոհ հարբած կապիկ է դարձել, որ ասես թռչում է, ինչ ասես, ուր ասում, ում վրա ասես՝ թքում է, պատերազմ է հայտարարում նաև դարեր շարունակ մեզ հայ պահող մեր սուրբ եկեղեցուն:

«Աստծո տեղակալ» իրեն հռչակածն իր բախտախնդիրներով համաձայնվել էր ... թագավոր ու Քրիստոս դառնալ, Հռոմի պապ ու չգիտեմ էլ ինչ, բայց դավաճանեց մի ամբողջ ժողովրդի, խաչին տեր չկանգնեց, դարձավ սովորական խաբեբա: Սրանք, այո, թույլ տվին արյունահեղություն, պարտությունը «պատվով» տարան, քանդուքարափ արին մեր պապերի ու հայրերի, նաև մեր ձեռքով, մեր արյունով, քրտինքով կառուցածը:
Վաճառքի հանեցին հայոց սրբազան հողը...

Ու այսօր մեր պետականությունը կախված է մազից, այսօր աշխարհը զարմացած  նայում է, թե  ինչով են զբաղված  մեր քաղաքական գործիչները՝ բռնություն, դաժանություն, ալան-թալան:
Այն ուսապարկերը , որոնք Հայոց խորհրդարանը դարձնելով սեփական «դուքան» , զբաղված են միայն ծափահարություններով, չգիտակցելով, որ ծափահարող ձեռքերը գործ չեն անում, այլ սոսկ միայն ձայն են հանում: Բայց չէ-որ Աստված մարդուն ձեռքեր է տվել ոչ թե ձայն հանելու, այլ գործ անելու համար: Իմ քայլականեր, ձեռքերը ծափի համար մի գործածեք, վաղը սոված կմնաք:
Իմացեք՜, էս ամենը անպաիժ չի մնա, կյանքն իր կանոններով, իր ուրույն պահանջներով դաժան ու անզիջում , վաղ թե ուշ գալու է տուրուառի այն պահը, երբ տվածիդ չափ ստանում ես, բերածիդ չափ ՝ տանում, ոչ ավել , ոչ պակաս՝ «ինչ մտանես, էն գտանես...»
....Փառք Աստծո, մենք դեռ կանք:

Կանք, որովհետև մեր ազգը ունի հոգու անկործանելի  հակաթույն, որն առողջ է պահում մեր արմատները, հայ ցեղն իր ոգին, իր առնականությունը չի կորցրել և չի կորցնելու երբեք:
Որքան էլ ազգադավեր լինեն ու իրենց նետեն  դարեր շարունակ մեզ ցավ ու արյուն բերած թշնամու գիրկը:

Մենք կանք, մեր երկրում չեն սպառվել ռոմանտիկները, իդեալիստները, ուտոպիստները, խենթերը, չարի քոքը կտրողներ:

Ուրեմն, խելքիդ, ոգուդ, ձեռքերիդ ու ուսերիդ մատաղ հայ մարդ, սթափվիր, վռնդիր չարիքին ու վարի,, ցանի, շենացրու մեր երկիրը:

Մեր սերմը մեր հողում ցանենք...

Վալերի Հարությունյան Արցախ