Նոր առաջնորդի ծնունդը

Նոր առաջնորդի ծնունդը

Երբ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր՝ հեղափոխական էյֆորիայի մեջ ընկած տղամարդկանց ու կանանց մի մասը «սիրահարվԱԱԾ» էր նրան: Փոքր մասը, քանի որ մեծը «սիրահարված» էր Նիկոլին: Սակայն ես կասկածանքով էի վերաբերվում Վանեցյանին: Հատկապես որ ինձ բացարձակ դուր չեկավ նրա և ՀՔԾ-ի ղեկավարի գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունը՝ չնայած տարիներով կռիվ էի տվել նախկինների դեմ: Հենց այդ առիթով էլ սկսեց փչանալ իմ հարաբերություններն այն կազմակերպության հետ, որտեղ աշխատել էի 15 տարի: Ես համարում էի, որ ԱԱԾ-ի պետը չպետք է վերածվեր հեղափոխական վարչապետի կամակատարի: Այդպիսին չպետք է լիներ նաև դատավորը՝ ով էլ նա լիներ: 2019-ի աշնանը, երբ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, մի փոքր հարգեցի նրան: Մի փոքր, քանի որ վաղուց արդեն ընդդիմադիր էի նոր իշխանությանը և համարում էի, որ Վանեցյանը ոչ թե պետք է լքեր իր պաշտոնը՝ փորձելով խոսքի ուժով խելքի բերել Փաշինյանին, այլ փորձեր օգտվել պաշտոնի ընձեռած հնարավորությունից՝ շտկելու «շողուլից ընկնելը», որ թույլ էր տվել ու շարունակում էր թույլ տալ Փաշինյանը:

Ու երբ Վանեցյանը համախոհներ գտավ ու նրանց հետ հիմնադրեց «Հայրենիք» կուսակցությունը՝ համարեցի, որ Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց հերթական կառուցողական (այսինքն՝ թույլ) ընդդիմությամբ: Որովհետև Փաշինյան Նիկոլն արդեն ցույց էր տվել իր իրական դեմքը, ինչը նշանակում էր, որ նրան ընդդիմադիր քաղաքական գործիչը պետք է լիներ նրանից շատ ավելի կոշտ: Կոշտ իր խոսքում և այլ գործողություններում (քաղաքական գործչի խոսքը ևս գործողություն է): Ու այդ պատճառով էլ Վանեցյանի վրա, այսպես ասած, խաղադրույք չէի դնի Նիկոլին իշխանությունից հեռացնելու հարցում: Եվ քանի գնաց՝ այնքան համոզվեցի, որ իմ գնահատականում չեմ սխալվել: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունն էլ հաստատեց այն: Այդ գնահատականը շարունակվեց գոյություն ունենալ մինչև ս. թ. ապրիլի 17-ը, մինչև այն պահը, երբ Վանեցյանը հայտարարեց Ազատության հրապարակ մուտք գործելու և մինչև հաղթանակ այն չլքելու մասին: Եվ հենց առաջին գիշերը նիկոլական իրավապահների միջամտության շնորհիվ ինքը հաջողությամբ հանձնեց առաջին քննությունը:

2022 թվականի ապրիլի 17-ի օրն ԱԱԾ նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի աստեղային ժամն էր: Այդ օրն Արթուր Վանեցյանը հաղթահարեց ինքն իրեն՝ դուրս գալով «կոմֆորտ» գոտուց: Ու ես վստահ եմ, որ եթե այդ գործընթացն ունենա իր տրամաբանական ավարտը, ապա ես հետագայում կարող եմ համարձակ պնդել, որ Վանեցյանի հաշվով իմ նոր գնահատականում չեմ սխալվել: Մնում է, որ իր համառությամբ Վանեցյանը հաղթահարի Նիկոլի և իրավապահ համակարգի դիմադրությունը: Այն համակարգի, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին ծառայելը գերադասում է Հայրենիքին ծառայելուց: Թեև ենթադրում եմ, որ դա հենց այդպես էլ պետք է լինի, այլապես իմաստ չուներ մտնել այն խաղի մեջ, որտեղ պարտության ստվերը կրկնակոխ հետևելու է նրան: Եվ նրանից հսկայական ջանքեր է պահանջվելու թե՛ իրավապահների դեմ և թե՛ մարդկանց անտարբերության ու հուսահատության դեմ կռիվ տալու համար: Սակայն այդ պայքարի արդյունքում Հայաստանում ծնվելու է մի նոր և հզոր առաջնորդ: Իսկ հայրենասեր և հզոր առաջնորդի առաջնորդությամբ Հայաստանն, անկասկած, հրաշքներ է գործելու: