Ասում էր`մինչեւ քանդված Աստծո տունը չվերանորոգենք, ոտքի չենք կանգնի

Ասում էր`մինչեւ քանդված Աստծո տունը չվերանորոգենք, ոտքի չենք կանգնի

«Հրապարակի» զրուցակիցն արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է, ով հատկապես 44-օրյա պատերազմի շրջանում եւ դրանից հետո ծավալված ողբերգական իրադարձությունների հետ կապված՝ տպավորիչ կադրեր է ֆիքսել: Դրանք տեղադրվել են համացանցում, հրապարակվել են ոչ միայն հայաստանյան, այլեւ հայտնի միջազգային լրատվական հարթակներում։ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները ներառվել են Reuters-ի «2023 թվականի լուսանկարները եւ դրանց հետեւում գտնվող պատմությունները» շարքում։ Լրատվամիջոցն արցախցի լուսանկարչի կողմից արված դրվագներով ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո հարյուր հազարավոր հայերի՝ իրենց պատմական հայրենիքը լքելու պատկերները։

Դրվագներից մեկում երեւում է, թե ինչպես է հայրը լալիս՝ ճանապարհի եզրին կանգնած։ «Այլ բան է, երբ այլ ազգի խնդիրներն ես լուսաբանում, մեկ այլ բան, երբ քո ազգի, քո ընտանիքի, քո բարեկամի ու երեխայի ցավն ես փորձում ցույց տալ։ Անգամ հացի հերթերին երբ գնում էի, չգիտեի՝ հերթ կանգնեի, թե ֆոտոխցիկը ձեռքս առնեի։ Այո, ծանր ու դժվար էր այդ օրերին լուսանկարչական ապարատը ձեռքդ վերցնելը, բայց մտածում էի՝ եթե ես չանեմ, ապա ո՞վ պիտի անի։ Հասկանում էի, որ պատմական փուլ ենք ապրում, եւ այն, ինչ կատարվում էր մեզ մոտ, մի ձեւ դրսին ցույց տալ, ներկայացնել է պետք, ու դա անում էի ֆոտոլրագրության միջոցով։ Ես այդ ամենն անում էի հույսով, որ այսպիսի ավարտ չէր լինելու։ 2020 թվականի պատերազմից հետո ես դեռ պաթետիկ էի նայում ամեն ինչին։ Երբ այն ժամանակ Շուշին, Հադրութը կորցրինք, ասում էի՝ իմ երեխային այնքան չեմ կնքելու, մինչեւ կրկին Ղազանչեցոց մտնենք, այնտեղ ենք պսակադրվել, այնտեղ էլ բալիկիս եմ կնքելու։ Արտագաղթից հետո փոխվեց ամեն ինչ, հիմա արդեն ավելի իրատեսական եմ․․․․»,- իր ապրումներն է փոխանցում լուսանկարիչը՝ շեշտելով․ «Բայց ինձ համար կռիվը դեռ ավարտված չէ․․․․»։

Դավիթի արած լուսանկարներից մեկը, որտեղ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է պատկերված՝ Հակոբավանքում, ակտիվ տարածվեց սոցիալական ցանցերում։ Այդ լուսանկարի հետ կապված էլ Դավիթը հիշողություններ ունի։ Պատմում է. «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի խորհրդի անդամներից էի եւ հենց այդ ժամանակ հնարավորություն ունեցա մոտ լինել պարոն Վարդանյանի հետ։ Արցախի շրջափակման ընթացքում՝ 9 ամսվա մեջ, շատ առիթներ ունեցա իր հետ շփվելու, Արցախի խնդիրը նա ավելի միջազգայնացրեց, հարցազրույցներ էր շարունակ տալիս, բարձրաձայնում էր, մեր մեջ հույսեր էր արթնացնում։ Այդ ընթացքում 3 անգամ միասին եղանք Հակոբավանքում, ցավոք սրտի, չհասցրինք վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել, միայն մաքրման աշխատանքներն ավարտեցինք, որին անձամբ Վարդանյանն էր մասնակցում` իր ձեռքերով մաքրում էր տարածքը։ Ես միայն այդ մեկ նկարն եմ տարածել, մյուսները պահում եմ, որովհետեւ նկարներում ինքը շատ քրտնած է, բանվորներից շատ էր աշխատում, ու այդ քրտինքը, որ կադրերում երեւում է, չափազանց խոսուն է։ Ինքն այնքան հավասար էր բոլորի հետ, մեզ խորհուրդներ էր տալիս, բայց մեզնից էլ էր խորհուրդ վերցնում, մարդկային գործոնն այնքա՜ն շատ էր․․․․, իր հետ այնքան հույսեր էին կապում երիտասարդները։ Մի անգամ առիթ եղավ՝ սեղանի շուրջ նստեցինք, ասացի իրեն, որ բոլորն իր հետ են հույս կապում, ինքը վերջին մարդն է մնացել, ում կարելի է հավատալ, հույս դնել, խնդրեցի, որ մեզ հուսահատ չանի, չկոտրի, ասացի, որ եթե հանկարծ խրամատ մտնենք, ուզում եմ, որ ինքը մեզ առաջնորդի։ Խոստացավ, որ մեզ չի թողնի, ու նա մեզ չթողեց, մնաց մեզ հետ: Բայց այնպես ստացվեց, որ հիմա մենք իր հետ չենք։ Այս պահին չենք անում այն, ինչ կարելի է անել՝ նրան Բաքվի բանտից վերադարձնելու համար, հասկանում եմ՝ սոցիալական շատ խնդիրներ կան, խեղդում են, բայց․․․»։ Թե ինչու էր նման ծանր պայմաններում Ռուբեն Վարդանյանը որոշել հիմնովին վերանորոգել, ավելի ճիշտ՝ վերակառուցել Հակոբավանքը, Դավիթը հստակ չգիտի, բայց կռահում է․ «Հակոբավանքն ամբողջությամբ ավերված էր, վերածննդի խորհուրդ ուներ։ Մի անգամ այդպիսի զրույց արեց՝ ասաց, որ այդ վանքի վերաշինումը մեր վերածնունդն է խորհրդանշելու, մինչեւ քանդված Աստծո տունը չվերանորոգենք, մենք էլ ոտքի չենք կանգնի»։