Ռուսաստանն անհանգստացա՞ծ է

Ռուսաստանն անհանգստացա՞ծ է

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարել է համարել ավելի վաղ Դուշանբեում եւ Սանկտ-Պետերբորգում նրանց շփումների շարունակությունը:

Նա նաեւ ավելացրել է, որ այդ հանդիպումը կազմակերպվել է Համաշխարհային տնտեսական խորհրդաժողովի նախագահ Բորգե Բրենդենի նախաձեռնությամբ: Նախորդ երկու հանդիպումներն, ինչպես հայտնի է, կայացել էին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում՝ այսպես ասած ոտքի վրա: Դավոսում Փաշինյան-Ալիեւ երկխոսությունը տեւել է շուրջ մեկուկես ժամ: Եւ դա հազիվ թե եղել է ճանաչողական հանդիպում: Այդ մասին բավական ընդարձակ վերլուծություն է հրապարակել ռուսաստանյան Regnum-ը՝ բացահայտորեն նկատել տալով, որ քննարկումների ներկայիս փուլն անցնում է Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, մեկնաբանն ընդգծել է, որ բանակցություններին Ստեփանակերտի ներգրավման թեման չի քննարկվում արդեն նույնիսկ Երեւանի կողմից: Ամփոփելով դիտարկումները, ռուս մեկնաբանն արել է հետեւյալ ընդհանրացումը. «Իսկ ու՞ր է շտապում Երեւանը: Երկրի նախորդ ղեկավարությունը կասկածի տակ չէր դնում Ռուսաստանի հետ դաշինքային քաղաքականությունը, Հայաստանի նոր ղեկավարությունը տարուբերվում է՝ համարելով, որ Լեռնային Ղարաբաղն իր համար աքիլեսյան գարշապարն է, որն անհրաժեշտ է բուժել, բայց այնպես, որպեսզի երկրի ներսում չառաջանա հանրային կտրուկ զայրույթ: Ալիեւը, որպես բավական խելացի եւ փորձառու քաղաքական գործիչ, ամեն ինչ հասկանում է եւ դրա համար պետք է ենթադրել, նա կօգտագործի քայլ առ քայլ դիվանագիտության հնարքները՝ իրավիճակը հասցնելով մի պահի, երբ Երեւանի համար հետնահանջը հնարավոր չի լինի: Ալիեւը Փաշինյանի հետ լուրջ խաղ է սկսել եւ առայժմ այն հաջող է տանում: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»:

Նույն հեղինակն արդեն հայաստանյան լրատվամիջոցի համար մեկնաբանության մեջ ավելի է սրել ինտրիգը եւ հայտարարել, որ հունիսին Փաշինյանը եւ Ալիեւը համաձայնագիր կստորագրեն, հայկական կողմը կզիջի մի քանի շրջան:

Պետք է ուշադրություն դարձնել, որ Դավոսում լրագրողների հետ շփվելով՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ չի քննարկվում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության, նույնիսկ այդ կառույցում դիտորդի կարգավիճակի հարցը, ինչից ադրբեջանցի քաղաքագետը եկել է եզրահանգման, որ Դավոսում վերջնականապես թաղվել է ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված Լավրովի պլանը:

Ադրբեջանում, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով եւ առհասարակ անկախ փորձագիտական գնահատականներ չեն հրապարակվում, ամեն ինչ համաձայնեցվում է նախագահի աշխատակազմի կամ ԱԳՆ համապատասխան կառույցների հետ: Եւ եթե հրապարակ է բերվել ԼՂ կարգավորման ռուսաստանյան նախագիծից վերջնականապես հրաժարվելու գաղափարը, ապա ռուսական փորձագիտական հանրության ոչ երկրորդական ներկայացուցչի վերոբերյալ դիտարկումները կարելի է գնահատել ԼՂ կարգավորման շուրջ զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի անհանգստության դրսեւորում:

Ըստ երեւույթին, Ադրբեջանը, ձգտելով պահպանել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագորխակցությունը, ինչի մասին Դավոսում հայտարարել է Իլհամ Ալիեւը, միաժամանակ մերժում է հակամարտության գոտում ՀԱՊԿ կամ ավելի ճիշտ՝ ռուսաստանյան խաղաղապահների տեղաբաշխման հեռանկարը: Regnum-ի մեկնաբանի այն դիտարկումը, թե Հայաստանի նախորդ իշխանությունները գործում էին Ռուսաստանի հետ դաշինքով, իսկ նորերը տարուբերվում են, հստակ երեւակում է Մոսկվայի անհանգստությունն առ այն, որ կողմերը կարող են որոշակի համաձայնությունների գալ այլ միջնորդների հովանու ներքո, որը, ինչպես հիշյալ մեկնաբանության հեղինակն է կանխատեսում, իրավիճակ կարող է փոխել Հարավային Կովկասում եւ առհասարակ Մերձավոր Արեւելքում: Այս համատեքստում չափազանց զգացմունքային են հայրենական լրագրողա-փորձագիտական հանրության՝ Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն արձագանքները: Խնդիրը հասարակացվում է «հող տալ-չտալու» երկընտրանքի մակարդակի, նույնիսկ հնչում են միջազգային ատյաններում, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ հարաբերություններում ոչ միայն ունեցածը պաշտպանելու, այլեւ պատմականորեն կորցրածը վերադարձնելու հաստատակամության կոչեր:

Մինչդեռ իրականություն է, որ ղարաբաղյան կարգավորման թեման միջազգայնանում է եւ այս պայմաններում դիվանագիտական հմտություն, քաղաքական կամք եւ հանրային մեծ կոնսոլիդացիա է պետք, որպեսզի հանգամանքների ցանկացած դասավորության դեպքում հայկական կողմն ունենա ապագան երաշխավորող ձեռքբերումներ: Մանավանդ որ գրեթե ակնհայտ է, որ զարգացումները տորպեդահարելու փորձեր արվելու են: Ներառյալ՝ շփման գծում մեծ կամ փոքր սադրանքները: