Ձնակերտ Սբ Ղազանչեցոցը` անկոտրում արցախցիների հավատի հուշարձան

Ձնակերտ Սբ Ղազանչեցոցը` անկոտրում արցախցիների հավատի հուշարձան

Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինն ավարտած Գեւորգ Սարգսյանը երկար տարիներ դասավանդել է իր սիրելի Ստեփանակերտի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտում: Դասավանդել է դիզայն նախագծեր եւ մոդելավորում, կոմպոզիցիայի հիմունքներ, գունատեսություն առարկաներ:

«Զուգահեռ ստեղծագործել եմ միշտ: Արցախցի նկարիչների հետ մասնակցել եմ խմբակային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Գերմանիայում: Ձյան աշխատանքներ արել եմ տարիներ առաջ, երբ տղաներս փոքր էին: Նրանց ընդգրկել էի իմ աշխատանքներին, որպեսզի օրինակ ծառայեի: Այդ ժամանակ էլ շատ առատ ձյուն էր եկել: Տղաներիս օգնությամբ հավաքել էինք, կուտակել ձյան մեծ կտորներ եւ պատրաստել եկեղեցիներ, բերդ, հայտնի «Տատիկ-Պապիկը»: Ցավոք սրտի, ֆոտոներ չունեմ պահպանած: Հարեւանուհիս ուներ թղթի վրա, այն էլ Շուշիում է մնացել: Մորս պատանեկության տարիներն են անցել Շուշիում: Ես ստեփանակերտցի եմ, բայց հոգով՝ շուշեցի: Մոտ երկու տարի ամառային արձակուրդներս անցկացրել եմ Շուշիի ճամբարում»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ արցախցի արվեստագետ Գեւորգ Սարգսյանը:

Մի քանի օր տեւած առատ ձյունը հենց այնպես չեկավ Արցախում: Կարեւոր անելիք ուներ արվեստագետը, նա ձյան տեսքով 44-օրյայի պատմությունը կերտեց: «Երկու օր տեւեցին աշխատանքները: Առաջին օրը կուտակեցի ձյունը, սեղմում էի, որ պնդանա, հետո սկսեցի քանդակել, կտրել, հանել ավելորդ մասերը: Քանի որ ձյուն էր գալիս ու նստում աշխատանքիս վրա, անընդհատ խոչընդոտներ էին առաջանում: Լավ է, որ գիշերը ցուրտ արեց, մակերեսները պնդացել են: Այսօր էլ ձյուն է տեղում, մի քանի օր կպահպանվի այսպես: Քանի որ իմ տան դիմաց գտնվող մայթեզրին եմ պատրաստել եկեղեցին, փողոցային լույսերն էլ ավելի են լուսավորում այն: Հիմնական մուտքի ներսում էլ դրել էի էլեմենտով ապակեպատ լամպ: Մարդիկ գիշերվա ժամերին էլ են գալիս նկարվում, գնում: Կարելի է ասել, որ եկեղեցին էլ իմը չի: Ասեմ, որ սա նաեւ անդրադարձ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունած բանաձեւին` Արցախի հայկական կոթողներին վերաբերող, եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ անօրեն Շուշի այցելության բողոք»:

Ձնակերտ Սուրբ Ղազանչեցոցը ե՛ւ կարոտ է, ե՛ւ բողոք, ե՛ւ ապագայի հանդեպ հավատ, որն արվեստագետի ձեռքով կերտվել է անկոտրում կամքով արցախցիների համար: