«Հրապարակ»․ Նա պարզապես խաբել է մարդկանց ու նրանց քվեն ստացել

«Հրապարակ»․ Նա պարզապես խաբել է մարդկանց ու նրանց քվեն ստացել

Հարցազրույց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

- Հետեւեցի՞ք` ի՞նչ տպավորություն ունեք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից։

- Երկակի տպավորություն ունեմ, այսինքն՝ ասուլիսն այն մասին էր, որ հայտնեց հայ ժողովրդին, որ ինքն այլեւս որեւէ կերպ չի օժանդակելու Արցախին, ամբողջովին հանձնում է Արցախի հարցը, միաժամանակ բացատրեց, հստակեցրեց, որ Արցախը հանձնելը դեռ չի նշանակում Հայաստանի անվտանգությունն ապահովել, այսինքն՝ Արցախը հանձնում ենք ոչ մի բանի դիմաց։ Կար նաեւ երկրորդ ենթաշերտը․ ասուլիսի ընթացքում նա հնարավորինս փորձեց ատելություն բորբոքել հայաստանցիների եւ արցախցիների միջեւ։

- Փաշինյանն ասաց՝ ուզում եք Հայաստանը զոհաբերե՞լ հանուն Արցախի, Հայաստանի ու Արցախի գոյությունն իրար հակասո՞ւմ են։

- Պատերազմն ու անցած տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի անվտանգությունն առանց Արցախի անհնար է կազմակերպել, այսինքն՝ Հայաստանն ու Արցախը ոչ միայն քաղաքակրթական ու տնտեսական, այլեւ անվտանգության տեսանկյունից միասնական մարմին են։ Սա նույնն է, որ ասեն՝ ուզում ենք Սյունիքը կամ Գյումրին զոհաբերենք հանուն Հայաստանի անվտանգության։ Սա բավականին վատ, բավականին ցածրորակ մանիպուլյացիա է։

- Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ իր կառավարությունը գումարով է օգնում Արցախին։ Սա կոմպենսացնո՞ւմ է այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է Արցախը։

- Նախ՝ իր խոսքերից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ինքն է գումարով օգնում, այլ ոչ թե Հայաստանը, մենք՝ բոլորս։ Իսկ մյուս կողմից, եթե մենք խոսում ենք այն մասին, որ Արցախը մեզ համար անվտանգություն է ապահովում, ապա, բնականաբար, պետք է վճարենք այդ անվտանգության դիմաց։

- Ադրբեջանը թույլ չտվեց, որ Հայաստանից մեկնող հումանիտար բեռները հասնեն Ստեփանակերտ, Արցախում ծանր դրություն է։ Ձեր կարծիքով՝ այս իրավիճակն ի՞նչ հանգուցալուծում է ստանալու։

- Իրավիճակի համար անհրաժեշտ է կոմպլեքս հանգուցալուծում, եւ, ընդհանրապես, ինձ համար անհասկանալի է․ եթե չկա որեւէ հստակ պայմանավորվածություն, չգիտեմ՝ Ադրբեջանի հետ, ռուսական զորքերի հետ, Եվրամիության հետ կամ որեւէ մեկի, ինչո՞ւ էին այդ աղմուկը բարձրացնում, այդ բեռը տանում-հասցնում Կոռնիձոր։ Այս խնդրի լուծումը պիտի կոմպլեքս լինի, մենք պետք է փորձենք դիվանագիտական ողջ զինանոցն օգտագործել՝ ե՛ւ ռուսների հետ, ե՛ւ Արեւմուտքի հետ, պետք է օգտագործենք նաեւ մեր ռազմական հնարավորությունները եւ պետք է օգտագործենք որոշակի ժողովրդական զանգվածներ, ինչպես ադրբեջանցիները ֆեյք շարժումներով փորձեցին ու եկան-հասան այդ ճանապարհի շրջափակմանը։

- Ռազմական հնարավորություններ ասելով ի՞նչ նկատի ունեք, ուժո՞վ բացեն ճանապարհը։

- Ռազմական հնարավորություններ ասելով նկատի ունեմ ռազմական ճնշումներ, պարտադիր չէ, որ դրանք լինեն ռազմական գործողություններ, բայց կարող են լինել զորքի կուտակումներ, որոշակի զինտեխնիկայի զորաշարժ։ Սրանք՝ բոլորը, համալիր կարող են ազդեցություն ունենալ դրա վրա։ Իսկ դրա այլընտրանքը, փաստորեն, Նիկոլի ասածն է, որ` «մենք դրա հետ գործ չունենք, հա, ես Լաչինի համար պատասխանատու եմ, որովհետեւ այդ հայտարարության տակ եմ ստորագրել, բայց դե որ պատասխանատու եմ, ի՞նչ անեմ․․․»։ Սա պարզապես ձեռքերը լվանալ է այդ 120 հազար մարդուց, մեր հայրենիքի այդ կտորից եւ, ինչպես ասացի, Հայաստանի անվտանգությունից։

- Փաշինյանը նաեւ ասում է, որ ինքը 29 հազար 800-ի վարչապետն է, որեւէ պատասխանատվություն չունի Արցախի համար։

- Եկեք հասկանանք այսպես, որ հայ ժողովուրդը բազմաթիվ հատվածներ ունի, բայց այդ ամենը հիմնականում կենտրոնացված է ու կոորդինացվում է Հայաստանում, այդ 29 հազար 800-ն էլ դեռ հարց է, թող գնան դեմարկացիա-դելիմիտացիա անեն: Բայց դրա մասին չէ խոսքը, նա բոլորի կողմից ընկալվում է որպես հայության ղեկավար։ Բայց եկեք նայենք` նա խախտել է բազմաթիվ օրենքներ՝ սկսած նրանից, որ հռչակված է, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, որ Հայաստանում արգելվում է Արցախն ուրանալը եւ այլն։ Նա այս ամենը խախտել է եւ, ըստ էության, զրկվել է լեգիտիմությունից եւ օրենքները խախտելով՝ հիմա փորձում է առաջ գնալ։ Սա երեւի այն անկյունաքարն է, որով կարելի էր լուծել Արցախի հարցը, այսինքն՝ եթե այդ մարդն այլեւս ոչ լեգիտիմ է, նրա արած հայտարարությունները լեգիտիմ չեն, նրա ստորագրած թղթերը լեգիտիմ չեն` գոնե իրավական առումով։ Ուրեմն խնդիր է դրվելու նրան հեռացնել, որպեսզի այս ամբողջ փորձանքը, որ նա բերել է Հայաստանի գլխին, համարվի առ ոչինչ, ջնջվի, ու սկսվեն նոր քննարկումներ։

- Փաշինյանն ասում է՝ հազար անգամ հրաժարական չպիտի տամ, մի անգամ տվել եմ, էլի ընտրվել եմ։

- Դրանք մանիպուլյատիվ ճշմարտություններ են, դրանք աճպարարություններ են, իր սիրած տերմիններից է «կռուտիտ» լինել, հիմա նա «կռուտիտ» է լինում՝ փորձելով սքողել իր դավաճանությունը։ Իհարկե, դրանում որեւէ ճշմարտություն չկա, ասացի, որ նա Արցախից հրաժարվելու օրենսդրական իրավունք ուղղակի չունի, եւ ի՞նչ է նշանակում` ստացել է մանդատ, նա Արցախը հանձնելու մանդա՞տ է ստացել։ Ավելին՝ նա ասում է, որ Արցախը հանձնելով ինքը չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը։ Նա, ասենք, ստացել է մանդատ՝ իր ասած խաղաղության դարաշրջանի, ո՞ւր է այդ խաղաղության դարաշրջանը, իր ստացած մանդատից հետո իրավիճակը բազում անգամ ավելի լարվել է, ավելի վատթարացել է։ Այսինքն՝ նա պարզապես խաբել է մարդկանց, խաբել ու այդ քվեն ստացել։ Ուրեմն նա իրապես իրավունք չունի այդ բառերն ասելու։