Գյումրիում երթուղի դուրս եկան 8 նոր միկրոավտոբուսները․ կթանկանա՞ ուղեվարձը

Գյումրիում երթուղի դուրս եկան 8 նոր միկրոավտոբուսները․ կթանկանա՞ ուղեվարձը

Այսօր Գյումրիում երթուղի են դուրս եկել 8 նոր միկրոավտոբուս, որոնք նոր են քաղաք հասել:
 
Նշենք, որ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար: 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարկվել է կառավարության հաստատման: Առայժմ ձեռք է բերվել 8 հատ՝ հրատապության հիմքով, քաղաքի 3 երթուղիներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն երկուսի սպասարկումից հրաժարվել է: 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց.

«Այս 8 միկրոավտոբուսներով կսպասարկենք 14 և 18 համարի երթուղիները: Մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման նախահաշվային արժեքը՝ 18 076 666մլն դրամ է, հաղթած գինը՝ 14 900 000 մլն: Հուսով ենք, կկարողանանք նաև 22 համարի երթուղու բացը փակել և քաղաքը սպասարկող 8 երթուղիները, թարմացված միկրոավտոբուսներով, սպասարկենք ՓԲԸ-ի միջոցով: Իմ հանձնարարությամբ միկրոավտոբուսներում կլինեն և՛ ավտոբուս ՓԲԸ-ի, և՛ համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի բնակիչները կարողանան իրենց առաջարկներն ու բողոքները ներկայացնեն: Ավտոբուս ՓԲԸ-ն արդեն երկու անգամ գումարներ է փոխանցել համայնքի բյուջե, այդ գումարները կհավաքվեն և կծառայեցվեն ՓԲԸ-ի պարկի թարմանցման, կարիքների համար»: Վարդգես Սամսոնյանը նշեց նաև,  որ տրանսպորտային գնի փոփոխություն Գյումրիում չի նախատեսվում, 100 դրամ ուղեվարձը պահպանվելու է ։ 

Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք 5 էլեկտրական ավտոբուսներին, դրանց շահագործմանը և մի շարք այլ հարցերի:

Նոր միկրոավտոբուսների շահագործման, երթուղիների սպասարկման, առկա խնդիրների, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների մասին լրագրողների հետ խոսեց է նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն ժ/պ Ռոբերտ Անդրիասյանը, ընդգծել, որ անում են ամեն բան՝ բնակիչներին որակյալ սպասարկում ապահովելու համար: 

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետարանը 2021 թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք էր բերել 63 նոր միկրոավտոբուս, մասնակի թարմացրել երթուղային ցանցը: 

Ձեռք բերված նոր միկրոավտոբուսները երթուղային ցանցում շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից: 
ՓԲԸ-ն բացվել է Գյումրու համայնքապետարանին կից: