Եթե գնանք հսկենք, նշանակում է պարետի որոշումը խախտում ենք. ի՞նչ իրավիճակ է հայկական ակումբներում

Եթե գնանք հսկենք, նշանակում է պարետի որոշումը խախտում ենք. ի՞նչ իրավիճակ է հայկական ակումբներում

Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ մարտի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց  դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարարերը, այդ թվում՝ Բարձրագույն խմբի առաջնությունը: 
Տեղեկացանք, որ օրերս կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են  ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվել են  ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

Մենք տեղեկացանք, որ արտակարգ դրության, մարդկանց տեղաշարժման սահմանափակումների պայմաններում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբների ֆուտբոլիստները Հիմնականում տնային, անհատական մարզումներ են անցկացնում՝ մինչև ստեղծված իրավիճակում հստակություններ մտցվեն։

«Հրապարակի» հետ զրույցում Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը նշեց, որ իր գլխավորած ակումբի ֆուտբոլիստները ևս անհատական ծրագրով են մարզվում։

«Մարզվում են նորմալ։ Ամեն անգամ ֆուտբոլիստներին շաբաթվա ցիկլ ենք տալիս, ամեն մեկն ինդիվիդուալ պարապմունքն է անցկացնում տանը։ Բայց մենք տեղյակ ենք նաև, որ պարետը օրվա համար մեկ ժամ մարզվելու հնարավորություն է տվել, էդ պարապմունքն էլ, ամեն մեկն իր համար անպայման անում է»,- ասաց Պետրոսյանը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս մեծ թվով լեգիոներներ։ Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև թե ինչպես են իրավիճակին արձագանքում թիմի արտասահմանցի խաղացողները,  իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնել են, թե ոչ։

«Չէ, մեր լեգիոներներից ոչ մեկն էլ չի գնացել, բոլորն էլ այստեղ են, որովհետև մեր ակումբի լեգիոներները հիմնականում շատ հեռու են ապրում։ Բոլորը իրենց բնակարաններում են այնպես, ինչպես հայ ֆուտբոլիստները»,-ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով մարզչական շտաբի, ֆուտբոլիստների աշխատավարձի վերաբերյալ հարցին, Պետրոսյանը ասաց, որ դեռևս աշխատավարձի մասով կրճատում չկա, սակայն չբացառեց, որ կարող է լինել , եթե իրավիճակը շարունակի ընթանալ այսպես։

«Համենայն դեպս էդ մասով մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է հետագայից, էդ հարցով ղեկավարությունն է»,- նշեց կապանյան ակումբի մարզիչը։

Պետրոսանը հավելեց, որ հոգեբանական առումով դժվարին իրավիճակ է ստեղծվել։
«Ես ինքս էլ եմ ֆուտբոլիստ եղել, շատ լավ հասկանում եմ, իհարկե դժվար է, առհասարակ ամբողջ մարդկության համար է դժվար։ Հասկանում ենք, որ շատ դժվար է լինելու, բայց հիմա պետք է ֆուտբոլիստները այդ մարզումները անեն, հետո արդեն պետք է սկսեն հունի մեջ մտնել։ Պարապմունքները իհարկե չենք վերահսկում, մենք իրենց վստահում ենք։ Եթե գնանք սկսենք հսկել, նշանակում է պարետի որոշումը խախտում ենք»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 33 միավորով միանձնյա գլխավորում է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ը 31 միավորով երկրորդն է, իսկ «Լոռի»-ն 29 միավորով՝ երրորդը: