Մեզ հաղթանակ է պետք

Մեզ հաղթանակ է պետք

2018-ին փողոց ելած մարդկանց ուրախությունը, վառվող աչքերն ու անզուսպ հրճվանքը ոչ մի կերպ հնարավոր չէ մոռանալ: Ապրիլի 23-ին մարդիկ փողոցներում շամպայն էին բացում, օտար մարդկանց գրկում եւ շնորհավորում հաղթանակի առիթով: Իսկ հաղթանակը Սերժ Սարգսյանի «թավշյա, ոչ բռնի» հեռացումն էր, որից հետո, թվում էր, սկսվելու են մեր ազգի վերելքը, մեր պետության սրընթաց զարգացումը եւ մեր երազանքների երկրի կառուցումը: Ոչ ոք չէր պատկերացնում, որ որեւէ իրադարձություն կարող է մթագնել այդ ուրախությունը, այն բերկրանքը, որ մեր ազգն ապրում էր այդ օրերին: Դա հաղթողի, իր նպատակին հասածի բերկրանք էր:

Ոչ ոք չէր պատկերացնում, որ գալու են պարտության օրեր, որոնց հիմքը դրվեց հենց այդ օրը` համազգային հաղթանակի ու բերկրանքի այդ շրջանում: Հիմա հայի աչքերը խամրել են, հրճվանքը փոխարինվել է ընկճվածությամբ, շարունակական պարտությունները կոտրել են նրա ոգին, եւ նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է այս իրավիճակից դուրս գալ, մեջքը շտկել, գլուխը բարձրացնել: Նա ոչ մի հույս չունի, որ հնարավոր է կտրել պարտությունների այս շարունակական շղթան եւ հաղթանակ գրանցել: Ընդ որում` հաղթանակ ոչ միայն ռազմի դաշտում, դիվանագիտական հարաբերություններում, այլեւ մեզ համար մատչելի ասպարեզներում: Օրինակ` գիտական հայտնագործությունների, մշակութային արժեքներ ստեղծելու, սպորտի ասպարեզում: Հայի կամքն ու ոգին այնքան են կոտրվել, նվաստացել, հողին հավասարվել, որ մենք դադարել ենք անգամ հույսեր փայփայել, երազել, որ, օրինակ, այսօրվա ֆուտբոլային խաղում Հայաստանի ազգային հավաքականը կարող է հաղթել մեր թշնամի երկրի հավաքականին: Գոնե որպես ռազմի դաշտում կրած պարտությունների կոմպենսացիա: Ազգային ոգին բարձրացնելու եւ թշնամուն դաս տալու համար: