Հարգելի նախկին նախագահներ, ասպարեզը սեփական թիմակիցներին թողնելն ամենավատ բանը չէ, որ կարող է ձեզ հետ պատահել

Հարգելի նախկին նախագահներ, ասպարեզը սեփական թիմակիցներին թողնելն ամենավատ բանը չէ, որ կարող է ձեզ հետ պատահել

Այսօր մեր թերթում լուր էինք հրապարակել, որտեղ ասված էր․

«Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին եւ պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին եւ երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով։ Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաեւ Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, եւ երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական եւ քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, եւ միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»։

Այս լուրը բուռն արձագանքի է արժանացել հատկապես նախկին նախագահների եւ նրանց շրջապատի կողմից: Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի թղթակցին ասել է, որ «Ռոբերտ Քոչարյանը հումորով է վերաբերվում «Հրապարակ» թերթի` «մտքի կանոնավոր վարժություններին», և որ իր «հեռանալու» մասին նա իմացել է հենց թերթից»։ Իսկ Լեւոն Զուրաբյանը, ըստ լրատվամիջոցի, «փաստացի հերքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ որևէ քննարկման մասին տեղեկությունը, թերթի հրապարակումն էլ անվանել «փուչիկ», որն արժանի չէ լուրջ քննարկման»։

Սա առաջին դեպքը չէ, որ մենք ստիպված ենք ոմանց ահամար «թարգմանել», թե ինչ ենք գրել: Նախ, լուրի իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանի գրասենյակում քննարկվում է մի հայտարարության տեքստ, որը կարող է հրապարակվել, բայց հնարավոր է նաեւ չհրապարակվի` այն քննարկման փուլում է: Սերժ Սարգսյանը մտորում է այդ մասին` հայտարարե՞լ, որ ժամանակն է երիտասարդներին տեղը զիջել ու հեռանալ, թե՞ դեռ շարունակել մի քիչ էլ առաջնորդել կուսակցությունն ու փորձել ինչ որ բան անել քաղաքական դաշտում: Ընդ որում` ՀՀԿ-ում կարծում են, որ եթե նման հայտարարություն արվի, ապա սա իմաստ ունի` եթե բոլոր նախկին նախագահներն են հայտարարում այդ մասին եւ մի կողմ քաշվում` երիտասարդներին զիջելով ասպարեզը: Դա է պատճառը, որ մտադիր են հայտարարության տեքստը քննարկել մյուս գործող անձանց` նախկին նախագահների հետ, իսկ եթե նրանք չհամաձայնեն, ապա հնարավոր է Սերժ Սարգսյանը հանդես գա նման կոչով: Ի դեպ, խոսքը գնում է` կոնկրետ Արցախի մասին պայքարի էստաֆետը զիջելու եւ հետին պլան գնալու մասին` նաեւ հետագայում իշխանության չհավակնելու խոստմամբ: Այնպես որ ոչ Քոչարյանի իրոնիան, ոչ Զուրաբյանի ինքնավստահությունը տեղին չէ, նրանք անգամ այս տեղեկատվության հասցեատերերը չեն եւ այն հերքել կամ հաստատել չեն կարող:

Սակայն այս իրոնիան ու հերքելու եռանդը, թե` «իմ հեռանալու մասին տեղեկացել եմ թերթից», խոսում են ընդամենը մի բանի մասին, որ մենք ՀՀ նախկին նախագահների մասին ավելի լավ կարծիքի ենք, քան նրանք իրականում են: Մենք միամտաբար կարծում էինք, որ այս անձանց համար այս պահին կարեւորը երկրի շահն է եւ հանուն այդ շահի նրանք պատրաստ են ասպարեզը զիջել երիտասարդներին ու մի կողմ քաշվել: Որովհետեւ կարեւորը նպատակն է: Արդեն գրեթե բոլորին, բացի, փաստորեն, իրենցից, պարզ է, որ նրանք փորձեցին` չստացվեց, գուցե ավելի երիտասարդների՞ մոտ ստացվի: Պարզ է, որ նրանք ոչ մի հետեւություն չեն արել ոչ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից, ոչ դրանից հետո այս բոլոր ամիսների իրադարձություններից, որոնք ավելի ու ավելի են ամրապնդում այն համոզումը, որ նախկին իշխանությունների հետեւից ժողովուրդը չի գնալու:

Մեզ նոր դեմքեր են պետք, նոր եռանդ, նոր պայքար: Թե ովքեր կլինեն այդ դեմքերը. Արման Թաթոյանը, Իշխան Սաղաթելյանը, Լեւոն Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Արա Զոհրաբյանը, Ավետիք Չալաբյանը, թե այլք, բոլորովին կարեւոր չէ: Ի վերջո, ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ: Եւ այդ ավարտը պարտադիր չէ, որ գերեզմանը լինի` մարդը կարող է իր գործունեությունը շարունակել այլ ֆորմատով եւ այլ կարգավիճակում: Իսկ 60-70-ամյա մարդկանց մի կողմ քաշվելը եւ ասպարեզը սեփական թիմակիցներին, որդիներին, աշակերտներին, փեսաներին ու սանիկներին թողնելը ամենավատ բանը չէ, որ կարող է նրանց հետ պատահել: Ժամանակն է, որ նրանք գիտակցեն` «շունը խոտի դեզի վրա» կարգավիճակը` երբ դու չես կարողանում, ուրիշին էլ չես թողնում` ասպարեզ չբացելով նորերի համար, ամենամեծ վատությունն է, որ կարելի է անել սեփական երկրի նկատմամբ:

Դա, պարզ ասած, Նիկոլ Փաշինյանի երկարակեցությանը նպաստել է նշանակում: Այնպես որ մեր «մտքի կանոնավոր վարժությունները» Հայաստան պետության շահերից ավելի շատ են բխում, քան ձեր` քաղաքական ասպարեզում մնալու հուսահատ ճիգերը: Ավելի լավ է ժամանակին հեռանալ, քան քաղաքական դաշտը կաթվածահար անել, երիտասարդներին խանգարել եւ պետությունը քաղաքական դիակի վերածել: