Ամոթ ունեցեք

Ամոթ ունեցեք

Ինձ անչափ հետաքրքրում է՝ ինչպե՞ս են իրենց զգում այն դատավորները, որոնք Տաթեւ Արցախին, Նարեկ Մալյանին, Գրիգորի Խաչատուրովին, Մամիկոն Ասլանյանին, Արմեն Աշոտյանին, Արագած Ախոյանին, զոհվածների ծնողներին կալանավորելու որոշում են կայացնում։ Մարդը պետք է առնվազն մարդկային կերպարը կորցրած լինի, բարոյականությունից զուրկ լինի, ազգային արժեքներից հրաժարված, վերածված գազանակերպ ռոբոտի, որ նման մեղադրանքների պայմաններում այդպիսի որոշումներ կայացնի եւ օրվա վերջում հանգիստ տուն գնա։ Ինչքա՜ն պետք է մարդու բանականությունը խախտված լինի, ինչքա՜ն պետք է կենդանական բնազդներով ապրի, որ իր պաշտոնը, իր ստացած աշխատավարձն ավելի կարեւորի արդարության տարրական կանոններից, հանրային շահից։

Ինչքա՜ն պետք է անասնական վախ ունենա դատախազ-քննիչներից, ՔՊ-ից, վարչապետից, չգիտեմ էլ ումից, որ զավակին պատերազմում կորցրած մարդուն կալանավորի, ինչ է թե նա մի թեթեւ հարված է հասցրել ինչ-որ պատգամավորի։ Չգիտեմ, թե սրանց համալսարաններում ինչ են սովորեցրել (գոնե դատավորի առաքելության մասին պատկերացում չեն ձեւավորել), բայց իրենց ընտանիքներում հաստատ մարդկայնության տարրական դասեր չեն տվել։ Չեն բացատրել, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու ծնողը սրբություն է, նրան կարելի է կալանավորել բացառապես, եթե նա մարդ սպանած լինի։

Չեն հասկացրել, որ դատավորի պատմուճանը քեզ չեն հագցրել նրա համար, որ մի քանի դառը խոսք գրած կնոջը՝ 2 երեխայի մորը, բանտ ուղարկես։ Որ գեներալ Խաչատուրովի նման մարդկանց, անգամ եթե նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ են ելել, ազգը պետք է միայն փայփայի։ Որ Արմեն Աշոտյանի նման գրագետ ու խելացի մարդկանց ոչ թե բանտ է պետք ուղարկել, այլ նրա գիտելիքներն ու կարողություններն օգտագործել ի շահ մեր երկրի։