Անձը թիրախավորելով՝ փլուզեց պետությունը․․․

Անձը թիրախավորելով՝ փլուզեց պետությունը․․․

Պրիմիտիվ է, մանավանդ, երբ մենք այդ  ճանապարհը բազում անգամ ենք անցել, երբ որևէ կառույց ոչնչացնելու համար իշխանությունը փորձում է «իր մեթոդներով»  հանրային գիտակցություն առաջացնել, թե պայքարում է ոչ թե կառույցի, այլ կառույցի ղեկավարի դեմ։ 2018-ից հետո համատարած այս երևույթն է։ Իսկ գիտե՞ք ինչ է նշանակում կառույցը վերացնելը։ Իշխանության դիտանկյունից եմ հարցը տալիս։ Դա նշանակում է՝ կառույցն ամբողջովին իրենով անել, որը կկատարի այն, ինչ կթելադրի մի անձ։ Երբ դատարանների վրա գնացին, թիրախավորվեցին դատավորները, որոնք իբր թե սխալ որոշումներ էին կայացնում կամ կաշառք էինք վերցնում։ Երբ Սահմանադրական դատարանի դեմ դուրս եկան, թիրախավորվեց Հրայր Թովմասյանը։ Երևի ոչ մեկդ չի մոռացել նրա ընտանիքի հանդեպ  բռնաճնշումները, քրեական հետապնդումները։ Երբ Բանակի դեմ դուրս եկան, թիրախավորվեցին առանձին անհատներ, որոնք հերոսներ էին, հանրության մեջ ուժի կուռք էին։

Երբ Արցախի դեմ դուրս եկան, թիրախավորվեց Արցախի հերոսները։ Երբ Մայր ԲՈՒՀ- ի  դեմ դուրս եկան, թիրախավորվեց ռեկտորը, նրա հետապնդման սցենարները հիշեք։ Սա շղթա է, որ անվերջ կարելի է շարունակել, թվարկել։ 2018-ից հետո այս իշխանությունն այսպես ձևավորվեց։ Եվ ի վերջո, չեմ տեսնում որևէ կառավարման, հանրային օղակ, որ այս իշխանությունը այն փոխած չլինի «իր մեթոդներով»՝  իրեն հաճո, ենթակա կադրերով։ Ի վերջո եթե ամբողջացնենք  այս ողջ շղթան,  կարելի է տրամաբանական եզրահանգման գալ՝ երբ Սերժի դեմ դուրս եկավ՝ թիրախավորվեց պետությունը։ Անկախ Սերժ Սարգսյանի իշխանության արատավոր երևույթների, որոնք այսօր ավելի խորացվեց։  Ավելորդ է անգամ բացատրելը, թե ինչպես թիրախավորվեց պետությունը և ինչ մնաց նրանից։ Ու եթե բացատրությունը սկսեի սկզբից, երբ թիրախավորվեց պետությունը, կարելի է նոտաներով հատ- հատ նվագել՝ ինչու՞ լուծարվեցին  նախարարությունները, ինչու՞ գնացին դատարանների վրա, ինչու՞ հերոսներին ոչնչացրին, ինչու՞ Սահմանադրական դատարանը «ձևափոխեցին, իրենցով արին», ինչու՞․․․ Սա այնքան պարզ շղթա է, որ անգամ վերլուծության կարիք չկա։ Իրականացնելով այս ամենը, դիմադրության չհանդիպելով՝ շարունակում է շղթայի վերջնական փլուզմանը։ Հիմա էլ նախկին օրակարգային չլուծված խնդիրներից մեկը՝ կաթողիկոսի հեռացումը նորից օրակարգ է մտցվել։  

2018-ի այդ փորձը տապալվեց, որովհետև դեռ պետությունը ուժեղ էր, կառույցները խեղված չէին։ Հիմա նույն ուժերը մտածում են, որ շնչահեղձ լինող պետության ու հիասթափված ժողովրդի հարցերը կարող են ավելի հեշտ լուծել։ Հիմա էլ թիրախավորվել է կաթողիկոսը։  Եթե եկեղեցին թիրախավորվի, հարցը դժվար կլինի լուծել, էլի նույն գործելակերպով թիրախավորել են անձի։ Նրա վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումներ են արվում, կոչեր։  Մամուլից տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում հերթական ակցիան է կազմակերպվում  ընդդեմ Վեհափառի։ Ընդդեմ վեհափառի։ Սա կառույցը զրոյացնելու, փոշիացնելու  նույն ճանապարհն է, որով եկել են իշխանության ու շարունակում են անձը թիրախավորելով, փլուզել պետությունը․․․ 

Ժողովրդի ծով համբերությունն էլ սահման ունի։ Եթե նրանք չեն դիմադրել՝ երկիրը մաս- մաս փլուզման գործընթացը կասեցնելու, այժմ սուրն ուղղվում է եկեղեցու դեմ։ Դա նրանց հավատն է, զորությունը, ուժը։ Հետադարձ հայացք նետելով 2018-ից իշխանության եկածների գործելակերպին, ժողովուրդը  պիտի գիտակցի, որ կռիվը ոչ թե կաթողիկոսի, այլ եկեղեցու դեմ է․․․ Կռիվը ոչ թե Սերժի, այլ պետության դեմ էր։ Կռիվը ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ Սահմանադրության դեմ էր։